«Կարեւոր չէ՝ որքան կապրես, առավել կարեւոր է՝ ինչպես». Միսաք Մանուշյանի այս խոսքերով Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ճանապարհեց իր այս տարվա շրջանավարտներին:
Մանուշյանի անունը կրող հոսքի երիտասարդները համալսարանից հեռացան մի քանի առանցքային պատգամով՝ շարունակել սովորել, չվախենալ փոփոխություններից, չհրաժարվել անկեղծ համոզմունքներից եւ ստացած գիտելիքը ծառայեցնել ոչ միայն սեփական, այլեւ՝ Հայաստանի զարգացմանը։
Լուսանկարը` ՀՖՀՀ
Մեդիամաքսը ներկա է եղել դիպլոմների հանձնման արարողությանը՝ առանձնացնելով առավել հետաքրքիր դրվագները:
«Երբեք չհրաժարվեք ձեր համոզմունքներից, եթե դրանք հիմնված են արժեքների վրա, որոնց անկեղծորեն հավատում եք»
Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Այսօր հավաքվել ենք՝ նշելու ձեր ուսումնառության հաջող ավարտը, բայց նաեւ արժեւորելու ճանապարհը, որն անցել եք՝ աշխատանքի, հաղթահարած խոչընդոտների, երբեմն՝ վարանումների, ինչպես նաեւ` հանդիպումների ու բացահայտումների տարիները:
Հարմարվելու կարողությունը հատկապես կարեւոր է ձեզ սպասող արագ փոփոխվող աշխարհում: Տեխնոլոգիական հեղափոխությունն ու արհեստական բանականության աննախադեպ զարգացումը խորապես փոխում են մեր հասարակություններն ու մասնագիտությունները: Ընկերություններին, հաստատություններին եւ հասարակություններին անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ են հասկանալ այս փոփոխությունները, նպաստել դրանց հաղթահարմանը, երբեմն նաեւ՝ կանխատեսել դրանք: Բայց նրանց հատկապես անհրաժեշտ են կանայք եւ տղամարդիկ, որոնք այս բոլոր փոփոխությունների հորձանուտում կկարողանան պահպանել այն, ինչին չի կարող փոխարինել ոչ մի տեխնոլոգիա. տրամաբանելու ունակությունը, պատասխանատվությունը, ստեղծարարությունն ու համերաշխությունը:
Սալվա Նակուզին
Լուսանկարը` ՀՖՀՀ
Պատահական չէ, որ շրջանավարտների ձեր սերունդն այսօր կրում է Միսաք Մանուշյանի անունը: Այն մեզ տանում է դեպի մի յուրատիպ պատմություն՝ քաջության, նվիրումի եւ դիմադրության:
Միսաք Մանուշյանը հայկական ծագումով մարդ էր, որը որոշեց Ֆրանսիայում պայքարել գաղափարի համար, որը վեր էր իր անձնական շահից: Նրա անցած ճանապարհը հիշեցնում է, որ մեր ինքնությունը կարող է բազմաշերտ լինել, որ մեր պատմությունները կարող են անցնել սահմաններից այնկողմ, եւ նվիրումն ու պատասխանատվությունը կարող են մարդու կյանքին տալ այնպիսի իմաստ, որը դուրս է անձնականի սահմաններից: Նրա անունը խորհրդանշում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված առանձնահատուկ ամուր կապը:
Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուսումնառության այս փուլն ավարտվում է, սակայն սովորելու եւ զարգանալու ճանապարհը պետք է շարունակվի ամբողջ կյանքի ընթացքում:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Դուք կհանդիպեք իրավիճակների, որոնց պատրաստի լուծումները ձեզ ոչ ոք չի սովորեցրել: Ստիպված կլինեք որոշումներ կայացնել: Պետք է գիտակցեք, որ երբեմն լուծումը կարող է անմիջապես չգտնվել: Դուք աշխատելու եք մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ պես չմտածել, ունենալ այլ մշակույթ, այլ պատմություն եւ այլ կենսափորձ: Եվ հենց այդ պահերին է, որ լայնախոհությունը, ճկունությունն ու երկխոսելու կարողությունը դառնում են ձեր ամենամեծ ուժը: Ուստի կոչ եմ անում պահպանել ձեր հետաքրքրասիրությունը: Շարունակել սովորել: Համարձակ լինել:
Նախաձեռնել: Երբեմն նաեւ սխալվել, որովհետեւ սխալներն էլ կարող են դառնալ սովորելու եւ առաջ շարժվելու հնարավորություն: Եվ ամենակարեւորը՝ երբեք չհրաժարվեք ձեր համոզմունքներից, եթե դրանք հիմնված են արժեքների վրա, որոնց անկեղծորեն եւ խորապես հավատում եք:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Այսօր մենք պետք է հիշենք նրանց, ովքեր ձեզ օգնել են հասնել այս օրվան:
Ձեր յուրաքանչյուր դիպլոմի հետեւում կանգնած են դասախոսները, վարչական անձնակազմը, տարբեր հաստատություններն ու գործընկերները եւ, իհարկե, ձեր ընտանիքները: Մեր ամբողջ համայնքի անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում մեր ակադեմիական գործընկերներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադիր՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանին եւ Թուլուզի համալսարանին: Նաեւ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններին, նաեւ՝ հանրային եւ մասնավոր հատվածի գործընկերներին: Մենք հաճախ օգտագործում ենք «հովանավոր» բառը, սակայն նրանք շատ ավելին են: Նրանք ձեր կրթության գործում կարեւոր ներդրում ունեցող աջակիցներն են: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա արարողության գլխավոր հովանավոր «Ինեկոբանկին» եւ հովանավոր «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին՝ երկար տարիների հավատարիմ գործընկերության համար:
«Ձեր գիտելիքն ու փորձը պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը»
Քրիստիա Թաթարյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեր բարձրագույն կրթության համակարգի կարեւոր դերակատարներից է: Դրա կրթական մոդելը միավորում է մասնագիտական խորը գիտելիքը, բազմալեզու միջավայրը եւ եվրոպական արժեքները՝ ստեղծելով հնարավորություններ ինչպես անհատի, այնպես էլ՝ պետության զարգացման համար: Հայաստանի ապագան մեծապես կախված է այն մարդկային ներուժից, որը ձեւավորվում է բուհերում:
Քրիստիա Թաթարյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ունեն բարձր պատրաստվածություն, քննադատական մտածողություն, նախաձեռնողականություն եւ պատասխանատվություն: Դուք հենց այս սերնդի ներկայացուցիչներ եք եւ ՀՖՀՀ-ում ստացած գիտելիքը պետք է հիմք լինի շարունակական զարգացման համար:
Խորհրդանշական է, որ այս տարվա շրջանավարտների հոսքը կրում է Միսաք Մանուշյանի անունը, որը կապված է ազատության, հայրենիքի նկատմամբ նվիրման հետ:
Անկախ նրանից՝ որտեղ եք աշխատելու կամ շարունակելու կրթությունը, ձեր գիտելիքն ու փորձը պետք է ծառայեն նաեւ Հայաստանի զարգացմանը:
«Ձեր ստացած արդիական կրթության շնորհիվ դարձել եք այլ մարդիկ՝ ավելի ուժեղ եւ ինքնուրույն»
Ֆլորիան Էսկյուդիե, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան
Սիրելի շրջանավարտներ, դուք քրտնաջան եւ օրնիբուն աշխատել եք այստեղ հասնելու համար: Երբեմն անցել եք անքուն գիշերների, քննությունների տագնապի, երբեմն էլ՝ կասկածների ու հուսահատության միջով եւ դիմացել եք:
Դուք սովորել եք բարձրորակ կրթություն առաջարկող մի համալսարանում, որը հայտնի է որպես Հայաստանի ամենապահանջկոտ բուհերից մեկը: Ձեր ջանքերն այսօր պսակվում են կրկնակի՝ հայկական եւ ֆրանսիական դիպլոմներով: Ֆրանսիական դիպլոմները շնորհվում են երկու խոշորագույն համալսարանների կողմից, որոնք ունեն հաստատուն հեղինակություն թե՛ Ֆրանսիայում, թե՛ միջազգային ասպարեզում. դրանք են Լիոնի Ժան Մուլեն եւ Թուլուզի համալսարանները: Այս կրկնակի դիպլոմը նախեւառաջ ձեր հաջողության բանալին է աշխատաշուկայում, քանի որ այն վստահության երաշխիք է գործատուների համար: Եվ պատահական չէ, որ շատերն են ընտրում հենց Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին: Հենց սա է թույլ տալիս ՀՖՀՀ-ին արձանագրել աշխատանքի տեղավորման տպավորիչ ցուցանիշ. շրջանավարտների շուրջ 97%-ը աշխատանք է գտնում համալսարանն ավարտելուն պես:
Ֆլորիան Էսկյուդիեն
Լուսանկարը` ՀՖՀՀ
Ձեր հաջողությունը, կրկնում եմ, նախեւառաջ ձեր աշխատանքի պտուղն է: Բայց ուզում եմ ողջունել նաեւ ձեր ընտանիքներին, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում նրանք աջակցել են ձեզ՝ հաճախ գնալով զոհողությունների, որպեսզի կարողանան թիկունք կանգնել ձեզ: Սիրելի՛ ծնողներ, դուք ՀՖՀՀ-ին եք վստահել ձեր ամենաթանկ էակներին: Այսօր ձեր ներկայությունը ձեր զավակների կողքին փաստում է՝ ընտրությունը լիովին արդարացված էր:
Սիրելի շրջանավարտներ, ընկերություններում եւ հաստատություններում, որտեղ աշխատելու եք, դուք լինելու եք ՀՖՀՀ-ի դեսպանները: Դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է, հավատացեք ես դա լավ գիտեմ: Դուք դառնալու եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հենասյուներն այնպիսի ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայի եւ Հայաստանի կապերն առավել քան երբեւէ ամուր են, սա միաժամանակ մեծ հնարավորություն է եւ պատասխանատվություն: ՀՖՀՀ-ում դուք ձեռք եք բերել գիտելիք, զարգացրել հմտություններ: Բայց, առավել քան դա, ձեր ստացած արդիական կրթության շնորհիվ դարձել եք այլ մարդիկ՝ ավելի ուժեղ եւ ինքնուրույն: Դուք զինված եք ձեզ սպասող բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար: Այնպես որ, կարող եք մուտք գործել ձեր նոր կյանք վստահությամբ եւ ոգեւորությամբ:
«Մարդկության հանդեպ անսահման սեր ունենանք եւ պաշտպանենք այն»
Ժիլ Բոննե, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ
Սիրելի շրջանավարտներ, ձեզ հղում եմ ամենաջերմ շնորհավորանքներն անձամբ իմ եւ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի անունից, որը ղեկավարելու պատիվն ունեմ: Այս համալսարանն ուղղակիորեն մասնակցել է ՀՖՀՀ-ի հիմնադրմանը: 2000 թվականից ի վեր ինչպիսի ճանապարհ ենք անցել՝ շնորհիվ մեր երկու համալսարանների, ապա նաեւ՝ Թուլուզի համալսարանի, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու համապատասխան նախարարությունների միջեւ ծավալված սերտ համագործակցության:
Լիոն 3 համալսարանն իր գործընկերություններով եւ ապակենտրոնացված ծրագրերով ներկայացված է աշխարհի շուրջ 170 երկրում: Սակայն այն կապը, որն ունենք ձեզ հետ՝ հարգելի դասախոսներ, հետազոտողներ, ՀՖՀՀ-ի սիրելի ուսանողներ, առանձնահատուկ է: Հենց այստեղ է, որ մենք կրթում ենք միջազգային ուսանողների մեր ամենամեծ համակազմը՝ ապակենտրոնացված ծրագրերում ընդգրկված 1448 ուսանողով:
Ժիլ Բոննեն
Լուսանկարը` ՀՖՀՀ
Լիոնի տարածաշրջանը, ինչպես գիտեք, Ցեղասպանությունից հետո հյուրընկալ ափ դարձավ հայերի համար: Հայկական մշակույթն ու լեզուն այնտեղ վառ են պահվում:
Շրջանավարտների ձեր հոսքը կրում է Միսաք Մանուշյանի անունը՝ «Կարմիր պաստառի» հերոսի, ում դերը Դիմադրության շարժման մեջ նրան իր տիկնոջ՝ Մելինեի հետ միասին տարավ դեպի Պանթեոն:
Սա եւս շատ խորհրդանշական է մեզ համար, քանի որ Պանթեոնում է ամփոփված նաեւ Ժան Մուլենը, ում անունը պատվով կրում է մեր համալսարանը: Միսաք Մանուշյանը թողել է նաեւ գրական ժառանգություն: Իր «Հայելին եւ ես» բանաստեղծության մեջ նա իրեն նկարագրում էր որպես «մարդկության հանդեպ անսահման սիրով» լցված անձ: Մեր այս անհանգիստ ժամանակներում, սիրելի՛ շրջանավարտներ, եկեք միասին ունենանք «մարդկության հանդեպ այդ անսահման սերը» եւ պաշտպանենք այն:
«Հույս ունեմ, որ ՀՖՀՀ-ում անցած ուղին կօգնի իրականացնել ձեր երազանքները»
Ալեն Կրուզիլ, ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան, Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ
Շատ ուրախ եմ մասնակցել Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի դիպլոմների շնորհման արարողությանը: 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի մահապատժից 80 տարի անց, Միսաք եւ Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը Ֆրանսիայի Պանթեոնում հարգանքի տուրք էր նրանց արիությանը եւ Ֆրանսիական Հանրապետության երախտագիտության խորհրդանիշը:
Արհավիրքին հանդիման՝ արվեստը պայքարում է մոռացության դեմ: Ինձ համար մեծ պատիվ կլիներ լինել «Միսաք Մանուշյան» հոսքի շրջանավարտ: Վստահ եմ, սիրելի՛ շրջանավարտներ, որ դուք նույնպես հպարտ եք դրանով:
Ալեն Կրուզիլը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Դիպլոմ ստանալով՝ ձեր ուսումնառությունը չի ավարտվում: Այն ամուր հիմքերի, հետաքրքրասիրության եւ մտահորիզոնի շնորհիվ, որ ձեզ տվել է ՀՖՀՀ-ն, դուք շարունակելու եք հարստացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները ձեր ողջ մասնագիտական կարիերայի ու կյանքի ընթացքում:
Դժվար է կանխատեսումներ անել նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, քանի որ առաջընթացն անհավանական արագ է, իսկ դրա հնարավոր հետեւանքները՝ անորոշ: Մենք չունենք որեւէ հստակություն, բացի մեկ բանից. հնարավորության դեպքում անհրաժեշտ է ունենալ որակավորման հնարավորինս բարձր մակարդակ:
«Միսաք Մանուշյան» հոսքի սիրելի շրջանավարտներ, ձեր հաջողությունը, որն այսօր տոնում ենք, ոգեշնչման աղբյուր է ձեզ, ՀՖՀՀ-ի ուսանողների եւ ողջ հայ երիտասարդության համար: Միսաք Մանուշյանն իր «Վերելք» բանաստեղծության մեջ գրել է. «Աներազ մարդիկ՝ մենակ ստրուկներ…»: Հույս ունեմ, որ ՀՖՀՀ-ում անցած ուղին կօգնի իրականացնել ձեր երազանքները:
«Շարունակեք փնտրել նոր գիտելիք՝ դառնալով փոփոխությունների առաջամարտիկ»
Հայկ Ստեփանյան, միջոցառման գլխավոր հովանավոր Ինեկոբանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Սիրեի շրջանավարտներ, այս տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել անգնահատելի արժեք՝ գիտելիք, որը ձեզ դարձնում է ավելի հզոր ու վստահ ապագայի հանդեպ: Այսօրվանից դուք պետք է պատրաստ լինեք կիրառել այն, չվախենալ մարտահրավերներից: Միաժամանակ, կարեւորագույն որակը, որ պետք է տանեք ձեզ հետ համալսարանից, սովորելու եւ ստեղծագործելու ցանկությունն է:
Հայկ Ստեփանյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Աշխարհը շատ արագ է փոխվում եւ նրանք, ովքեր շարունակում են հարցեր տալ, փնտրել նոր գիտելիք, կլինեն այդ փոփոխությունների առաջամարտիկները:
Ինեկոբանկում հավատում ենք, որ կրթված եւ նպատակասլաց երիտասարդությունը մեր երկրի ամենամեծ ներուժն է: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ հետեւողական ներդրումներ ենք իրականցնում տարբեր կրթական ծրագրերում:
Շնորհավորում եմ բոլորիդ ու հուսով եմ շատերիդ տեսնել «Ինեկո» թիմում:
Նորայր Մխիթարյան, միջոցառման հովանավոր «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն, Սոֆթկոնստրակտ ընկերության Խորհրդի անդամ, ՀՖՀՀ ՀԽ անդամ եւ շրջանավարտ
Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների հաջողության պատմություններն այսօր այնքան շատ են, այնքան բազմազան ու աշխարհագրորեն սփռված, որ դրանք հնարավոր չէ բացատրել պարզապես պատահականությամբ: Սա օրինաչափություն է, որի հետեւում մարդիկ են, որոնք տարիներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ Հայաստանում ստեղծելով որակյալ կրթական միջավայր:
Նորայր Մխիթարյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Այս մարդիկ մեր համալսարանի՝ ՀՖՀՀ-ի դասախոսներն են, ղեկավարներն ու ամբողջ թիմը: Որպես Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ՝ շնորհակալ եմ ձեզ:
Մեր ընկերությունների խումբը շարունակելու է աջակցել ՀՖՀՀ-ին, քանի որ համոզված ենք՝ առանց որակյալ կրթության եւ ուժեղ մասնագետների անհնար է ապահովել երկարաժամկետ հաջողություն:
«Յուրաքանչյուր դժվարություն վերածել աճի հնարավորության»
Հարություն Բաբայան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ
Մենք բոլորս այս օրվան հասել են տարբեր ուղիներով, իմը եւս հեշտ չի եղել: Մեր սերունդն անցել է տարբեր փորձությունների միջով. զինվորական ծառայությունը, պատերազմը, կորուտսների ու պատասխանատվության զգացումը փոխել են իմ աշխարհայացքը:
Հարություն Բաբայանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Բայց հենց այս փորձություններն են ինձ սովորեցրել ամենակարեւորը՝ չհանձնվել եւ հավատալ կրթության ուժին, որը փոխում է մարդուն, ձեւավորում նրա մտածելակերպն ու նպաստում հայրենիքի հզորացմանը: Այս գիտակցությամբ ես շարունակել եմ աշխատել, կրթվել եւ յուրաքանչյուր դժվարություն վերածել աճի հնարավորության: Հայաստանում ֆրանսիական համալսարանն այս տարիներին դարձավ ոչ միայն այն վայրը, որտեղ ես ոչ միայն մասնագիտական գիտելիք ձեռք բերեցի, այլեւ՝ վերագտա իմ ուժն ու հավատն ապագայի հանդեպ:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Որպես պատերազմի մասնակից՝ ունեցել եմ բազմաթիվ դժվարություններ, սակայն համալսարանի աշխատակիցների օգնությամբ հաղթահարել եմ դրանք ու վերադարձել ուսանողական կյանքին: Շնորհակալ եմ կողքիս լինելու, ինձ հավատալու ու աջակցելու համար:
Դիպլմոների հանձնման արարողության ընթացքում հատուկ մրցանակներ են հանձնվել ՀՖՀՀ լավագույն դասախոսներին եւ ուսանողներին:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply