Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։
Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական եւ դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաեւ պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։
Լուսանկարը` «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»
Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տեւած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջեւ։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական եւ պատմական արժեքի, ինչպես նաեւ նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։
Լուսանկարը` «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»
Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։
Լուսանկարը` «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»
«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարեւոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից եւ կենսունակ միջավայր բնակիչների եւ այցելուների համար», – նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
Լուսանկարը` «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»
Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան $ 150 մլն ներդրում»։
Leave a Reply