Վերակառուցման նախագիծն առաջարկում է ԱԳՆ նախկին շենքը «կապել քաղաքի հետ»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման եւ հարմարեցման լրամշակված նախագիծը։

Նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ընկերությունը։

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում արվել են մի շարք մասնագիտական դիտարկումներ եւ առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել է։

 

«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատեւ քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարեւոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը եւ կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

 

Նա նշել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը եւ լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ 

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

Ժաննա Անդրեասյանն ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարեւորել է նաեւ Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Նա անդրադարձել է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել եւ ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաեւ այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- ասել է նախարարը։

 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է լրամշակված նախագիծը եւ նախորդ քննարկումների ընթացքում հնչած դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։

Լուսանկարը` ԿԳՄՍՆ

«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը եւ առաջընթացը չեն հակասում միմյանց»,- ասել է հեղինակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *