Արցախում պայթյունից 3 տարի անց զոհերի ընտանիքները անտեսված են մնում

Written by

in

2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա ադրբեջանական ագրեսիային նախորդած օրերին հիվանդանոցներում խիստ սուղ միջոցներ էին մնացել. բլոկադայի հետեւանքով ստեղծված վառելիքի ու սննդի ճգնաժամի հետ մեկտեղ բժշկական օգնությունը եւս խիստ սահմանափակվել էր: Այդուհանդերձ, սեպտեմբերի 19-ին պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մեկ մարդու նման, ոտքով հատելով ճանապարհը հասել էր հիվանդանոց՝ ընդունելու առաջին վիրավորներին ու չեղած միջոցներով անելու ահնարինը:

 

36-ամյա Նանար Բալասանովան Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր էր արդեն տասը տարի: 

 

«Առաջին օրերին աշխատանքը շատ ծանր էր, շատ քիչ դեղորայք ու բժշկական պարագաներ էին մնացել՝ չնայած որ շրջափակման նախորդող ամիսներին պահեստներում եղածը խիստ խնայողաբար էինք օգտագործել: Օրեր անց, երբ թույլ տվեցին վիրավորներին մեքենաներով Հայաստան տեղափոխել, հիվանդանոցում մնացին միայն ծայրահեղ ծանր վիրավորները, որոնց տեղափոխումը պետք է ուղղաթիռով իրականացվեր»,- հիշում է նա:

 

Սեպտեմբերի 25-ին Նանարը հիվանդանոցում շարունակում էր վիրավորների խնամքը, երբ վերակենդանացման բաժնի վարիչը տեղեկացրել է՝ ողբերգական պայթյուն է եղել, զգալի թվով վիրավորներ կան, պետք է շտապ իջնել ընդունարան: 

Լուսանկարը` անհայտ հեղինակ

«Անմիջապես իջա պահեստ՝ վերցնելու եղածից այն ամենը, ինչի կարիքը կունենայինք: Շատ արագ հիվանդանոցը լցվեց ծանր վիճակում գտնվող բազում մարդկանցով: Մի քանի ժամ շարունակ աշխատում էի՝ չիմանալով, որ ամուսինս եւ հորեղբայրս եւս նույն վայրում էին»: 

 

Նանարի ամուսինը՝ Ռուսլան Հովսեփյանը, հարյուրավոր այլ մարդկանց նման գնացել էր վառելիքի հետեւից. բոլորը շտապում էին րոպե առաջ դուրս բերել իրենց ընտանիքները, քանի որ ադրբեջանական բանակն արդեն քաղաքի հարակից տարածքներում էր: 

 

Հասկանալով, որ հարազատները եւս պայթյունի վայրում են եղել, Նանարը դուրս է եկել հիվանդանոցից՝ փորձելով գտնել նրանց, բայց ապարդյուն: Դեպքից մեկ ամիս անց ԴՆԹ թեստի պատասխանով հաստատվել են ամուսնու եւ հորեղբոր մահերը. երեք անչափահաս երեխաների մայրը մնացել է միայնակ: 

 

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվել է 219 անձ, 22-ը մինչ օրս համարվում են անհայտ բացակայող, իսկ վիրավորում ստացածների թիվը շուրջ 300 է: Զոհերի հարազատները նախորդ երեք տարիների ընթացքում բազում գրավոր դիմումներ են ներկայացրել ՀՀ պետական մարմիններին, սակայն մինչ օրս աղետի զոհերին որեւէ իրավական կարգավիճակ չի տրվել, որով նրանց հարազատները կկարողանային ֆինանսական աջակցություն ստանալ՝ տարրական ապրուստի խնդիրները լուծելու համար:  

 

Պայթյունի հետեւանքով Լիլիթ Ավանեսյանը կորցրել է ամուսնուն, ամուսնու եղբորը: Այդ լուրն իմանալուց հետո սկեսրայրը սրտի կաթված է ստացել, մեկ ամիս անց՝ մահացել: Լիլիթը երեք երեխաների մայր է, դժվարությամբ է կարողանում պահել ընտանիքն ու օգնել նաեւ միայնակ մնացած տարեց սկեսուրին: Տուժածների ընտանիքներով համատեղ արված տարբեր ապարդյուն դիմումներից հետո Լիլիթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ մոտեցել է նրան, ներկայացրել խնդիրը, ստացել դրա լուծման մասին խոստում, սակայն մինչ օրս այդ դիմումին ընթացք չի տրվել:

 

Լիլիթի մասնակցությամբ վերջին հանդիպումը ՀՀ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունում եղել է 2025թ. հուլիսին, որի ընթացքում նա ներկայացրել է զոհերի հարազատների ծանր դրությունն ու հրատապ կարիքները: 

 

«Քննարկել ենք պայթյունի հետևանքով զոհված 15 աշխարհազորայինների հարցը, որոնք որեւէ աջակցություն չեն ստացել, քանի որ բանակի զինծառայող չեն համարվում: Քննարկել ենք նաեւ բնակարանային ապահովման ծրագրի խնդիրները. մարդիկ, որոնք պայթյունից հետո միայնակ են մնացել, լուրջ խնդրի առաջ են կանգնած՝ հավաստագրով բնակարան գնելու համար գումարը չի բավականացնում, իսկ երբ որ միայնակ մնացած երեք երեխայի մայրը դիմում է բանկ՝ հիփոթեքային վարկի դիմելու համար, նրան ասում են, որ ինքը չի կարող անգամ իր երեխաներին պահել, ինչպե՞ս է վարկը վճարելու: Պայթյունի զոհերի ընտանիքներում կան մարդիկ, որոնք լրիվ մենակ են մնացել, մի ընտանիքում 3, մյուսում 4 զոհ է գրանցվել, շատ ընտանիքիներ մնացել են առանց արական սեռի ներկայացուցիչների, կան անչափահասներ երեխաներ՝ մնացած առաջ ծնողների: Արդեն երեք տարի է այս մարդիկ կարգավիճակ ու դրանից բխող աջակցություն չեն ստացել: Ինչպե՞ս ապրեն», – ասում է Լիլիթ Ավանեսյանը: 

Լուսանկարը` անհայտ հեղինակ

Պայթյունի հետեւանքով տուժածներին մինչ օրս տրամադրված պետական աջակցության եւ կարգավիճակի շուրջ քննարկումների մասին Մեդիամաքսի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունից հայտնել են. 

 

«Սեպտեմբերի 25-ին Ղարաբաղում վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետեւանքով անհայտ կորած եւ զոհված անձանց ընտանիքների, ինչպես նաեւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց մեծ մասը ստանում է պարգեւավճար, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ:

 

ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունում քննարկման փուլում է գտնվում վերոնշյալ անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը. այն անձինք, ովքեր չեն հանդիսանում նշված երաշխիքների շահառու, նախատեսվում է նրանց աջակցության տրամադրման հարցը դիտարկել սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող այլ երաշխիքների տրամադրման համատեքստում։ Քննարկումների արդյունքների եւ այլ մանրամասների վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից տեղեկատվություն կարող է տրամադրվել վերոնշյալ անձանց կարգավիճակի հստակեցումից հետո»։

 

Ձգձգվող քննարկումներին զուգահեռ՝ ընտանիքների սոցիալական կացությունը շարունակում է սրվել: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մեդիամաքսի հետ զրույցում ընդգծել է, որ զոհերի սոցիալական կարգավիճակի սահմանման հարցը նախորդ երեք տարիներին անդադար բարձրաձայնվել է, սակայն հարցը մնացել է խոսակցությունների մակարդակում: 

 

«Այդ պայթյունը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիայի, այդ ամենի հետեւանքով ստեղծված խուճապի ու կաթվածահար վիճակի ուղիղ շարունակությունն է: Նման իրավիճակում, երբ յուրաքանչյուր ակնթարթը թանկ է մարդու կյանքը փրկելու համար, բլոկադայի բերումով չեն եղել վիրավորների տարհանման, բժշկական օգնության պատշաճ տրամադրման միջոցներ, Արցախից-Հայաստան տանող ճանապարհը խցանված էր բռնի տեղահանվող մարդկանց մեծ հոսքով, ծանր վիրավորներին ուղղաթիռով տեղափոխելու հնարավորությունը բացվեց միայն մեկ օր անց: Որեւէ ողջամիտ մարդ չի կարող վիճել, որ տեղի ունեցած ողբերգությունը ռազմական գործողությունների ուղիղ հետեւանք է»,-նշել է Գեղամ Ստեփանյանը: 

 

Նա հավելել է, որ ի թիվս սոցիալական կարգավիճակի բացակայության հարցի, տուժածների առաջնային մտահոգությունների թվում է նաեւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ճակատագրի հարցը՝ ինչպես ռազմաճակատում, այնպես էլ պայթյունի հետեւանքով զոհվածների դեպքում: 

 

«Բազմաթիվ դիմումներ են եղել ուղղված ՀՀ պետական կառույցներին եւ միջազգային կազմակերպություններին՝ խնդրանքով, որ լինեն որոնողական նոր աշխատանքներ, Ադրբեջանի հետ երկխոսություն վարվի այդ մարդկանց ճակատագրերը պարզելու համար: Այս խնդիրը եւս պատշաճ ուշադրության չի արժանացել»,- նշել է Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պայթյունի հանգամանքների պատշաճ քննության հարցը եւս տուժածների առաջնային մտահոգությունների թվում է: 

 

Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից արձագանքել են, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեծաքանակ քննչական և այլ վարութային գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է, ուստի լրացուցիչ տեղեկությունների տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ 

 

Ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրում «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ ներառելով նրանց հիմնադրամի տարբեր ծրագրերում: 

 

Հիմնադրամի շահառուներից է պայթյունի հետեւանքով հաշմանդամություն ձեռքբերած Աշոտ Բեգլարյանը, որը Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող է, մասնակցել է Ապրիլյան, 44-օրյա, ու սեպտեմբերյան պատերազմներին: 

Աշոտ Բեգլարյանը Աշոտ Բեգլարյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից օրեր անց, երբ իջել է դիրքերից ու տուն գնացել, շատերի նման սկսել է վառելիքի փնտրտուք՝ կնոջը եւ 9 ամսական դստերն ապահով դուրս բերելու համար: 

 

«Մարդկանց մեջ մեծ խուճապ կար, լուրեր էին շրջանառվում, որ ամսի 26-ից հետո այլեւս թույլ չեն տալու դուրս գալ, ուստի բոլորը շտապում էին վառելիք գտնել ու փրկել իրենց ընտանիքներին: Սեպտեմբերի 25-ին լուրեր տարածվեցին, որ բենզին կա, մեկը մյուսին տեղեկացնելով՝ մարդիկ հավաքվեցին «Հայկազով» կոչվող զորամասի պահեստում»,-հիշում է նա: 

 

Պայթյունից հետո 90% այրվածքներով Աշոտը կարողացել է իրեն դուրս բերել փլատակներից: Առաջին բուժօգնությունը ստացել է ավելի քան մեկ ժամ անց: 

 

«Ամսի 26-ին ինձ չորս այլ ծանր վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան: Ադրբեջանցիները մեզ նկահարանում էին՝ նոր միայն թողնում ուղղաթիռ տեղափոխել»,- ասում է Աշոտը: 

 

31-ամյա զինծառայողը բազում վիրարահատություններ է տարել, այսօր էլ շարունակում է բուժումը: Նրա կենսաթոշակը, որպես զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայող, կազմում է 69 600 դրամ: Աշոտ Բելգարյանը հույս ունի, որ չնայած հաշմանդամությանը, կկարողանա բուժումներն ավարտելուց հետո աշխատանք գտնել՝ ընտանիքը պահելու համար: 

 

Գայանե Ենոքյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *