Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է TRIPP-ի «պատմական նշանակության» մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության եւ խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության»։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «TRIPP նախագծի իրագործումը շոշափելի քայլերով իրականություն է դառնում»։ 

 

«TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90–ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաեւ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ։ Չնայած, պետք է ընդգծել, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, եւ հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։ 

 

TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային եւ հարավային շրջանների միջեւ երկաթուղային կապ չունի։ 

 

Առաջիկայում մենք կվերականգնենք Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, եւ իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։ 

 

Բայց սա ունենալու է նաեւ հսկայական միջազգային նշանակություն, որովհետեւ նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։ 

 

TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարեւորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետեւ այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ։ 

 

Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։ Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ցույց է տալիս, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության եւ խաղաղության անկյունաքար դառնալ, առավել եւս՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», – ասել է Հայաստանի վարչապետը:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *