«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» ու «Երեւա, Երեւա, Երեւան». քաղաքն ու մարդիկ

Written by

in

2026թ. սեպտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Երկու գիրք Երեւանի մասին» քննարկումը։ 

 

«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գրքի հեղինակ Արա Թադեւոսյանն ու «Երեւա, Երեւա, Երեւան» գրքի հեղինակ Լուսինե Հովհաննիսյանը քննարկմանը ներկաների հետ կիսվեցին իրենց հիշողություններում ապրող եւ այսօրվա Երեւանի համադրություններով, քաղաքը տարբեր ժամանակներում ընկալելու փոփոխություններով ու իրենց գրքերում առկա ոչ ուղղակի զուգահեռներով։

 

Մանկության կարոտը՝ «Սովետ»-ի Երեւանում

 

Հեղինակների գրքերում առանձնահատուկ տեղ ունի իրենց մանկության ու պատանեկության Երեւանը, որը նրանց հիշողություններում մնացել է Խորհրդային միության տարիների քաղաքային կյանքի պատկերներով։ 

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ հաճախ, երբ մարդիկ հիշում են իրենց երջանիկ մանկությունը, որն անցել է Խորհրդային միության տարիներին, կարծրատիպ է ձեւավորվում, որ դրանով իբր «գովերգում» են սովետական կարգերը։ Այնինչ, կարծում եմ, բացատրությունը շատ ավելի պարզ է՝ մարդիկ կարոտում են իրենց մանկությունը, կապ չունի, թե դա որ ժամանակաշրջանում է եղել»,- ասել է Արա Թադեւոսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Հովհաննիսյանն էլ հիշել է, որ տարիներ առաջ իր գրքի շնորհանդեսին իր շատ մտերիմ մարդկանցից մեկն ասաց, թե գրքում «Սովետ եմ գովերգել», երբ պատմել եմ իմ մանկության տարիների մասին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն ինչ պատրաստ էի լսել, բացի դրանից (ծիծաղում է, հեղ․), քանի որ երբեք չեմ մտածել, որ այն գովերգող բան գրել։ Նաեւ չեմ հասկանում, թե ինչու չպետք է գովերգեմ այն կյանքը, որտեղ իմ մանկությունն էր եւ որն ինձ համար ամենալավն էր։ Ես սիրում եմ իմ կյանքի այդ մասը, որտեղ իմ ծնողները երիտասարդ էին, ես՝ երեխա։ Ես պատճառ չունեմ չսիրելու իմ մանկությունը», – ասել է Լուսինե Հովհաննիսյանը:

 

Ոչ ուղղակի համընկնումները գրքերում

 

«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գրքի հեղինակն ասում է, որ Լուսինե Հովհաննիսյանի գիրքը կարդալիս գտել է ոչ ուղղակի, բայց հետաքրքիր համընկումներ՝ Նաիրի կինոթատրոնի, Լեո-Պարոնյան խաչմերուկի եւ ծնողների հետ հարաբերությունների մասին հիշողությունների հետ կապված։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարծում եմ՝ սա շատ պարզ բացատրություն ունի։ Փոքր քաղաք է Երեւանը, եւ մենք նույն խավի երեխեք էինք, նմանություններ ունեինք։ Ի վերջո՝ մեր ընդհանուրը Երեւանն է»,- մեկնաբանել է Լուսինե Հովհաննիսյանը։

 

Նա նաեւ հիշել է այն տարիների «հակամարտող» դպրոցները, որտեղ իրենք էին սովորում.

Հովհաննես Ազնաուրյանը Հովհաննես Ազնաուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր դպրոցները հարեւան էին՝ Կրուպսկայայի (այսօր՝ Նիկոլ Աղբալյանի անվան) եւ Պուշկինի դպրոցները։ Մերը հայկական էր, ձերը՝ ռուսական։ Մի տեսակ նրանք մեզ վերեւից էին նայում, մենք մի քիչ ընկճվում էինք դրանից, եւ ինձ միշտ թվում էր, թե ռուսական դպրոցում սովորողները խնդիրներ չեն ունենում, տխուր չեն լինում, իրենց կյանքը այնքան հարթ է։ Եվ հանկարծ իր գրքում Արան ներկայացնում է դրվագներ, որոնք հակառակն են վկայում»։

 

Արա Թադեւոսյանի եւ Լուսինե Հովհաննիսյանի գրքերը մեկ ընդհանրություն էլ ունեն. երկու շապիկներին Արարատ Մինասյանի նկարներն են։

Արարատ Մինասյանը Արարատ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արարատի հետ հրաշալի աշխատել ենք միասին: Պատկերը, որ տեսնում եք շապիկին, առավոտյան ժամը 6-ին Բաղրամյանով մեր համատեղ զբոսանքի արդյունքներից է»,- պատմել է Արա Թադեւոսյանը։

 

Քաղաքի մարդկանց մասին հիշողությունը

 

Լուսինե Հովհաննիսյանը հիշում է Աբովյան 15-ի Լեզվի ինստիտուտի եռակամար մուտքը, այնտեղ աշխատած Հունաստանից հայրենադարձված Մեսրոպին, «Կաթողիկե»-ի մոտ մոմ ու արեւածաղկի յուրահատուկ սերմ վաճառող կնոջը, ինչպես նաեւ «Գրանատուս» թխվածքների խանութի բացման պատմությունը։ 

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տարիներ անց շենքերի մասին տեղեկություն գտնելը հնարավոր է, մինչդեռ քաղաքի առօրյան կազմող, բայց հանրայնորեն չճանաչված մարդկանց մասին հիշողությունները կարող են անհետանալ։ Արայի գրքում ինձ համար շատ սիրելի էր «Գրանատուսի» պատմությունը, թե ինչպես է բացվել շատերիս սիրելի թխվածքների խանութը»,- ասել է նա։

 

Գրքերի Երեւանի եւ այսօրվա Երեւանի հարաբերությունը

 

Լուսինե Հովհաննիսյանն արձանագրել է, որ իր մանկության Երեւանի եւ այսօրվա քաղաքի միջեւ կապը հաճախ դժվար է գտնել։ Փոխվել են ոչ միայն շենքերն, այլեւ քաղաքի մարդկանց հետ առօրյա շփումները։

Աշոտ Ոսկանյանը Աշոտ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս առումով լուրջ խնդիր ունեմ։ Ես ժամերով քայլում եմ Երեւանում ես ոչ մեկին չեմ հանդիպում, շատերը վաղուց Հայաստանում չեն ապրում։ Ինձ համար համարյա ամեն ինչ օտար է Երեւանում, նույնիսկ իմ դպրոցի դարպասը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսպիսի մի ցուցակ էի կազմել՝ չկա իմ մանկապարտեզը, ինստիտուտները, որտեղ ծնողներս են աշխատել, չկա իմ հայրական տունը, իմ ուսանողական պոլիկլինիկան, մեր հացի խանութը։ Բայց իմ այսօրվա Երեւանում կա Տիգրան Պասկեւիչյանը, ում փողոցում քայլելիս տեսնում ու ասում եմ՝ Երեւանը դեռ կա»։

Տիգրան Պասկեւիչյանը Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քննարկման ժամանակ Տիգրան Պասկեւիչյանը կարդաց 1996 թվականին գրված մի քանի բանաստեղծություն, որոնց գլխավոր հերոսներից Բաղրամյան պողոտան էր:

Արա Թադեւոսյանի դեպքում անցյալի հետ կապն ավելի պահպանված է թվում․ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարծում եմ, որ հենց Բաղրամյան պողոտայի գործոնը կապ ունի։ 50 տարի ապրում եմ Բաղրամյան պողոտայում, առաջին 40 տարին՝ Բաղրամյան 1-ում, հիմա՝ մի քանի կանգառ վերեւ։ Ուստի, իմ Երեւանը դեռ ինձ հետ է՝ բոլոր վերապահումներով հանդերձ»։

 

«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Մեդիամաքսի կայքում, «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրածանութներում եւ Գրողների միության հարեւանությամբ (Բաղրամյան 3) գործող գրքերի կրպակում:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *