Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումը՝ ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրել է, որ խոսքն ընդհանուր առմամբ 32.7 կմ ճանապարհահատվածների մասին է: Համապատասխան աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 4 միլիարդ 69 միլիոն դրամ:
Նրա փոխանցմամբ՝ ներառված հատվածներից 3.5 կմ-ը միջպետական, 9.6 կմ-ը՝ հանրապետական, իսկ 19.6 կմ-ը՝ մարզային ու տեղական նշանակության ճանապարհներ են: Վերջիններիս զգալի մասը տանում է դեպի դպրոցներ:
Որոշման շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել ճանապարհների հիմնանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև նախագծման, փորձաքննության, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները:
Աշխատանքները մասնավորապես ընդգրկում են Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ճանապարհի փլուզված հատվածը, Սպիտակ–Գյումրի, ինչպես նաև Այգեհովիտ–Վազաշեն–Պարավաքար–Այգեպար, Ջրաշեն–Նուբարաշեն, Գավառ–Նորատուս և Մեծ Մասրիկ–Կախակն ճանապարհահատվածները:
Խուդաթյանը հայտնել է նաև, որ Ենոքավան–Կարմիրգյուղ ճանապարհի շուրջ 66 կիլոմետրի վերակառուցման պայմանագրային արժեքը կազմում է 14.7 միլիարդ դրամ:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել միայն 2028 թվականի վերջին:
Leave a Reply