Մոսկվան սպասում է, որ Անկարան Կիևին անախորժ ազդանշան կուղարկի «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերաբար իրականացվող ահաբեկչական հարձակումների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
ՌԴ արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն ահաբեկչություններին, որոնք կիևյան ռեժիմն իրականացնում է ոչ միայն Ազովի, այլև Սև ծովում։ «Ուղղակի նախօրեին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն կար այն մասին, որ ուկրաինական անանձնակազմ մոտորանավակների նոր, բավականին հզոր հարձակումներ են իրականացվել թուրքական նավերի, թուրքական լցանավերի և այլ նավերի դեմ, որոնք թուրքական բեռներ էին փոխադրում։ Սա արդեն ամենևին էլ առաջին անգամը չէ, չխոսելով արդեն այն մասին, որ դեպի Թուրքիա գնացող «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքը պարբերաբար ենթարկվում է ահաբեկչական հարձակումների»,- արձանագրել է Լավրովը։
«Մենք հետաքրքրվել ենք մեր թուրք գործընկերներից, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել դրան»,- հայտնել է ռուսաստանցի նախարարը։ Եվ հստակեցրել է. «Հուսով ենք, որ նրանք կկարողանան հրապարակայնորեն ինչ-որ գնահատական տալ այդ իրադարձություններին, ինչպես նաև կկարողանան կոշտ ու անախորժ ազդանշան հղել ահաբեկչական կիևյան ռեժիմին»։
Leave a Reply