Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ:Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը նշվում է Խաչվերացից 14 օր հետո:
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիողետիանոս (243-313թթ.) կայսեր հալածանքներից խուսափելով՝ Ս. Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան: Կույսերից Ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք:
Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:
653թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը:
Մարդասեր Աստված, Ով միշտ կատարում է Իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Այն ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է սուրբ Սեղանին, որի առաջ աղոթում էին ճգնավորները: Միաժամանակ խաչանիշ լույսից ձայն է լսվում. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:
Leave a Reply