«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքում։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ո՞վ է Արաքս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանը և ի՞նչ ունեցվածք է նա հայտարարագրել։
Ղազար Ղազարյանը 2005-2008 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2008-2021 թվականներին եղել է Ջրարբի համայնքի ղեկավար։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի պաշտոնը պաշտոնապես ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Ի՞նչ ունեցվածք ունի նա
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանն ունեցել է 6 անշարժ գույք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, Արմավիրի մարզի Արաքս համայնքում գտնվող հողամասեր, Երևանի մեկ այլ բնակարան և Արմավիրի մարզի Ջրարբի բնակավայրում գտնվող հասարակական նշանակության շինություն։ Դրանցից մի մասը ձեռք է բերվել դեռևս 1992, 2001, 2010 և 2015 թվականներին։
2025 թվականի հունիսի 17-ին Ղազար Ղազարյանը ձեռք է բերել ևս երեք հողամաս՝ երկուսը Արմավիրի մարզի Արաքս համայնքում, մեկը՝ Երևանում։ Յուրաքանչյուրի ձեռքբերման արժեքը կազմել է 300 հազար դրամ, այսինքն՝ երեք հողամասերի համար ընդհանուր վճարել է 900 հազար դրամ։ Տարեվերջին նրա հայտարարագրում արդեն առկա է եղել 9 անշարժ գույք։
Ավտոմեքենաներ
Ղազար Ղազարյանի անունով հայտարարագրված է 2005 թվականի արտադրության VOLKSWAGEN բեռնատար-բեռնաուղևորատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թվականի մայիսի 19-ին, ինչպես նաև 2006 թվականի արտադրության TOYOTA մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականի մայիսի 4-ին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և որևէ տրանսպորտային միջոց չի օտարել։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբին Ղազար Ղազարյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 11 հազար 917 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Միաժամանակ նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 3 մլն դրամից տարեվերջին աճել են՝ հասնելով 3 մլն 500 հազար դրամի։
Եկամուտ
2025 թվականին Արաքսի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 19 մլն 926 հազար 416 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն դրամը ստացել է գյուղատնտեսական գործունեությունից՝ իր կողմից մշակված գյուղատնտեսական մշակաբույսերի և մրգերի պատահական գնորդներին վաճառելու արդյունքում։
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով Արմավիրի մարզի «Արաքսի համայնքապետարանի աշխատակազմից» ստացել է 5 մլն 496 հազար 416 դրամ։ Բացի այդ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկերի) տեսքով հայտարարագրել է 430 հազար դրամ։
Վարկեր
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղազար Ղազարյանի հայտարարագրում նշված է երկու վարկի մայր գումարի մնացորդ՝ համապատասխանաբար 350 հազար և 2 մլն 400 հազար դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 2 մլն 750 հազար դրամ։
Հայտարարագրում նշված է նաև, որ Ղազար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը տարվա ընթացքում ձեռք է բերել երեք հողամաս՝ ընդհանուր 900 հազար դրամով։ Տարեվերջին նա ունեցել է 9 անշարժ գույք, երկու ավտոմեքենա և 3 մլն 500 հազար դրամ կանխիկ միջոց։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 19 մլն 926 հազար 416 դրամ, իսկ վարկերի մայր գումարի մնացորդը՝ 2 մլն 750 հազար դրամ»։
դիտվել է 104 անգամ
Leave a Reply