Իրանը ԱՄՆ-ին միջնորդների միջոցով փոխանցել է խաղաղության ծրագիր, որի համաձայն՝ որոշ պայմանների կատարման դեպքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը կարող է վերականգնվել յոթ օր անց։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում նախատեսվում է նաև դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում և վերադառնալ երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններին։
Իրանական առաջարկը, ըստ Reuters-ի՝ հղում անելով The Wall Street Journal-ին, ներառում է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման վերացումը, իրանական սառեցված միջոցների ազատումը և նավթի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը։
Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը։ Ըստ հրապարակման՝ Թրամփը կասկածում է, որ Թեհրանը կկատարի պայմանավորվածությունները, և չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը։
Reuters-ը նշել է, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել ԱՄՆ-ի կողմից։
Իրանի առաջարկի հրապարակումից հետո նավթի գները նվազել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը որոշ ժամանակով իջել է մեկ բարելի դիմաց 106 դոլարից ցածր։
Leave a Reply