2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Written by

in

ԱՊՀ մարզական խաղերը 2029 թվականին կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։

Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։

Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։

Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք-2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետության՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները՝ փոխանակվել փորձով, ինչպես նաև անդրադարձել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։

Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Դեռևս 2024 թվականին Գյումրին հռչակվել էր ԱՊՀ սպորտի մայրաքաղաք և հյուրընկալել ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

ԱՊՀ մարզական խաղերի նպատակներից են մասնակից պետությունների միջև մարզական կապերի ամրապնդումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրահռչակումը։ 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *