Վահե Բեգոյանը գրել է․
«Այն մասին, թե ինչու ՀՀ ԱԺ-ն չի կարող օրենք ընդունել, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը կկարողանա ինչ-որ կերպ միջամտել կամ, մանավանդ, մասնակցել Առաքելական եկեղեցու (կամ ցանկացած այլ կրոնական կազմակերպության) ղեկավարի նշանակման գործին։
Որովհետև այդպիսի օրենքը կհակասի՝
– ՀՀ Սահմանադրության 17 և 41(4) հոդվածներին։
– Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին՝ մտքի, խղճի և կրոնի ազատության մասին՝ մեկնաբանված ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածի՝ միավորումների ազատության իրավունքի լույսի ներքո։
– ՄԻԵԴ-ի՝ այս թեմայով կայացրած մի շարք որոշումներով ձևավորված նախադեպային իրավունքին։
– Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածին՝ մտքի, խղճի և կրոնի ազատության մասին, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մեկնաբանել է որպես ներառող նաև կրոնական համայնքների՝ իրենց կրոնական առաջնորդներին ընտրելու ազատությունը։ Մասնավորապես, Կոմիտեի մեկնաբանության համաձայն՝ կրոնի դավանման ազատությունը ներառում է կրոնական համայնքի հիմնարար ներքին գործերին վերաբերող գործողությունները, այդ թվում՝ «կրոնական առաջնորդների, քահանաների և ուսուցիչների ընտրության ազատությունը»։
– ԵԱՀԿ-ի 1989 թ. Վիեննայի եզրափակիչ փաստաթղթին՝ կրոնական համայնքների իրավունքները հարգելու մասին, որում, ի թիվ այլի, նշվում է, որ կրոնական համայնքներն իրավունք ունեն՝
– կազմակերպվելու իրենց սեփական հիերարխիկ և ինստիտուցիոնալ կառուցվածքին համապատասխան,
– ընտրելու, նշանակելու և փոխարինելու իրենց անձնակազմը՝ իրենց սեփական պահանջներին և չափանիշներին համապատասխան»։
Այսինքն՝ այն հանգամանքը, որ պետություն–Եկեղեցի հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, չի նշանակում, որ Ազգային ժողովը կարող է օրենքով վերացնել Եկեղեցու՝ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը։ Ճիշտ այնպես, ինչպես, ասենք, չի լինի օրենք ընդունել, որը թույլ կտար ստրկատիրություն և մարդկանց կողմից այլ մարդկանց տիրապետումը։
Մի երկու այսքան էլ կարելի է գրել, թե ինչու կառավարությունը չի կարող միջամտել մամուլի կամ հասարակական կազմակերպությունների ղեկավարների նշանակմանը»։
դիտվել է 149 անգամ
Leave a Reply