ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է ՀՀ-ից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող կանոնակարգը

Written by

in

Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու կանոնակարգը՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը:

Արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Միջոցները կգործեն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին հայտարարել է, որ որոշումը Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ Եվրոպայի աջակցության հստակ ազդակ է։

«Մենք ուժեղացնում ենք աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որը, չնայած արտաքին ճնշմանը, հստակ բռնել է պրոեվրոպական ուղին: Այսօրվա որոշումը կօգնի Հայաստանի տնտեսությանը, որը տուժել է առևտրային սահմանափակումներից, և ցույց կտա, որ մեր գործընկերները միշտ կարող են ապավինել Եվրամիությանը»,- ասել է Մաքենթին:

Եվրոպայի խորհուրդն ընդգծում է, որ առաջարկվող կանոնակարգը նպատակ ունի աջակցել Հայաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումները խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ ուղիները։ Այն նաև միտված է Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համապատասխան։

Արտոնությունների կիրառումը պայմանավորված է լինելու Հայաստանի կողմից ապրանքների ծագման վերաբերյալ գործող կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ և եվրոպական արտադրանքի ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելով։

Հայաստանը պետք է նաև պահպանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքները, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Նախատեսված են նաև ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե հայկական արտադրանքի ներմուծումը բացասաբար ազդի եվրոպական արտադրողների վրա։

Արտոնություններն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում դրանց հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *