Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Written by

in


Հասարակություն





Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր: Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։

Համաժողովը մեկ հարթակում միավորելու է բիզնես առաջնորդներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին և նորարարներին՝  նպաստելու նոր գործարար համագործակցությունների ձևավորմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, խորքային և զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ-բրիտանական գործարար համագործակցության նոր հնարավորությունները։

Միջազգային փորձի, գաղափարների և կապերի փոխանակումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար, իսկ Ucom-ն ունի անհրաժեշտ ներուժը՝ դառնալու միջազգային աճի տեխնոլոգիական գործընկեր՝ հիմնվելով տվյալների փոխանցման ընդլայնվող կարողությունների, զարգացած կապի ենթակառուցվածքի և ընդլայնվող թվային լուծումների վրա։ Սա հնարավորություն է տալիս ընկերությանը հուսալի և բարձրորակ ծառայություններով աջակցել արհեստական բանականության և տեխնոլոգիական արագ զարգացման արդյունքում ձևավորվող նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարևոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այսպիսի նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Ուրախ ենք, որ Ucom-ի նման գործընկերները միանում են համաժողովի գաղափարին՝ աջակցելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորմանը», – նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ «Դվին» մյուզիք-հոլում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակիցներ, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, և 25-ից ավելի խոսնակներ։ Միջոցառումը կազմակերպվում է Oxford Alumni Business Club of Armenia-ի կողմից։ 



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *