«Ժպտացող հրետանավորը». «Տանջանքով ունեցանք, տանջանքով էլ գտանք»

Written by

in

2020 թվականի պատերազմը վավերագրած Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներից շատերը դարձել են խորհրդանիշներ՝ հույսի, պայքարի, ցավի: Դրանք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: 

 

«Երբ գնացել էինք իրենց մոտ, հանգիստ վիճակ էր։ Հետո կրակի հրաման տվեցին ու Կոլյան գնաց կրակելու, չհասցրի շփվել հետը, միայն լուսանկարել եմ։ Մի քանի լուսանկար արեցի ու տեսանյութ։ Կոլյայի լուսանկարը Արցախի Տեղեկատվական շտաբը տարածեց։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Հետո տեսա, որ մի աղջիկ կիսվել է լուսանկարով։ Գրեցի նրան, պարզվեց, Հասմիկն է, քույրը։ Այս լուսանկարը հետո դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդեսի գլխավոր լուսանկարը եւ կոչվեց «Պատերազմի աչքերը»», – պատմում է Դավիթը:

 

Կոլյա Նիկողոսյանի մայրը՝ Նելլին, դիմավորում է մեզ տան շեմին։ 

 

Տան վերանորոգումն անավարտ է.

 

«Տղես բանակից զանգում, հարցնում էր՝ ուր ենք հասել, տան վերանորոգումը ինչ փուլում է։ 44-օրյայից հետո կիսատ թողեցինք, առանց նրա չենք կարողանում շարունակել»։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Որդու սենյակում մահճակալ եւ զգեստապահարան չկա: Փոխարենը հիշատակի մեծ անկյունն է՝ Կոլյայի վերջին լուսանկարով, գրպանից գտած իրերով, հագուստներով. 

 

«Շորերից դեռ տղայիս հոտն է գալիս, չեմ կարողանում լվանալ։ Էս լուսանկարները վատ որակի են, բայց ուրիշը չունենք։ Պատերազմի օրերին շատ էր տարածվել իր ժպտացող լուսանկարը։ Բոլորն ասում էին՝ ժպտացող հրետանավորը տղեդ ա, պետք ա հպարտ լինես», – հիշում է տիկին Նելլին։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Կոլյան մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսեց պատերազմը։ Հրետանավոր էր, ծառայում էր «Մարտունի 3»-ում։ Ընտանիքի անդամները այսօր էլ հիշում են հեռախոսազանգերի բովանդակությունը. 

 

«Մինչեւ հոկտեմբերի 31-ը զանգում էր, ասում էր՝ հանգիստ եղեք, մենք ստեղ ծիտ ենք կրակում, ամեն բան լավ է»։ 

Տիկին Նելլին Տիկին Նելլին

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Վերջին անգամ ընտանիքը Կոլյայի հետ խոսել է հոկտեմբերի 31-ի երեկոյան, սովորականից ավելի երկար. 

 

«Երբ զանգեց, հողամասում էինք, ծառերն էինք էտում։ Բոլորից հետաքրքրվեց, ասեց, որ ամեն ինչ լավ է, շուտով ամեն բան ավարտվելու է։ Հետո երեք օր չէիք կարողանում կապվել տղայիս հետ։ Չգիտեինք, որ արդեն կորցրել ենք իրեն»։ 

 

«Երկու աղջիկ ունեինք, բայց հետո մոտ 10 տարի երեխա չէինք կարողանում ունենալ: Շատ էինք ուզում տղա ունենալ։ Երկար բուժումներից հետո Կոլյաս ծնվեց։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Կոլյայի ժպտացող լուսանկարը որ տեսա, էնքան հպարտ էի։ Ինքն էլ որ զանգում էր, հարցնում էր՝ լուսանկարը քանի՞ լայք է հավանել։ Շատ էր ուրախացել, որ Դավիթն իրեն լուսանկարել էր։ Ի՞նչ իմանայինք, որ իր վերջին լուսանկարն է լինելու»։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Կոլյան զոհվեց 2020թ. հոկտեմբերի 31-ի երեկոյան մարտական ընկերների հետ՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մեզ քիչ բան են պատմել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սկզբում գիտեինք, որ ոտքն է վիրավոր, հետո իմացանք, որ այրվել էր ամբողջությամբ», – դժվարությամբ արտաբերում է տիկին Նելլին: 

 

Ընտանիքը շուրջ 40 օր չէր կարողանում Կոլյայի մարմինը գտնել։ 

 

«Զոհվելուց հետո Կոլյայի անուն-ազգանունը կիսատ էին լրացրել։ Հետո գրել էին «անհայտ», մարմինը տեղափոխել էին Ստեփանակերտ, հետո՝ Գորիս: Գտանք միայն դեկտեմբերի 10-ին», – պատմում է քույրը։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Տիկին Նելլին թերթում է որդու լուսանկարները։ Ասում է, շատ երազանքներ ուներ։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հիշատակի անկյան դարակներից մեկում խնամքով պահում է երաժշտական գործիքը՝ կլարնետը։ Հաճախ էր նվագում ընտանեկան հավաքների ժամանակ։ Հիմա չեն կարողանում ի սրտե ուրախանալ, մայրն ասում է՝ Կոլյան իր հետ տարել է նաեւ երաժշտությունը։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Կոլյա Նիկողոսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ 

 

Ընտանիքը Կոլյայի կարոտն առնում է գյուղի գերեզմանատանը, որտեղ մեքենայով են գնում:

 

Մեքենայի դիմապակուն Կոլյայի հայտնի լուսանկարն է՝ խամրած է, բայց ժպտում է։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Հայրը մեկ լուսանկարին է նայում, մեկ՝ ճանապարհին. «Շատ տանջվեցի, մինչեւ գտա տղուս։ Տանջանքով ունեցանք, տանջանքով էլ հողին հանձնեցինք»։ 

 

Շուշան Փափազյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *