Իսլամաբադի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ISSI) Ռազմավարական հեռանկարների կենտրոնի (CSP) Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով փորձագետ Մուհամադ Թայմուր Ֆահադ Խանի Угрозы стабильности и безопасности на Южном Кавказе: взгляд из Пакистана հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):
Մուհամադ Թայմուր Ֆահադ Խան
Հարավային Կովկասը թեւակոխել է փաստացի խաղաղության փուլ, սակայն տարածաշրջանում անվտանգությունը դեռեւս հաստատված չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բեկումը ու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագրերը պատմական հնարավորություններ են բացում, սակայն չավարտված իրավական կարգավորումը, չլուծված սահմանային ու մարդասիրական հարցերը, մրցակցությունը տրանսպորտային միջանցքների նախագծերի միջեւ, Վրաստանի չկարգավորված հակամարտություններն ու հարեւան տարածաշրջաններում պատերազմների հետեւանքները տարածաշրջանային կարգը դարձնում են խոցելի: Պակիuտանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը, Հայաստանի հետ վերջերս հաստատված հարաբերությունները եւ Եվրասիական տնտեսական միության հետ զարգացող համագործակցությունը տեղի ունեցող իրադարձություններն առանձնահատուկ կարեւոր են դարձնում Իսլամաբադի համար:
Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերականգնումը 2023 թվականին ավարտեց տարածաշրջանում հակամարտությունների տեւական ցիկլի փուլերից մեկը: 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համատեղ հռչակագիրը հիմք դրեց ռազմական հակամարտությունից դեպի քաղաքական կարգավորում անցման բարդ նոր փուլին: Երկու պետությունների ղեկավարներն այժմ խաղաղությունն իրական են համարում: Սակայն համաձայնագրի պաշտոնական ստորագրման եւ վավերացման համար հետագա քայլեր են անհրաժեշտ: Տարածաշրջանը հայտնվել է տարօրինակ դրության մեջ. այստեղ դե ֆակտո խաղաղություն է տիրում՝ առանց ամբողջապես ձեւավորված խաղաղության օրակարգի։
Ամուր կարգավորումը չի կարող անվերջ հենվել միայն մտադրությունների համընկնման վրա ղեկավարության մակարդակով: Այն պահանջում է իրավական պարտավորություններ, դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սահմանների սահմանազատման եւ սահմանագծման շարունակություն, կապի հուսալի մեխանիզմներ եւ, ի վերջո, հանրային ընկալում ու ընդունում երկու երկրներում:
Երկրորդ ռիսկը թաքնված է տրանսպորտային փոխկապակցվածության աշխարհաքաղաքականության մեջ: Հաղորդակցությունների բացումն ունակ է Հարավային Կովկասը տարանջատված սահմանամերձ տարածաշրջանից վերածել հանգույցի՝ Եվրոպայի, Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ լայն իմաստով ասիական տնտեսության միջեւ: «Թրամփի երթուղին» (TRIPP) կոչված է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապել Նախիջեւանին եւ ամրապնդել Տրանսկասպյան երթուղին:
Հայաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մոհամմադ Իսհաք Դարը 2025թ. օգոստոսի 31-ին
Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ
Սակայն ենթակառուցվածքն ինքնաբերաբար խաղաղություն չի ապահովում: Միջանցքը, որն ընկալվում է որպես արտատարածքային, ռազմավարական առումով բացառիկ կամ հարեւան պետությունները շրջանցելու համար նախատեսված, փոխկախվածության փոխարեն կարող է անկայունություն ծնել: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպական Միությունը տարածաշրջանային երթուղիները դիտարկում են ռազմավարական տարբեր դիտանկյուններից: Լուծումը ոչ թե կապերի զարգացումը կանխելն է, այլ դրանք փոխլրացնող դարձնելը:
TRIPP-ը, հայկական «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, Միջին միջանցքը, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ցանցերը պետք է դիտարկել որպես փոխկապակցվածությունների փոխլրացնող համակարգի մասեր, այլ ոչ թե որպես միմյանց բացառող աշխարհաքաղաքական նախագծեր: Ինքնիշխանությունն ու փոխադարձությունը պետք է լինեն գործնական սկզբունքներ, այլ ոչ թե պարզապես դիվանագիտական հռետորաբանություն:
Երրորդ սպառնալիքն այն է, որ արտաքին մրցակցությունը կարող է զարգանալ ավելի արագ, քան տարածաշրջանային ինստիտուցիոնալ շինարարությունը: Ռուսաստանը լայնածավալ կապեր է պահպանում Հարավային Կովկասում, Թուրքիան Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է եւ անփոխարինելի մասնակից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Իրանն իր հյուսիսային սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես անվտանգության խնդիր: Վաշինգտոնն ու Բրյուսելն ընդլայնում են իրենց դիվանագիտական եւ տնտեսական դերը: Բազմակենտրոն տարածաշրջանը կարող է տեղավորել այս հարաբերությունները, բայց միայն այն դեպքում, եթե արտաքին միջամտությունը խրախուսի տեղական ինքնուրույնությունը, այլ ոչ թե դաշինքային կարգապահությունը: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունները եւս ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում կայունությունը չի հանգում միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին: Տարածաշրջանային կարգը, որը բացառում է վրացական անվտանգության խնդիրները կամ Թբիլիսիին կտրում է տարածաշրջանային ձեւաչափերից, անավարտ կմնա: Հետեւաբար, ճկուն մասնակցությունն ավելի իրատեսական է թվում, քան միասնական ճարտարապետություն պարտադրելու փորձը:
Պակիստանն այս բեկումնային գծերից հեռացած է միայն աշխարհագրորեն, բայց ոչ ռազմավարական առումով: Նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ վերաճել են ռազմավարական գործընկերության, որը հիմնված է քաղաքական համերաշխության եւ պաշտպանության, ներդրումների, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում ընդլայնվող համագործակցության վրա: 2025 թվականի մայիսին Լաչինում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Պակիuտան գագաթնաժողովում երեք երկրները համաձայնեցին խորացնել համագործակցությունն այս ոլորտներում եւ Պակիuտանն ավելի սերտորեն կապել եվրասիական տրանսպորտային նախաձեռնություններին:
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Պակիստանի առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին
Լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ
Միեւնույն ժամանակ, 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ռազմավարական կարեւոր ճշգրտում դարձավ Պակիuտանի համար: Համատեղ կոմյունիկեն նոր հնարավորություններ բացեց առեւտրի, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում՝ միաժամանակ հաստատելով ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները: Այս քայլը չպետք է ընկալվի որպես Ադրբեջանի հետ Պակիuտանի գործընկերության թուլացում: Այն արտացոլում է գիտակցումը, որ հետհակամարտային Հարավային Կովկասը պահանջում է փոխգործակցություն բոլոր ինքնիշխան պետությունների հետ: Երեւանի հետ ուղիղ շփումը Իսլամաբադին նաեւ ավելի հուսալի հիմք է տալիս տարածաշրջանում տիրող իրավիճակը գնահատելու համար, եւ նվազեցնում է հարավասիական ու կովկասյան մրցակցությունների մեխանիկական վերադրման ռիսկը:
Պակիuտանը պետք է իրական հետեւողական գործողություններ ձեռնարկի: Իսլամաբադը պետք է աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ձեւակերպմանն ու իրականացմանը, ներառյալ սահմանային մեխանիզմներն ու հաղորդակցությունները: Պակիստանը պետք է խորացնի տնտեսական եւ դիվանագիտական փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ վստահելի գործընկերություն պահպանելով Ադրբեջանի հետ:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply