«Արարատը Հյուսիսային ծովում» կամ հայերի մահվան երկընտրանքը

Written by

in

«Դաշնակիցներին միանալու փախուստի անհաջող փորձից հետո՝ 1944 թվականի դեկտեմբերի 9-ին, Միդելհարնիսում գերմանացիների կողմից գնդակահարվեցին հայերը. Գրիշա՝ ինժեներ, Ռուբեն՝ ինժեներ, Վոլոդյա՝ ինժեներ, Գորա՝ ինժեներ, Սաշա՝ ինժեներ, Հայրապետ՝ ուսանող, Հրաչիկ՝ լրագրող»։

 

Այս հակիրճ արձանագրությունը փորագրված է Նիդերլանդների Միդելհարնիս քաղաքում գտնվող հուշարձանի վրա, որը կանգնեցվել է հայկական գումարտակի յոթ զինվորների գնդակահարության վայրում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկնելուց հետո նրանք նախաձեռնել էին պարտիզանական ապստամբություն։

 

Այս անունները կարող էին պարզապես անհետանալ պատմության սառն ընդհանրացումների եւ գծային ժամանակագրության մեջ, սակայն, հոլանդացի լրագրող Յորիս Վերստեգի տարիների նվիրված աշխատանքի շնորհիվ, նրանց կյանքի հետագծերը բացահայտում են բացառիկ մարդկային պատմություններ նացիստական ճամբարների սարսափների վերապրման ու պայքարը շարունակելու համարձակության մասին՝ սթափ գիտակցումով, որ դա քայլերթ է դեպի մահ: 

Հոլանդիայի դիմադրության շարժմանը մասնակից հայ զինվորների հիշատակի հուշաքարը Միդելհարնիսում Հոլանդիայի դիմադրության շարժմանը մասնակից հայ զինվորների հիշատակի հուշաքարը Միդելհարնիսում

Լուսանկարը` Խուրե-Օվերֆլակեի (Goeree-Overflakkee) համայնքապետարանի լրատվության բաժին

Վերստեգն արդեն բացահայտել է այս յոթ զինվորներից երեքի ճակատագրերը։ Այժմ նա տեղեկություններ է փնտրում չորրորդ պարտիզանի մասին, որը հիշատակվում է որպես Գորա/Ժորա (կամ Գոգա/Գրիգորի)։ Հայտնի է, որ նա Կարմիր բանակի զինվոր էր, գերեվարվել էր նացիստների կողմից եւ 1943 թվականին հայտնվել Նիդերլանդներում: Որպես ընդհատակյա դիմադրության խմբի առաջնորդ՝ նա գնդակահարվել է 1944 թվականի դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում։ 

 

Ծնվել է մոտավորապես 1920 թվականին Հայաստանում, ունեցել է միջնակարգ կրթություն։ 1944 թվականին արված այս լուսանկարը, հավանաբար, վերջինն է:

Ձախից՝ Գորա/Ժորա (կամ Գոգա/Գրիգորի), 1944 Ձախից՝ Գորա/Ժորա (կամ Գոգա/Գրիգորի), 1944

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

Այս հայ պարտիզանի հարազատներին գտնելու միջոցով Վերստեգը հույս ունի բավարար տեղեկություններ հավաքել՝ ամբողջացնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նիդերլանդներում հայերի եւ նրանց ընդհատակյա ցանցերի վերաբերյալ փաստագրական արխիվը՝ «Արարատը Հյուսիսային ծովում» հետազոտական նախագծի շրջանակում: 

 

Եթե կգտնվեն մարդիկ, որոնք տեղեկություններ կունենան, խնդրում ենք կապ հաստատել նախագծի հետ info@ararat-aan-de-noordzee.nl էլ. հասցեով:

 

Մեդիամաքսը Յորիս Վերստեգի հետ զրուցել է ամբողջ նախագծի, հայ պարտիզանների ողբերգական ճակատագրերի եւ այն մասին, թե ինչ արժե մարդ մնալն անմարդկային ժամանակներում:

 

Հոր նամակը որդուն՝ որպես բանալի

 

Հոլանդացի Յորիս Վերստեգը փորձառու լրագրող եւ վերլուծաբան է: 1990 թվականին նրան աշխատանքն առաջին անգամ տարավ Խորհրդային Հայաստան: Վերստեգը վառ կերպով հիշում է Զորավար Անդրանիկի՝ ամենուր երեւացող պաստառները՝ որպես Ղարաբաղյան շարժման խորհրդանիշներից մեկը: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ այցն իրեն ընդառաջ է բերելու մի այնպիսի պատմություն, որի ուսումնասիրությանը տասնամյակներ կնվիրի: 

 

«Հայաստան ուղեւորությանս նախապատրաստվելու համար կապ հաստատեցի Ամստերդամում գտնվող «Արարատ» հայկական համայնքային կազմակերպության հետ»,- վերհիշում է Վերստեգը:

 

«Մեր զրույցի ընթացքում նրանք հիշատակեցին, որ թարգմանում են Երեւանում ապրող հայ հոր նամակն ուղղված Նիդերլանդներում ապրող որդուն: Դա անմիջապես գրավեց ուշադրությունս: Խնդրեցի որդու հասցեն ու գնացի նրան հանդիպելու: Նա ինձ պատմեց ծնողների արտասովոր պատմությունը. հոլանդացի կինն ու գերմանական բանակի կազմ ստիպողաբար անցած հայ զինվորը հանդիպել են 1944 թվականին՝ Նիդերլանդների նացիստական օկուպացիայի ընթացքում: Նրանք որդի են ունեցել: Շատ չանցած՝ հոր տեղակայման վայրը փոխվել է, սակայն ազատագրումից անմիջապես առաջ նրան հաջողվել է փախչել Ուտրեխտում տեղակայված գումարտակից եւ վերադառնալ կնոջ եւ նորածին որդու մոտ։ Զույգն ամուսնացել է ազատագրման տարվա ամռանը, սակայն ամուսնությունը տեւել է միայն երկու շաբաթ։ Մի առավոտ խորհրդային գործակալները նրան հանել են անկողնուց եւ տարել: Մի քանի տարի անց Ստալինի ռեժիմի օրոք այդ մարդը դատապարտվել է Գուլագում հարկադիր աշխատանքի, ինչպես շատ ուրիշներ»:

Հոլանդիայի դիմադրության շարժմանը մասնակից հայ զինվորների հիշատակի հուշաքարը Միդելհարնիսում Հոլանդիայի դիմադրության շարժմանը մասնակից հայ զինվորների հիշատակի հուշաքարը Միդելհարնիսում

Լուսանկարը` Խուրե-Օվերֆլակեի (Goeree-Overflakkee) համայնքապետարանի լրատվության բաժին

Յորիս Վերստեգը Յորիս Վերստեգը

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

Այդ պատմությունը լսելուց մեկ շաբաթ անց Վերստեգը Երեւանում էր՝ նստած վերոնշյալ զինվորի՝ Աբրահամ Աբրահամյանի դիմաց: Տարեց վետերանը նրան պատմել է, թե ինչպես է վերապրել նացիստական ճամբարի դաժանությունը, միացել 812-րդ հայկական գումարտակին եւ դարձել ընդհատակյա ցանցի մի մաս, որի նպատակն էր զենք ձեռք բերել ու նացիստների դեմ զինված ապստամբություն նախապատրաստել:

 

«Վերադառնալուց հետո սկսեցի տեղեկություն փնտրել հոլանդական արխիվներում: Շատ քիչ բան գտա, հետո նորից եկա Հայաստան՝  փնտրտուքը շարունակելու համար: Այն ժամանակ շատ ականատեսներ դեռ ողջ էին: Ինձ հաջողվեց գտնել հայկական ընդհատակյա կազմակերպության անդամ մի քանի վետերանների, ինչպես նաեւ նրանց կանանց ու երեխաներին»:

 

Վերստեգն ուսումնասիրել է նաեւ վետերանների քրեական գործերը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության արխիվներում, քննել շուրջ 10 այլ պետությունների արխիվներ: Պատմության ցրված կտորների գլուխկոտրուկը հավաքելով՝ հետզհետե սկսել է ուրվագծվել մեծ պատկերը:

 

Հրեաներին փրկող հայերը

 

Վերստեգի հետազոտության ամենահետաքրքրական թելերից մեկը հայերի կողմից հրեաների փրկության փաստագրված դեպքերն են, երբ նրանք իրենց հրեա զինակիցներին թաքցնում էին հայկական կեղծ ինքնության ներքո։ Առավել հայտնի է Ուկրաինայի հրեա, լեյտենանտ Իոսիֆ Կոգանի պատմությունը։ Ծանր վիրավոր Կոգանի կյանքը փրկել է հայ բժիշկ Հարություն Խաչատրյանը, որը նրան տվել է Միքայել Մարկոսյան կեղծանունը։

 

Վերստեգի հետազոտությունը բացահայտել է մեկ այլ նմանատիպ պատմություն. հրեա ինժեներ Գիրշ Բոգդանովը, որը հայկական գումարտակում թաքնվում էր Գրիշա/Գրիգորի կեղծանվան ներքո, հետագայում դարձել է 1944 թվականին հոլանդական կղզիների ազատագրման ծրագրի ղեկավարներից մեկը։ Միդելհարնիսի հուշարձանի վրա փորագրված յոթ անուններից մեկը հենց նրանն է:

Գրիշ Բոգդանովը Գրիշ Բոգդանովը

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

«Գերմանացիներն ակտիվորեն խրախուսում էին դավաճանությունը: Սովամահ լինող ոտաբոբիկ բանտարկյալներին սնունդ ու տաք կոշիկներ էին առաջարկում, եթե որեւէ հրեայի մատնեին։ Ինչ-որ մեկին թաքցնելը պատժվում էր գնդակահարությամբ, իսկ մատնության վտանգը մշտապես առկա էր»,- ասում է հետազոտողը՝ հավելելով, որ չնայած այդ ռիսկին, արխիվները փաստում են՝ հայերի կողմից հրեաներին փրկելու շատ դեպքեր կան։ «Խիզախության բացառիկ օրինակներ են»,- հավելում է նա։

 

Ընդհատակյա ցանցը

 

1941 թվականին խորհրդային ռազմագերիների ավելի քան կեսը սովամահ էր եղել: 1942-ին, լրացուցիչ զորքերի անհրաժեշտությունից դրդված, գերմանացիները ողջերին դաժան ընտրություն առաջարկեցին. միանալ գերմանական բանակին, կամ վերադառնալ ճամբարներ՝ մեռնելու։

 

Նույն տարում հայ ռազմագերիները ստեղծեցին ՀԱՊԿ (Հակաֆաշիստական ընդհատակյա հայրենասիրական կազմակերպություն) գաղտնի դիմադրության խումբը, որտեղ որոշում ընդունվեց միանալ գերմանական բանակին՝ զենք ձեռք բերելու եւ հետագայում ապստամբելու նպատակով: Գաղտնի ցանցը մասնատվեց 1943 թվականի սկզբին, երբ Կոգանի իրական ինքնությունը բացահայտվեց: Թեեւ նա կարողացավ փախչել, հայկական դիմադրության 15 ղեկավարներ ձերբակալվեցին՝ ընդհատակյա խումբը թողնելով ավերակների մեջ:

 

Հետագայում գումարտակը տեղափոխվեց Նիդերլանդներ եւ տեղակայվեց Սխաուվեն-Դեյվելանդ (Schouwen-Duiveland) եւ Խուրե-Օվերֆլակե (Goeree-Overflakkee) կղզիներում։ Այնտեղ մնացած անդամները ստիպված եղան ամեն ինչ սկսել նորից՝ վերակառուցելով մոտ 75 հոգուց բաղկացած նոր գաղտնի կազմակերպություն՝ իրենց ապստամբության պլանավորումը շարունակելու համար:

 

Համատեղելով ջանքերը ապստամբության ծրագրում

 

Սխաուվեն-Դեյվելանդում հոլանդական դիմադրության ղեկավարը՝ Կոս Մենկե վան դեր Բեք (Koos Menke van der Beek) անունով երիտասարդ ոստիկանը, սերտ կապի մեջ էր հայկական գումարտակի ընդհատակյա կազմակերպության ղեկավարության հետ։ Միասին նրանք ցանկանում էին համոզել այն ժամանակ Բրաբանտում գտնվող դաշնակից ուժերին համատեղ ազատագրել կղզիները։

 

Հայկական ընդհատակյա կազմակերպության եւ հոլանդական դիմադրության միջեւ հիմնական կապավորը մեկ այլ հայ էր՝ Գեւորգ Միկինյանը։ Ինչպես փաստում է Վերստեգի հետազոտությունը, նա ենթասպա էր՝ ծագումով Արցախից: Ավելի վաղ Միկինյանը Դաշնակից ուժերի ավիացիայի ուղղությամբ չկրակելու հրաման էր արձակել, որի համար ձերբակալվել էր գերմանացիների կողմից, սակայն կարողացել էր փախուստի դիմել՝ վիրավորում ստանալով: Ի վերջո, Միկինյանին հայտնաբերել էր տեղացի մի հովիվ, որն էլ նրան ծանոթացրել էր վան դեր Բեքի հետ։

Հայ ռազմագերիները Լեհաստանում 1943թ. հունվարի 1-ին՝ Հոլանդիա մեկնելուց առաջ։ Վերեւում՝ մեջտեղում. Ռուբեն Մելքոնյանը, որը գնդակահարվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին: Հայ ռազմագերիները Լեհաստանում 1943թ. հունվարի 1-ին՝ Հոլանդիա մեկնելուց առաջ։ Վերեւում՝ մեջտեղում. Ռուբեն Մելքոնյանը, որը գնդակահարվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին:

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

«Քանի որ Նիդերլանդների հարակից շրջաններն արդեն ազատագրված էին, հայերը պետք է նավարկեին դեպի ափ՝ կանադական ուժերի աջակցությունը ստանալու համար: Դժբախտաբար, նրանք անփորձ նավաստիներ էին. նավակը խրվեց ծանծաղուտում, որտեղ նրանց նկատեցին գերմանացիներն ու ձերբակալեցին»,-բացատրում է Վերստեգը: 

 

Միեւնույն ժամանակ, հոլանդացիների մի խումբ փորձում էր հասնել բրիտանացի դաշնակիցներին, սակայն նրանց առաքելությունը եւս ձախողվեց ու նրանք եւս գերեվարվեցին: Այս խմբի հետ էր նաեւ Գեւորգ Միկինյանը։

 

1944 թվականի դեկտեմբերի 8-ին գերեվարված պարտիզաններին նավով տեղափոխում էին Միդելհարնիս՝ գերմանական ռազմական տրիբունալի առաջ կանգնեցնելու: Գեւորգ Միկինյանը փորձել է փախչել, բայց զոհվել է:

 

Մնացյալ գերիները դատապարտվել են մահվան։ Տասը հոլանդացիներ դեկտեմբերի 10-ին հրապարակայնորեն կախաղան բարձրացվեցին Ռենեսեում՝ տեղի բնակչությանը ահաբեկելու նպատակով, իսկ հայկական գումարտակի յոթ զինվորները գնդակահարվեցին դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում՝ գաղտնի կերպով:

 

«Գերմանացիները չէին ցանկանում, որ մյուս հայերն իմանան կատարվածի մասին, իսկ հոլանդացիներին կախաղան հանելը նպատակ ուներ տեղացիներին ցույց տալու, թե ինչ կպատահի նրանց, ովքեր կհամագործակցեն հայերի հետ»,- բացատրում է Վերստեգը։

 

Արարատը Հյուսիսային ծովում

 

1965 թվականին հայ լրագրող Միքայել Հակոբյանը «Բանբեր Հայաստանի արխիվների» ակադեմիական հանդեսում հրապարակել է հոլանդական դիմադրության շարժմանը հայերի մասնակցության վերաբերյալ արխիվային նյութեր՝ առաջին անգամ լույս սփռելով գումարտակի ապստամբության վրա։ 

 

Այնուամենայնիվ, 7 զինվորների պատմությունը մնում էր մշուշոտ։

 

«Ինձ համար պատմական արդարության վերականգնման պարտք դարձավ այդ մարդկանց ինքնության բացահայտումը»,- նշում է Վերստեգը՝ հավելելով, որ Ռենեսեի տասը հոլանդացիների ողբերգության մասին բավականաչափ տեղեկություններ կան։

 

Այստեղ պատմությունը կրկին վերադառնում է Աբրահամ Աբրահամյանին՝ այն մարդուն, ում նամակը խթան հանդիսացավ Վերստեգի հետազոտության համար։

 

«Ազատագրումից հետո Աբրահամյանը գնացել է գնդակահարության վայր ու հանել իր ընկերների աճյունները, հետո յոթ առանձին գերեզմաններ փորել։ Նա մի ծաղկավաճառից բույսեր է վերցրել, ատաղձագործից՝ վահանակ, որի վրա գրել է նրանց անունները։ Անմիջապես հետո Միդելհարնիսում տեղացիները գումար են հավաքել հուշարձանի համար, որն էլ կանգնեցվել է 1946 թվականին։ Տեղացիների շրջանում մեծ համակրանք կար հայերի նկատմամբ»,- բացատրում է Վերստեգը։

Աբրահամ Աբրահամյանը զինակից ընկերների գերեզմանների կողքին, 1945 թ․ Աբրահամ Աբրահամյանը զինակից ընկերների գերեզմանների կողքին, 1945 թ․

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

Միդելհարնիսի հուշարձանը մինչ օրս պահպանվում է, սակայն զինվորների աճյունները հետագայում տեղափոխվել են Լյուսդենի գերեզմանատուն՝ Խորհրդային փառքի դաշտ։

Յորիս Վերստեգը Լյուսդենի գերեզմանատան Խորհրդային փառքի դաշտ Յորիս Վերստեգը Լյուսդենի գերեզմանատան Խորհրդային փառքի դաշտ

Լուսանկարը` Նիդերլանդական Օրագիր / Niderlandakan Oragir ֆեյսբուքյան էջից

Արխիվների եւ հարցազրույցների միջոցով Վերստեգին հաջողվել է վեր հանել երեքի ճակատագրերը՝ Գիրշ Բոգդանով, Ռուբեն Մելքոնյան եւ Վարդան Մոշյան։ Չորրորդը, որը հայտնի էր պարզապես Գորա (Ժորա/Գրիգորի) անունով, նույնականացվել է 1944 թվականի ապրիլին Վիեննայում Բոգդանովի հետ արված լուսանկարում: Քանի որ լրացուցիչ տեղեկություններ դեռեւս չեն գտնվել, Վերստեգը շարունակում է ակտիվ որոնումները։

 

Ինչ վերաբերում է հուշարձանի արձանագրության մյուս անուններին, հետազոտողին դեռեւս չի հաջողվել գտնել նրանց հետագիծը:

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

Վերստեգն իր հետազոտական նախագիծն անվանել է «Արարատը Հյուսիսային ծովում» («Ararat aan de Noordzee»)՝ ոգեշնչվելով հոլանդացի գրող Վ. Նագելի (կեղծանունը՝ Ջ.Բ. Չարլզ) 1953 թվականի դիմադրության մասին «Volg het spoor terug» հուշագրության հետեւյալ հատվածից, որում հեղինակը խոսում է հայ պարտիզանների հետ համագործակցության մասին:

 

«Գաղտնաբառը Արարատ էր: Ինձ համար այն բավականաչափ չեզոք չէր թվում, բայց պարզվեց, որ այս սարի անունը մեր դաշնակիցների համար հուզական խիստ նշանակություն ուներ, եւ նրանք պնդեցին»։

 

Մահվան երկընտրանքը

 

Այս զինվորների պատմությունների առանցքային հարցերից մեկն ընտրությունն էր մահվան ու մահվան միջեւ: Անկախ նրանից, թե ինչպես կգործեին, նրանք մեռնելու էին կա՛մ նացիստական ճամբարներում, կա՛մ խորհրդային գուլագներում։ Անկախ նրանից, թե որքան մեծ ավանդ կունենային նացիստներից ազատագրման գործում, նրանք Խորհրդային Միության աչքերում մնալու էին դավաչաններ՝ վերջին փամփուշտն իրենց համար չպահելու պատճառով (համաձայն Ստալինի թիվ 270 հրամանի):

 

Թե ինչ էր կատարվում այս մարդկանց մտքում, բացահայտում է զինվորներից մեկի օրագիրը, որը Վերստեգը գտել է հոլանդական արխիվներում:

 

«Աշխարհի ամենասուրբ բառը հայրենիքն է: Բայց ես չմեռա իմ հայրենիքի համար, եւ չկատարեցի իմ պարտքը նրա հանդեպ: Փառք իմ ընկած եղբայրներին: Ես հավերժ պետք է խոնարհեմ գլուխս նրանց շիրիմների առաջ։ Նրանք արդեն իրենց պարտքը հայրենիքի առաջ կատարել են, իսկ ես դեռ պետք է անեմ այդ: Հայրենիքն անպայման կպատժի ինձ, ընդ որում՝ ամենածանր պատժով։ Ինձ արդարացնող ոչինչ չկա, եւ ես թույլ կտամ, որ այս սարսափելի պատիժն իջնի իմ գլխին՝ վերջիվերջո, հանուն հայրենիքի»,- կարդում է Վերստեգը:

Ռուբեն Մելքոնյանը եւ Վարդան Մոշյանը Ռուբեն Մելքոնյանը եւ Վարդան Մոշյանը

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

«Այդ մարդու անունը Սուրեն Սարգսյան էր: Նա Թուրքմենստանից էր, հավանաբար, միակը գումարտակում։ Ընդհատակյա շարժման ակտիվ անդամ էր եւ առանցքային դեր է ունեցել հայերին հոլանդացի պարտիզանների հետ կապելու գործում»,- նշում է Վերստեգը՝ այնուհետեւ բացատրելով այդ մարդկանց շարժառիթները.

 

«Նրանց մոտիվացիան ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուր ուներ: Հայրենասիրությունից բացի, դա վրեժն էր գերմանացիներից այն սարսափելի ճամբարների համար, որոնք մեծամասնությունը չվերապրեց։ Դա նաեւ վախ էր՝ Ստալինի ռեժիմին վերադառնալու վախ: Կար նաեւ այս երիտասարդների խորը մենությունը. նրանք կապ չունեին իրենց ընտանիքների հետ եւ շատ հեռու էին տնից»։

 

Վերստեգին հաջողվել է հանդիպել Սուրեն Սարգսյանի եւ մի քանի այլ վետերանների հետ վաղ 90-ականներին։ Թեեւ նրանց հիշողությունները երբեմն աղոտ էին, հույզերը խոսում էին նրանց փոխարեն։ 

 

«Իմ հարցազրույցները նրանց համար յուրահատուկ ճանաչում էին, հանդիպումները չափազանց հուզիչ էին: Օրինակ, Աբրահամ Աբրահամյանի հետ իմ հարցազրույցից շատ չանցած նրա դուստրն ինձ ասաց, որ իմ հեռանալուց անմիջապես հետո հայրը սրտի խնդիր է ունեցել, եւ նրանք ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, բայց դա ցույց է տալիս, թե որքան հուզիչ էր այս ամենը նրա համար»,- հիշում է Վերստեգը:

 

Ինչպես ընդգծում է հետազոտողը, 1946–1949 թվականների հարցաքննությունների արխիվները բացահայտում են դրանց միակ նպատակը՝ դավաճանություն կեղծելը:

 

«Բանտարկյալները խոստովանում էին, որ ապստամբություն էին նախապատրաստում, բայց քննիչները նրանց անընդհատ ստախոս ու նացիստների հետ համագործակցող էին անվանում։ Նրանց խոշտանգում էին այնքան, մինչեւ ստորագրեն կեղծ ինքնախոստովանական ցուցմունքներ, թեեւ մի քանի համարձակներ, միեւնույն է, հրաժարվել են: Գործերը նաեւ ցույց են տալիս, որ նրանք, ովքեր աշխատել էին արեւմտյան դաշնակիցների հետ, ստանում էին ամենախիստ պատիժը»։

 

«Ի վերջո, պատմություն կերտողը մարդիկ են»

 

Յորիս Վերստեգը շարունակում է 1990-ականներից սկսած հետազոտությունը՝ նախապատրաստելով գրքի հրատարակություն հայ-հոլանդական պատմության այս կարեւոր դրվագի վերաբերյալ: 

Լուսանկարը` Յորիս Վերստեգի արխիվից

Պատերազմի եւ խաղաղության պատմությունը սովորաբար ձեւավորվում է պետությունների եւ ժամանակագրությունների շուրջ: Բայց անհատների աչքերով նայելը մեզ համար այլ տեսանկյուն է բացում՝ պատմություն մարդկանց մասին, ովքեր հակադրվել են հանգամանքներով թելադրված ռացիոնալ ընտրությանը՝ օգտագործելով միլիոնից մեկ հնարավորությունն անելու այն, ինչ ճիշտ էր:

 

«Ի վերջո, պատմությունը կերտողը մարդիկ են: Մենք գիտենք, որ մարդը կարող է չափազանց դաժան լինել մեկ այլ մարդու նկատմամբ, բայց նաեւ ընդունակ է լավագույնին: Եկեք երբեք չմոռանանք սա։ Հակառակ դեպքում, ո՞րն է քաղաքականության մեջ մեր ջանքերի նպատակը», – ասում է Յորիս Վերստեգը:

 

Յորիս Վերստեգի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

 

Լուսանկարները՝ Յորիս Վերստեգի արխիվից

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *