«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրիի առաջիկա ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը։ Ուշագրավ է, որ Գալստյանը ՔՊ-ի անդամ է դարձել ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ Այս մասին հրապարակվել է նաև «Առավոտ»-ում, որտեղ Գալստյանի՝ ՔՊ ցուցակը գլխավորելու մասին տեղեկությունը դեռ սեպտեմբերի 11-ին էր շրջանառվում։
Սակայն Գալստյանի քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։
Սակայն հունիսյան ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Սերգո Գալստյանը հայտնվել է ՔՊ-ի շարքում, դարձել կուսակցության անդամ, իսկ այժմ արդեն գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը։
Այս ֆոնին ուշագրավ է նաև Մեղրիում առկա ներքաղաքական իրավիճակը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին ձերբակալվել, իսկ հաջորդ օրը կալանավորվել է՝ ընդերքն առանց թույլտվության օգտագործելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում՝ ներքին համոզմունքի հիման վրա։
Անդրեասյանը ՔՊ-ական համայնքապետ էր, սակայն այս ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց։ Նրա կալանավորումից հետո Մեղրիում ընտրական «խաղաթղթերը» փոխվել են, իսկ գործող համայնքապետը, չնայած կալանավորված լինելուն, հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ։
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Մեղրիում Գալստյանի առաջադրումը միանշանակ չի ընդունվել, և նրա շուրջ տեղում լուրջ աջակցություն չկա։ Մեղրիում մի հատված շարունակում է պահանջել Խաչատուր Անդրեասյանի վերադարձը քաղաքական դաշտ՝ չնայած նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
դիտվել է 34 անգամ
Leave a Reply