Կոմիտասին նվիրված միջոցառումներ՝ Երեւանում եւ մարզերում

Written by

in

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երեւանում անցկացվելու է «Կոմիտաս» միջազգային փառատոնը՝ նվիրված հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ եւ մանկավարժ Կոմիտաս Վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը։

 

Փառատոնի օրերը խորհրդանշական են՝ ընտրված Կոմիտասի ծննդյան օրվա երկու՝ նոր եւ հին տոմարներով նշվող ամսաթվերի միջեւ։ 

 

Այն կբացվի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի շիրիմին խոնարհմամբ։ 

 

Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը, որի բացման արարողության ընթացքում հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը:

 

Սեպտեմբերի 26-ին կանցկացվի նաեւ դաշնամուրային երաժշտության երեկո. ելույթ կունենան Խորվաթիայում գործունեություն ծավալող դաշնակահարներ Ռուբեն եւ Արսեն Դալիբալթայանները։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 1-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա գրքի շնորհանդես եւ խմբերգային երաժշտության երեկո։ Կներկայացվի Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի «Գերաշնորհ հայր Կոմիտասը՝ հայ հոգեւորականն ու երաժիշտը (1869–1935)» հոգեկենսագրական փորձը։ Երեկոյի երաժշտական հատվածում կրկին ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը։

 

Հոկտեմբերի 4-ին փառատոնի ծրագրում է Վահագն Հայրապետյանի «Armenian Colors Quartet» համերգային ծրագիրը։ Վահագն Հայրապետյանի հետ հանդես կգան Ավագ Մարգարյանը (ժողովրդական նվագարաններ), Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) եւ Կարեն Քոչարյանը (հարվածային գործիքներ)։

 

Հոկտեմբերի 6-ին կանցկացվեն «Կոմիտասյան ընթերցումներ»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների մասնակցությամբ:

 

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, որի շնորհանդեսին կհաջորդի Հայկ Մելիքյանի դաշնամուրային երաժշտության համերգը։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառատոնից բացի, առաջիկա օրերին կանցկացվեն Կոմիտասի հիշատակին եւ ստեղծագործություններին նվիրված այլ միջոցառումներ եւս:

 

Սեպտեմբերի 26-ին Երգի պետական թատրոնում տեղի կունենա «Կոմիտաս՝ ըստ Արթուր Գրիգորյանի» ներկայացում-համերգը: 

 

Սեպտեմբերի 28-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կներկայացվի Հայկ Պետրոսյանի «Կոմիտաս ձայնաշխարհ» ներկայացումը:

 

Կոմիտասին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ մարզերում: 

 

Սեպտեմբերի 28-ին Մեղրիում եւ սեպտեմբերի 29-ին Կապանում տեղի կունենա Երեւանի պետական կամերային երգչախմբի եւ Dialog Project երաժշտական խմբի համատեղ յուրահատուկ համերգը՝ Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ։

 

Նույն համերգը Երեւանում կանցկացվի հոկտեմբերի 5-ին

 

Պատրաստել է Յանա Շախրամանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *