«33 տարի անց վերադարձել եմ, բայց փոշմանել եմ»․ Ադրբեջանի բնակչուհու բողոքը Ղարաբաղից | Հասարակություն

Written by

in

Ադրբեջանի բնակչուհին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում դժգոհում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղում ստեղծված պայմաններից՝ մասնավորապես անդրադառնալով աշխատանքի բացակայությանը, իրեն տրամադրված բնակարանի պայմաններին և տեղական կառույցների վերաբերմունքին։ Նա նաև հայտարարել է, որ իրեն «հայից էլ վատ են վերաբերվում», այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեսանյութում կինը ներկայանում է որպես նախկին հարկադիր տեղահանված, վետերանի դուստր և զոհված զինծառայողի ընտանիքի անդամ։ Նրա խոսքով՝ 33 տարի սպասել է հայրենի հող վերադառնալուն, սակայն այժմ զղջում է Ղարաբաղ տեղափոխվելու համար։

«Իրոք, որպես հարկադիր տեղահանված, որպես վետերանի դուստր, որպես զոհված զինծառայողի ընտանիքի անդամ՝ փոշմանել եմ, որ տեղափոխվել եմ Ղարաբաղ»,- ասում է նա։

Բնակչուհին պնդում է, որ վերադարձից հետո չի կարողացել աշխատանք գտնել։ Նա նշում է, որ դիմել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, սակայն խնդիրը չի լուծվել։

«Դուք նստած եք Ղարաբաղում և մեր հաշվին բարձր աշխատավարձ եք ստանում։ Ինչո՞ւ մեզ աշխատանքով չեք ապահովում»,- ասում է նա։

Նրա դժգոհությունների շարքում է նաև իրեն տրամադրված բնակարանի հետ կապված պայմանագիրը։ Բնակչուհին հարց է բարձրացնում, թե ինչու տարիներ շարունակ սպասված տունը անմիջապես չի փոխանցվում իր սեփականությանը։

«33 տարի անց վերադարձել եմ իմ հողն ու տունը։ Հիմա դուք իմ սեփական տունը ինձ պայմանագրո՞վ եք տալիս»,- հայտարարում է նա։

Կինը նաև դժգոհում է իր նկատմամբ վերաբերմունքից՝ պնդելով, որ իր երկրում իրեն «հայից էլ վատ են վերաբերվում»։

Տեսանյութի վերջում նա նշում է, որ այլևս չի վախենում ճնշումներից կամ ձերբակալությունից և ասում է, որ հոգնել է ստեղծված իրավիճակից։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *