Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը գիրք է հեղինակել՝ պատմավեպ, որ «Փառանձեմ» է կոչվում։ Նորանկախ Հայաստանի 35-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Վահանավանքի վանական համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ թատրոնի իր գործընկերների, գրասերների, մոտ ու հարազատ մարդկանց մասնակցությամբ։
Օրվա խորհրդին պատշաճող օրհնանքի խոսքով հանդես եկավ և Տերունական աղոթք հնչեցրեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը։ Նա հընթացս կարևորեց Փառանձեմ թագուհու դերը՝ նրա ապրած խառնակ ժամանակների համապատկերի վրա։
Տպարանի հարահոսից դուրս եկած առաջին գրքերից մեկն Արթուր Գաբրիելյանը նվիրեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ում մեկենասությամբ լույս ընծայվեց «Փառանձեմ» պատմավեպը և դարձավ ընթերցողների սեփականությունը։ Խորհրդանշանական գրքեր ստացան նաև համայնքապետի խորհրդական Վազգեն Ազարյանը և Քաջարանի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը։ Այնուհետև նոր լույս ընծայված գրքի մասին մտքեր բարձրաձայնեցին Մանե Դավթյանը, Մարինե Հարությունյանը, Սուսաննա Մարտիրոյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը։
Պատմաբան Գրիշա Սմբատյանը ուշագրավ նկատառումներ ուներ՝ «Մեր ժամանակներում անդրադառնալ 4-րդ դարի ամենաբարդ շրջաններից մեկին շատ ծանր պարտականություն է, երբ այդ մասին գրել են Րաֆֆին, Ստեփան Զորյանը և ուրիշներ։
Վերջին ժամանակներում Համլետ Դավթյանի՝ այդ շրջանին առնչվող պատմագիտական ուսումնասիրություններն են շատ արժեքավոր։
Արթուր Գաբրիելյանը, լինելով ոչ սյունեցի, հավանաբար անհրաժեշտություն և հոգու պարտք է զգացել անդրադառնալ Սյունիքի ծնունդ հայոց թագուհու կյանքին ու գործունեությանը։ Գիրքը շատ դրվագներ ունի, որոնք գնահատելի են, ընթերցվում են հետաքրքրությամբ, կան հեղինակի մոտեցումները, կան նորություններ և նամակներ։
Կան իրադարձություններ, որոնց կողքով զգույշ է անցել, որովհետև դա շատ բարդ խնդիր է։ Գրքում, անշուշտ, կան վրիպակներ, որոնք կարելի է գրքի լուրջ քննարկման ժամանակ վեր հանել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով գիրքը պիտի վերահրատարակել։
Դրական եմ համարում, որ Սյունիքի պատմական իրադարձություններին է նվիրված այն, և չեմ համարում տեղական հայրենասիրություն, ինչպես հաճախ դատապարտվում է այդ երևույթը, առավել ևս մեր օրերում»։
Բանախոսը մեծ խորհուրդ համարեց գրքի շնորհանդեսը Վահանավանքում անցկացնելը, որտեղ Սյունիքի մեծամեծերի աճյուններն են ամփոփված։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply