«Փաստ» օրաթերթը գրում է.
20-րդ դարի 20-ականների սկզբին ամերիկացի ձեռնարկատեր Բենջամին Ռասելը Ալաբամա նահանգի Ալեքսանդր Սիթի քաղաքում հիմնել էր ներքնազգեստի արտադրություն: Մի օր նրա որդին՝ Բեննին, որը համալսարանի ֆուտբոլային թիմի խաղացող էր, դժգոհում է, որ իրեն անհարմար և շոգ է զգում բրդյա սվիթերով (sweater) պարապելիս։ Հենց դրանից հետո էլ Բենջամինը մշակում է բամբակյա գործվածքից պատրաստված սվիթերի նոր մոդել, որը նրանք որոշեցին անվանել սվիթշըրթ։
Բենջամին Ռասելի այդ առաջին մարզաշապիկներն ունեին փոքրիկ շրջված եռանկյունի, որը կարված էր ինչպես առջևի, այնպես էլ հետևի մասում: Այն օձիքին տալիս էր անհրաժեշտ առաձգականություն, որպեսզի մարզիկը կարողանա արագ քաշել ու հանել մարզաշապիկը գլխի վրայով, ինչպես նաև այն ներծծում էր քրտինքը։ Այդ եռանկյունաձև ներդիրը նաև պաշտպանում էր մարզաշապիկը ձգվելուց՝ մի փոքր ձգելով պարանոցի գիծը, և թույլ էր տալիս, որ այն ավելի երկար պահպանի իր ներկայանալի տեսքը: Ներկայում դասական սվիթշըրթի այդ ֆունկցիոնալ դետալն այլևս պետք չէ։ Ժամանակակից արտադրողները հաճախ լրացուցիչ ներդիրներ չեն անում՝ սահմանափակվելով միայն առջևից V-աձև կարերով։ Եթե անգամ այդ եռանկյունին հանդիպում է սվիթշըրթների որոշ մոդելների վրա, ապա այն հանդիսանում է պարզապես դեկորատիվ տարր: Սկզբում սվիթշըրթը օգտագործվում էր բացառապես որպես սպորտային հագուստ, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ ամենօրյա հագուստի և նորաձևության տարր:
Ըստ էության, սվիթշըրթը (sweatshirt) սպորտային տրիկոտաժե վերնաշապիկ է առանց կայծակաճարմանդի ու ժանյակների, կլոր վզով, օձիքի վրա էլաստիկ տրիկոտաժով, ձեռքերին ու գոտկատեղի վրա՝ մանժետներով: Անունը ծագել է անգլերեն «sweater» (սվիթեր) և «shirt» (վերնաշապիկ, շապիկ) բառերի համակցությունից:
Սվիթշըրթը ցանկացած մարդու զգեստապահարանի տաք, հարմարավետ և հաճելի տարր է, որը միշտ պետք է ձեռքի տակ լինի: Բոլոր տարիքի կանայք և տղամարդիկ սվիթշըրթը կրում են որպես սվիթերի հարմարավետ փոխարինող ինչպես սպորտի ժամանակ, այնպես էլ առօրյայում՝ համադրելով այն ջինսի, տաբատի, շորտի, լեգինսների և վարտիքների հետ։ Սվիթշըրթների հետ կրելու հարմար կոշիկներն են կեդերը, դասական սպորտային կոշիկները և հաստ ներբաններով կոշիկները։
Հանրահայտ մի շարք ապրանքանիշներ պարբերաբար թողարկում են հագուստի նոր հավաքածուներ, որոնք, անշուշտ, ներառում են տարբեր պրինտներով և դիզայնով սվիթշըրթներ՝ ցանկացած ճաշակին հարիր:
Բավական երկար ժամանակ սվիթշըրթներն արտադրվում էին միայն ԱՄՆ-ում։ Այժմ դրանք արտադրվում են բազմաթիվ երկրներում, և խանութներն առաջարկում են դրանց հսկայական տեսականի:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply