«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից

Written by

in





 «Հրապարակ օրաթերթ». Վերաքննիչ քրեական դատարանը սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը եւ ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Ալեքսանյանն ի սկզբանե մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, այնուհետեւ դատարանը վերաորակել էր նրա արարքը Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները պետական կամ ծառայողական շահերին հակառակ օգտագործելու համար։ Առաջին ատյանի դատավճռով նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Հիմա` նոր զարգացում:

Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դատախազի բողոքին։ «Դատախազը գործի նոր քննության ակնկալիքով էր դիմել վերաքննիչ դատարան, արարքի որակման հետ համաձայն չէր, ոչ թե` դատավճռի։ Առաջին ատյանը վերաորակել էր, դատախազը դրա հետ համաձայն չէ, հիմա նման կարեւոր վարույթը գրավոր ընթացակարգերով քննելով՝ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է հետ ուղարկել նոր քննության, ընդ որում՝ մեզ անհայտ հիմնավորումներով, պարզ է՝ որոշումները չենք ստացել այս կարճ ժամանակահատվածում»։ Ըստ պաշտպանի՝ որեւէ նոր բան չի կարող ի հայտ գալ, առաջին ատյանի դատավճիռը 300 էջից ավելի է եղել․ «Երբեւէ դատարաններում նմանօրինակ քննության պաշտպանական խմբով չենք հանդիպել, շատ մանրակրկիտ քննություն է տարել առաջին ատյանի դատարանը։ Դատարանում աշխատանքի ծավալը, հարցերի մեջ վերլուծություն անելու, ապացույցները հետազոտելու գործն ավելի ծավալուն է եղել, քան նախաքննության ընթացքում, դժվար նման 2-րդ դեպքի հանդիպեք»։

Պաշտպանական կողմը մասնակի էր բողոքարկել դատավճիռը։ «Ամեն դեպքում, պատժի տեսանկյունից, ապացույցների հետ կապված թույլատրելիության տեսանկյունից, մենք ապացույցները վիճարկել ենք, որոնք անթույլատրելի էին, այսինքն՝ մեր միջնորդությունները չբավարարելով անգամ՝ գտել է դատարանը, որ չկա պետական դավաճանություն… Արարքի բնույթը, հնչեղությունը, էս ամենը համադրելով, բոլոր ապացույցները թույլատրելի ճանաչելով, միեւնույն է, դատարանը գտել է, որ չկա պետական դավաճանություն, մենք մեր մերժված միջնորդությունների մասով ենք բողոքարկել։ Որոշակի առումով շատ զարմացած ենք նմանօրինակ քննությամբ, որոշակիորեն հաշտ ու համերաշխ ենք եղել»։

Հարցին, թե որքան ժամանակ հետո է իր պաշտպանյալը դուրս գալու կալանավայրից, Աբգար Պողոսյանը պատասխանեց, որ դեռեւս 8-9 ամիս կա։

 




դիտվել է 65 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *