Լեզվական դիտողություններ Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին

Written by

in

Լեզուն ժողովրդի կենդանի հիշողության բացարձակ կրողն է, որ բառապաշարի շերտերում և ամբարներում պահում է ամեն ինչ՝ նկատելի և աննկատ, ուսումնասիրված, թե՝ չուսումնասիրված, բարձրաձայնված, թե՝ չբարձրաձայնված:

Համաշխարհային ջրհեղեղի և Նոյ նահապետի մասին աստվածաշնչյան պատումը մարդկության հիշողության մեջ պահպանված ամենավառ դրվագներից է, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ դրա ամենատարածված վայրը Հայկական լեռնաշխարհն է եղել:

Դարեր շարունակ Նոյ նահապետի հետ կապված ավանդազրույցները ներառել են տասնյակ թեմաներ. միայն Կարեն Հովհաննիսյանի աշխատասիրությամբ հրատարակված «Նոյ նահապետը» գիրքը բերում է դրանց նկարագրության տասնյակ դրսևորումներ. լեռներ, բնակավայրեր, տեղանուններ, կենդանիներ, թռչուններ, տոներ, ամսանուններ, ծեսեր, սովորություններ և այլն (Տե՛ս՝ «Նոյ նահապետը» (Ժողովրդական վիպաշար), աշխատասիրությամբ՝ Կարեն Հովհաննիսյանի, Երևան 2024):

Գրքի «Խմբագրի կողմից» վերլուծական հոդվածում «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի»  բանագիտության բաժնի վարիչ Տորք Դալալյանը գրում է. «Համաշխարհային ջրհեղեղի մասին պատմող հայկական ավանդազրույցներն ունեն կարևոր մի առանձնահատկություն. դրանք սերտորեն կապվում են Հայկական լեռնաշխարհի տեղանուններին՝ լեռնանուններին» (նշվ. աշխ., էջ 6), իսկ «Առաջաբանում» հեղինակը՝ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Նոյի մասին հայկական ավանդազրույցները հիմնականում վերաբերում են Մասիս լեռանն ու շրջակա գավառներին, թեև հայտնի են պատմական Հայաստանի գրեթե ամբողջ տարածքից: Հայաստանի գրեթե ամեն նահանգ ուներ պատմություն, որ տապանը դեպի Մասիս ընթանալու ժամանակ փորձել է հանգրվանել նաև տվյալ նահանգների կամ դրանց գավառների հայտնի, սրբազան լեռների վրա՝ Գրգուռ, Սիփան, Սուկավետ, Մարաթուկ, Նավս, Արտոս, Առնոս և այլն» (նշվ. աշխ., էջ 8):

Թվարկված լեռների մասին տարբեր ավանդազրույցներ են պատմվում, որոնք կապված են կա՛մ Նոյ նահապետի հետ, կա՛մ՝ տապանի հետ և, որ կարևոր է, այդ կատարների վրայով Նոյան տապանի անցած լինելու հանգամանքի հետ:

Սրանցից օրինակ, Մարաթուկի մասին գրքում պատմվում է, որ՝ «Մարաթուկի արևմուտքում կա մի խոր հովիտ, որ կոչվում է «Տապանակ»: Նոյի տապանի այդտեղից անցնելու ժամանակ վրայից տախտակի մի կտոր պոկվել, ընկել է այդ ձորի մեջ և անունը մնացել է Տապանակ» (նշվ. աշխ., էջ 27-28):

Իսկ Առնոս լեռան մասին բանասացները պատմել են՝ «Կեթա դեմ կառնի Առնոսին, կասի՝ «Առ Նոյս» (նշվ. աշխ., էջ 28): Հատվածը գրի է առել նաև Երվանդ Լալայանը՝ 1916 թվականին. «Առ զՆոյս, որից և յառաջացել է նրա անունը» (նշվ. աշխ., էջ 29). (Առնոս լեռը գտնվում է Հայկական Տավրոսի արևելյան հատվածում՝ Անձևացյաց լեռներում (ներկայիս Թուրքիայի Վանի մարզում: Բարձրությունը՝ 3550 մետր։ Տեղադրությունը՝ Հայկական լեռնաշխարհ, Անձևացյաց լեռներ)։

Ինչպես տեսնում ենք թվարկված լեռների մեջ է նաև Նավս լեռը, Հայաստանի Սյունիքի մարզում (Մեղրու լեռնաշղթայում) գտնվող Նավսալեռ (կամ Նավս) լեռնագագաթի բարձրությունը՝ 2370 մ):

Հետաքրքրական է վերոնշյալ գրքում դրվագը  Նավս լեռան մասին. «Նոյյան տապանը էկել է բազմել Նավսի վրա, բայց երբ ջուրը նորից բարձրացել է, թողել գնացել է դեպի Մասիս» (նշվ. աշխ., էջ 30):

Փորձենք ճշտել Նավս լեռնանվան ստուգաբանությունը, որ միանշանակ, ինչպես կտեսնենք կապված է Նոյյան տապանի հետ: Նախ, նկատենք, որ Առնոս լեռան պատումի մեջ երկու տարբերակ կա. առաջինը պատմում է, որ՝ տապանը «Կեթա դեմ կառնի Առնոսին, կասի՝ «Առ Նոյս» (նշվ. աշխ., էջ 28), այսինքն՝ «վերցրու Նոյին»: Կասկածից վեր է, որ բանասացն այստեղ գլխի չի ընկել, որ գործ ունի գրաբարյան «առ» նախդիրի հետ, այսինքն «առ Նոյս» նշանակում է՝ ոչ թե «վերցրու Նոյին», այլ՝ «Նոյին առնչված», «Նոյին աղերսված», ինչը հստակ երևում է Երվանդ Լալայանի գրի առած տարբերակում. «Առ զՆոյս, որից և յառաջացել է նրա անունը» (նշվ. աշխ. էջ 29), այսինքն՝ Առնոս նշանակոմ է Նոյին առնչված, աղերսված:

Գրաբարյան «առ» նախդիրի հետքը, եթե լեզվաբանության մեջ գործող համաբանության օրենքով վերականգնենք Նավս լեռան անվանման դեպքում, ապա կունենանք «[Առ] նավս», այսինքն՝ «առ տապանը», տապանին կամ՝ նավին քսված, ինչի մասին առաջաբանում գրում էր հեղինակը. «տապանը դեպի Մասիս ընթանալու ժամանակ փորձել է հանգրվանել նաև տվյալ նահանգների կամ դրանց գավառների հայտնի, սրբազան լեռների վրա՝ Գրգուռ, Սիփան, Սուկավետ, Մարաթուկ, Նավս, Արտոս, Առնոս և այլն» (նշվ. աշխ., էջ 8):

 Հետևաբար, լեռնանունը հիշողությունն է Նոյյան տապանի, «առ նավս» որին նա առնչակցվել է, իսկ գրաբարյան «առ» նախդիրի անկումը բազմաթիվ այլ դեպքեր ունի, որ այս հոդվածի քննության նյութից դուրս է:

Հետաքրքրությունից զերծ չէ, որ արհեստական բանականությունը նույնպես ձևավորված տեսակետ ունի այս հարցում. ըստ նրա՝ «ամենատարածված ժողովրդական ստուգաբանությամբ՝ «Նավս» անունը կապվում է հայերեն «նավ» բառի հետ։ Ըստ ավանդության՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, երբ ջրերը դեռ չէին քաշվել, Նոյյան տապանը (նավը) անցնելիս կամ հարվածել է այս լեռան կատարին, կամ էլ լեռնագագաթն իր տեսքով հեռվից նմանվել է շրջված նավի։ Լեռնաշխարհի մի շարք այլ լեռների նման (ինչպիսիք են Նավասարը, Նավիկը) այս գագաթը նույնպես ժողովրդի գիտակցության մեջ արտացոլել է տապանի պատմությունը» (Տե՛ս՝ «Նավս» լեռան ստուգաբանությունը ԱԲ հարթակում):

Կա նաև Գորիս- Արցախի բարբառում կենսունակ «նով» բառը, որ նշանակում է գուռ, ջրավազան կամ փայտեքարե տաշտ, որը սովորաբար տեղադրվում է աղբյուրի մոտ՝ անասուններին ջրելու համար։

Դժվար չէ տեսնել, որ այս բառի ծագումը գրական հայերենի «նավ» բառից է, և ըստ Ալ. Մարգարյանի «Գորիսի բարբառը» (Երևան, 1975) գրքի՝ «նավ» բառը բարբառում հնչում է «նով»: Արդյո՞ք տապանի հիշողությունը չէ սա:

Իսկ ինչպե՞ս է «նավ»-ը դարձել «նով». կարծում ենք դարձյալ գործել է համաբանության օրենքը՝ ունենալով «նավթ»-ը > «նօթ» անցումը:

«Հայերեն արմատական բառարան»-ում «Նաւթ» բառահոդվածի տակ Հր. Աճառյանը գրում է, որ «Ագուլիս, Ղարաբաղ, Շամխոր  նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ: Երեմիա Մեղրեցին գրում է՝ նօթ» (Տե՛ս՝ Հայերեն արմատական բառարանում, Եր. 1926, էջ 1829»):

Գրաբարյան աւ երկհնչյունի անցումը օ-ի տեսնում ենք աւձ>օձ, նաւթ>նօթ, աղաւնի>աղօնիկ բառերում:

Քննարկման շրջանակներում ասենք նաև, որ Մոկսի բարբառում Նոյը հնչել և գրառվել է «Նօ». «Նօ արդար մարդ էր մէջ մարդկանց» (Տե՛ս՝ «Նոյ նահապետը» (Ժողովրդական վիպաշար), էջ 17), ինչի մասին Հր. Աճառյանը «Հայոց անձնանունների բառարանում» գրում է. «Նոյ եբր. Noxa,  հուն. Noe: Հայերենում Նոյ բառը ոմանք հնչում են no, իսկ ընդհանրապես noy» (Տե՛ս՝ Հր. Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, էջ 82, Երևան, 1942):

Հանրագումարում ունենք հետևյալը. վերոնշյալ վերլուծությունները կատարվել են առկա ուսումնասիրությունների հիման վրա, որոնց հիմքում ընկած են պատմական իրադարձություններ և նրանց մասին հինավուրց ժողովրդի հիշողությունները, որոնց միայն թվաքանակը և վաղնջականությունը թույլ են տալիս պնդելու, որ Հայոց լեռնաշխարհում ակնհայտ է կապը մի կողմից Նոյի-նավի-ջրի, մյուս կողմից Նոյի-տապանի – և բազմաթիվ լեռների անվանումների միջև:

Սուսաննա Գրիգորյան

Բանասիրական գիտությունների թեկնածու

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *