Գրասենյակ։ Համակարգիչ։ Ծխախոտ։ Լոգարան։ Փողոց։ Մարդիկ, որոնք շտապում են իրենց գործերով։ Երեւում է սովորական օր, մինչեւ սկսում ես հասկանալ. ամեն ինչ շարժման մեջ է, բացի նրանից։ Նրա օրը չի սկսվում ու չի ավարտվում. այն պարզապես անվերջ կրկնվում է։
Կադր «Հերոստրատ» ֆիլմից
Լուսանկարը` Մեդիամաքս
Արթուր Նազարեթյանի «Հերոստրատը» հենց այդ պահից է սկսվում։ Երբ մարդը շարունակում է ապրել մեխանիկորեն, բայց ներսում արդեն խզվել է աշխարհի հետ վերջին կապը։ Այդ խզումը ֆիլմում երբեք բարձրաձայն չի բացատրվում։ Այն արտահայտվում է հայացքով, լռությամբ, կրկնվող գործողություններով, կիսադատարկ տարածքներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժան-Պոլ Սարտրի համանուն պատմվածքից ոգեշնչված ֆիլմը, սակայն, գրական էկրանավորում չէ։ Ավելին՝ ֆիլմի հեղինակն ասում է՝ եթե պարզապես նկարեի Սարտրին, կինո չէր ստացվի։
Արթուր Նազարեթյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրականությունը բառի արվեստ է, կինոն՝ պատկերի։ «Հերոստրատը» գրեթե ամբողջությամբ ներքին մենախոսություն է` առաջին դեմքից շարադրված, եթե այն տեղափոխեինք էկրան, չէր աշխատի»,- ասում է Արթուր Նազարեթյանը։
Մի գիրք, որ երկար ժամանակ չէր փակվում
Տասնհինգ տարեկան էր, երբ ընտանիքով հանգստի մեկնելուց առաջ մտավ գրախանութ ու վերցրեց Սարտրի «Պատը»։ Ասում է՝ պարզապես ուզում էր արձակուրդի ժամանակ կարդալու գիրք ունենալ։
Ժողովածուի առաջին պատմվածքը՝ «Հերոստրատը», տարիներով մնաց իր հետ։ Ոչ թե ցնցող սյուժեի պատճառով, այլ որովհետեւ պարզ էր։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սարտրի մեջ ինձ միշտ դուր է եկել, որ նա շատ ուղիղ է գրում։ Նրա գաղափարները կարելի է չընդունել, բայց նա երբեք չի թաքցնում, թե ինչի մասին է խոսում»,- ասում է Նազարեթյանը։
Տարիներ անց այդ պատմվածքին նորից վերադարձավ։ Այս անգամ արդեն ոչ թե որպես ընթերցանություն, այլ որպես սցենարի առաջին ազդակ։ 2022 թվականին գրվեց «Հերոստրատի» առաջին տարբերակը։ Այսօրվա ֆիլմի հետ այն գրեթե ոչ մի ընդհանրություն չունի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նազարեթյանը հիշում է, որ իր դասախոսներից Էդուարդ Զաքարյանն է առաջին խորհուրդը տվել՝ չշտապել ֆիլմը հենց հիմա նկարահանել։
«Այդ ժամանակ շատ էի նեղվել։ Ինձ թվում էր՝ արդեն պատրաստ եմ։ Հետո հասկացա՝ ճիշտ էր։ Ֆիլմն ինքը դեռ պատրաստ չէր»,- հիշում է ռեժիսորը։
Այդ սպասումը, ասում է միայն օգուտ տվեց։ Սցենարը հասունացավ իր հետ միասին։
Մարդ, որին պետք չէ դատել
Սարտրի հերոսը մարդկանց ատում է։ Նազարեթյանի հերոսը՝ Համլետը, նրանցից ավելի շուտ օտարված է։ Ռեժիսորի համար այս տարբերությունը սկզբունքային է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատմվածքում գլխավոր հերոսի գործողությունները ծնվում են գաղափարական մոլուցքից։ Ֆիլմում այդ ճանապարհը սկսվում է շատ ավելի անձնական կետից՝ կորստից։ Համլետը կորցրել է մի մարդու, որի շնորհիվ, թվում էր, հնարավոր էր կապ պահպանել աշխարհի հետ։ Այդ կապը կտրվում է, իսկ մնացած ամեն ինչ սկսում է կորցնել իմաստը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Չէինք ուզում, որ նա պարզապես հոգեբանական խնդիրներ ունեցող մարդ լիներ։ Կարեւոր էր, որ հանդիսատեսը հասկանա՝ ինչու է նա հասել այդ վիճակին։ Ոչ թե արդարացնի, այլ հասկանա», – ասում է Արթուր Նազարեթյանը։
Ֆիլմում հայտնվում է մի կերպար, որը Սարտրի պատմվածքում չկա։ Սիրելի աղջկա ներկայությունը, նույնիսկ բացակայության միջոցով, դառնում է ամբողջ պատմության առանցքը։ Եթե Սարտրի «Հերոստրատում» մարդատյացությունը գրեթե ինքնաբավ է, ապա ֆիլմում այն աճում է ցավից, որը հերոսը չի կարողանում կրել։
Վահե Վայանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ փոփոխությունն ամենաշատը զգացել է ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Վահե Վայանը։ Նրա համար Համլետը երբեք չի եղել «բացասական» կերպար։ Բայց խոստովանում է՝ առաջին հանդիպումն էլ հեշտ չի եղել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում սկսում ես նրան չսիրել։ Այդ մարդը քեզ վանում է։ Հետո փորձում ես հասկանալ, թե որտեղից է գալիս այդ ամենը։ Այդ պահին է սկսվում դերասանի աշխատանքը»,- ասում է Վահեն։
Կերպարի մասին խոսելիս՝ նա անընդհատ օգտագործում է նույն բառը՝ արդարացնել։ Ոչ թե արդարացնել նրա արարքները, այլ հասկանալ, թե ինչու է նա այդպիսին դարձել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եթե ես ինքս չհասկանամ այդ մարդուն, չեմ կարող խաղալ նրան»,- խոստովանում է Վահե Վայանը։
Դրա համար էլ փորձերի ընթացքում նա ոչ միայն սովորել է տեքստը, այլև փորձել է պատկերացնել Համլետի առօրյայի անգամ ամենափոքր մանրուքները։
Կադր «Հերոստրատ» ֆիլմից
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինքը նույնիսկ ուտելիս հաճույք չի ստանում։ Այնքան է լցված ներսից, որ նույնիսկ ամենապարզ գործողություններն են դառնում պայքար», – բացատրում է Վահեն։
Ֆիլմում Համլետը գրեթե անընդհատ լուռ է, բայց այդ լռությունը դատարկ չէ։ Վահե Վայանն ամեն տեսարանում փորձում էր պահել այն զգացողությունը, որ հերոսի ներսում խոսակցությունը երբեք չի դադարում։
«Նույնիսկ երբ նա ոչինչ չի ասում, ներսում անընդհատ ինչ-որ բան է ընթանում։ Եթե դա չլինի, կերպարը պարզապես կդառնա լուռ մարդ։ Իսկ նա լուռ չէ, նա փակված է»,- ասում է Վահեն։
Երբ դերասանը դառնում է համահեղինակ
Նազարեթյանն ու Վայանը իրար հետ արդեն մի քանի նախագծերում են աշխատել։ Երկուսն էլ դժվարանում են ասել, թե երբ է ձեւավորվել այն վստահությունը, որն այսօր իրենց աշխատանքը դարձնում է գրեթե անխոս։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վայանը խոստովանում է, որ նկարահանման հրավեր ընդունելուց առաջ միշտ նույն հարցն է տալիս. «Ֆիլմն ինչի՞ մասին է»։ Թվում է՝ պարզ հարց է։ Բայց, նրա խոսքով, հաճախ հենց այդ հարցի պատասխանն էլ ռեժիսորները չեն կարողանում ձեւակերպել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Եղել են մարդիկ, որոնց հարցրել եմ ու զգացել՝ իրենք էլ մինչեւ վերջ չեն հասկացել, թե ինչի մասին են նկարում»,- անկեղծանում է Վահեն։
Նազարեթյանի հետ այդ խնդիրն, ասում է, չի եղել։ Քննարկումները սկսվել են դեռ սցենարի փուլում, շարունակվել նկարահանման հրապարակում եւ ավարտվել միայն մոնտաժից հետո։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սակայն այդ համագործակցությունը սահմաններ ունի։ Վահե Վայանը երբեք չի փորձում զբաղեցնել ռեժիսորի տեղը։ Եթե Արթուրը ցանկանում է քննարկել սցենարը՝ քննարկում են։ Եթե ցանկանում է լսել դերասանի առաջարկը՝ լսում է․ «Ես էլ եմ ուզում ֆիլմեր նկարել։ Ու հենց դրա համար եմ հասկանում, որ ռեժիսորի տարածքը պետք է հարգել»,- ասում է դերասանը։
Նազարեթյանը նույն վստահությամբ է խոսում դերասանի մասին։ Նրա համար Համլետի կերպարն այսօր արդեն անհնար է պատկերացնել ուրիշ մեկի կատարմամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Վահեի մեջ կա մի ներքին էներգիա, որը պետք էր այս կերպարին։ Միաժամանակ խոցելի է ու վտանգավոր։ Այդ հակասությունն էր ինձ հետաքրքրում»,- ասում է Արթուր Նազարեթյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմում շատ տեսարաններ ծնվել են հենց նկարահանման հրապարակում՝ դերասանների առաջարկներից։ Ոչ թե սցենարը փոխելու, այլ այն կենդանի դարձնելու համար․ «Ես չեմ սիրում, երբ դերասանը պարզապես կատարող է։ Երբ բոլորը հասկանում են, թե ինչ ֆիլմ են ստեղծում, կինոն սկսում է շնչել»։
«Ես ուզում եմ, որ հանդիսատեսը հիշի՝ ֆիլմ է նայում»
Արթուր Նազարեթյանը խոսում է կինոյի մասին այնպես, ինչպես գրողները խոսում են լեզվի մասին։ Նրան հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչ է պատմում ֆիլմը, այլեւ՝ ինչպես է պատմում։
Այսօր շատ ռեժիսորներ փորձում են հնարավորինս մոտեցնել հանդիսատեսին հերոսին, ստիպել նույնականանալ նրա հետ, ապրել նրա զգացմունքները։
Նազարեթյանի համար, սակայն, այդ մոտեցումը երբեք առաջնային չի եղել․ «Ես ուզում եմ, որ մարդը չմոռանա՝ ֆիլմ է նայում»։
Առաջին հայացքից այդ միտքը կարող է հակասական թվալ։ Բայց նա այն բացատրում է կինոյի լեզվով։ Ֆիլմը, նրա համոզմամբ, պարզապես պատմություն պատմելու միջոց չէ։ Այն ինքնուրույն արվեստ է՝ իր գույնով, ձայնով, ռիթմով, կադրով։ Եվ երբ այդ լեզուն սկսում է աշխատել, հանդիսատեսը ոչ միայն հետեւում է հերոսին, այլ սկսում է զգալ հենց կինոն։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինձ համար կարեւոր է, որ ֆիլմն իր գույներով, ձայներով, տարածությամբ առանձին աշխարհ լինի։ Նույնիսկ եթե մարդը պատմությունը չընդունի, ուզում եմ, որ այդ աշխարհը նրա վրա ազդեցություն թողնի»,- բացատրում է Արթուրը։
Այս մտածողությունն է ձեւավորել նաեւ «Հերոստրատի» տեսողական լուծումները։ Սկզբնական մտահղացմամբ ֆիլմը պետք է ամբողջությամբ սեւ ու սպիտակ լիներ, սակայն վերջնական գունային լուծումը ձեւավորվեց հետարտադրության փուլում։
Կադր «Հերոստրատ» ֆիլմից
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ֆիլմի գունամշակող Տիգրան Աղաջանյանն առաջարկեց՝ քանի որ հերոսը գրող է, անընդհատ գրում է, եկեք ֆիլմը թանաքագույն դարձնենք։ Փաստացի, այն շարունակում է մնալ սեւ ու սպիտակ ֆիլմ, պարզապես սպիտակի փոխարեն կապույտն է եկել»։
Նույն գաղափարն է ընկած նաեւ ֆիլմի կադրային լուծումների հիմքում։ Նազարեթյանը սիրում է հեռավոր դիտակետեր, երկար պլաններ, կադրեր, որոնք ժամանակ են տալիս ոչ միայն հետեւելու գործողությանը, այլ նայելու։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սիրում եմ, երբ կադրը կարելի է կանգնեցնել ու որպես առանձին նկար դիտել»։
Հերոսի հետ որոշակի հեռավորություն պահպանելը, ասում է, երբեմն ավելի ազնիվ է, քան ամեն պահի նրա դեմքին մոտենալը։ Այդ մոտեցումը գալիս է ոչ միայն կինոյից, այլեւ գրականությունից։ Նազարեթյանն իրեն առաջին հերթին ընթերցող է համարում։ Ասում է՝ գրականությունն է սովորեցրել իրեն հետաքրքրվել ոչ թե իրադարձություններով, այլ մարդկանց ներքին սահմանային վիճակներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինձ միշտ հետաքրքրել են այն մարդիկ, որոնք ինչ-որ եզրագծի վրա են կանգնած։ Երբ թվում է՝ մի փոքր էլ, եւ նրանք այլեւս նույն մարդիկ չեն լինելու»։
«Հերոստրատի» Համլետն այդ սահմանին է ապրում գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքում։ Նա չի պատկանում ոչ անցյալին, ոչ ներկային։ Չի կարողանում վերադառնալ բնական կյանքին, բայց նաեւ չի գտնում այն կետը, որտեղից հնարավոր կլինի սկսել նորից։
Այդ պատճառով էլ Նազարեթյանը չի սիրում իր կինոն անվանել սոցիալական․ «Ես սոցիալական կինոյի մեծ երկրպագուն չեմ։ Իհարկե, կան թեմաներ, որոնց մասին պետք է խոսել, բայց ինձ համար ֆիլմը պետք է ապրի նաեւ այն ժամանակ, երբ այդ թեման այլեւս արդիական չի լինի»։
Նազարեթյանին հետաքրքրում է ոչ թե այն, ինչ տեղի է ունենում մարդու շուրջ, այլ այն, ինչ փլուզվում է նրա ներսում։ «Հերոստրատը» կորստի մասին ֆիլմ է, բայց կորուստն այստեղ միայն մեկնակետ է։ Բռնությունը ֆիլմում ոչ այնքան գործողություն է, որքան ներքին վիճակ։ Իսկ Սարտրը՝ ոչ թե վերջնակետ, այլ ելակետ. Ֆիլմը վաղուց դուրս է եկել նրա տեքստի սահմաններից։
«Ես ուզում եմ նվաճել կինո անելու իրավունքը»
Զրույցի ընթացքում Արթուր Նազարեթյանը մի քանի անգամ ասում է, որ արդեն մտածում է հաջորդ ֆիլմի մասին։ Խոսում է մեդիտատիվ կինոյի գաղափարից, բնությունից, լռությունից, մի ֆիլմից, որտեղ գուցե ընդհանրապես մարդիկ չլինեն։
Բայց ամեն անգամ խոսակցությունը նորից վերադառնում է նույն կետին՝ Հայաստանում կինո նկարելուն։ Նա չի բողոքում, չի ասում, որ պարզապես փող չկա կամ հնարավորություններ չկան։ Ավելի շուտ նկարագրում է մի զգացողություն, որն, ըստ իրեն, շատ երիտասարդ հեղինակների համար ծանոթ է։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես չեմ ուզում նվաճել հաջողությունը։ Ես ուզում եմ նվաճել կինո անելու իրավունքը», – ասում է Արթուր Նազարեթյանը։
Հայկական կինոյի մասին խոսելիս՝ Նազարեթյանը հաճախ օգտագործում է «փակ տարածք», «փոքր միջավայր» բառերը։ Մի պահ, ասում է, սկսում ես զգալ, որ պտտվում ես նույն սենյակում։ «Ֆորտոչկա ես ուզում բացել, բայց ֆորտոչկա չկա», – անկեղծանում է Արթուրը։
Հենց այդ պատճառով էլ Նազարեթյանի ֆիլմերում մարդիկ միշտ ինչ-որ սահմանագծի վրա են։ Նրանք փնտրում են մի ելք, որը դեռ չի երեւում։ Գուցե այսօր նույն սահմանագծի վրա է կանգնած նաեւ ինքը՝ որպես երիտասարդ ռեժիսոր։
Այդ «ֆորտոչկան», սակայն, ազատության մասին չէ։ Ավելի շուտ՝ այն զգացողության, երբ օդը չի հերիքում։ Հենց այդ զգացողությունից էլ ծնվեց «Հերոստրատը»՝ ոչ որպես ելքի խոստում, այլ որպես փակ տարածքի ճշգրիտ արձանագրում։
«Հերոստրատ» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին, ժամը 18:00-ին Կինոյի տանը։
Հարցազրույցի կազմակերպման համար հատուկ շնորհակալություն «ԼՈՖԹ»-ին՝ հյուրընկալության համար։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply