2026 թվականին ամերիկյան The Atlantic ամսագրում հրապարակված The end of reading is here մեծ աղմուկ է հանել: Հոդվածում ներկայացվող փաստերում դժվար չէ զուգահեռներ տեսնել վերջերս հրապարակված PISA միջազգային հետազոտության Հայաստանի վերաբորեղ արդյունքների հետ։
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):
Ռոուզ Հորովից
Մի ժամանակ լավատեսները կարծում էին, որ համընդհանուր գրագիտությունն անխուսափելի է: Հիմա, սակայն, թվում է, թե ընթերցանության դարաշրջանը կարող է մարդկության պատմության մեջ ընդամենը կարճատեւ անոմալիա լինել։
Ըստ լեգենդի՝ շուրջ 2300 տարի առաջ Եգիպտոսի Պտղոմեոս I թագավորը խնդրեց իր պալատական խորհրդականին կազմել աշխարհի գրավոր աշխատանքների համապարփակ հավաքածուն։ Պտղոմեոսը պատկերացնում էր մի գրադարան, որը կպահպաներ մարդկության կուտակած գիտելիքների ամբողջությունը։ Նրա հաջորդները ժառանգեցին այս հրամանը։ Թագավորական ուժերը խուզարկում էին Ալեքսանդրիա ժամանող յուրաքանչյուր նավ՝ ձեռագրեր գտնելու եւ դրանք գրադարանին հանձնելու նպատակով։ Դրանք պահվում էին Մուսիոնում՝ մուսաների սրբավայրում, որը կառուցվել էր Արիստոտելի Լիցեյի օրինակով։ Ասում են, որ Արիստոտելի գրքերի սեփական հավաքածուն նույնպես ներառվել էր այդ գրադարանում։
Ալեքսանդրիայի գրադարանի պատմության մեծ մասը մեզ չի հասել։ Սակայն հայտնի է, որ այն նախաժամանակակից աշխարհի մեծագույն մտավոր նվաճումներից մեկն էր։
Այդ գիտական ու մտավոր վերելքը երկար չտեւեց։ Մ.թ. 400 թվականին գրադարանն արդեն անհետացել էր։ Շատ գիտնականներ դրա ոչնչացումը համարում են պատմության ընթացքում գիտելիքի ամենամեծ կորուստներից մեկը եւ Մութ դարերի սկիզբը։ Դարեր շարունակ պատմաբանները վերլուծել են պապիրուսի բեկորները՝ փորձելով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ։
Ավանդաբար, պատասխանը պատերազմն էր համարվում։ Մ.թ.ա. 48 թվականին, Ալեքսանդրիայի պաշարման ժամանակ, Հուլիոս Կեսարի հրամանով հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով այրվեց առնվազն 40,000 մագաղաթ։ Գրադարանը, սակայն, պահպանվեց փոքրացված տեսքով մինչեւ մ.թ. IV դարը, երբ Ալեքսանդրիայի արքեպիսկոպոսի հետեւորդները թալանեցին հեթանոսական տաճարը, որտեղ պահվում էին մնացած ձեռագրերը։ Այնուամենայնիվ, ժամանակակից պատմաբանները հակված են նվազեցնել այդ դրամատիկ միջադեպերի նշանակությունը՝ նախապատվությունը տալով գրադարանի կորստի ավելի առօրեական պատճառին՝ անփութությանը։
Հավաքածուի պահպանումը հսկայական ծախսեր էր պահանջում։ Խոնավությունը, մկներն ու միջատները դանդաղորեն ոչնչացնում էին պապիրուսե գլանափաթեթները։ Գրագիրները ստիպված էին շարունակաբար արտագրել հին տեքստերը, քանի դեռ դրանք չէին մաշվել ու անընթեռնելի դարձել։ Ի վերջո, գրադարանի պահպանման մարտահրավերներն ավելի մեծ դարձան, քան այն պահպանելու կամքը։
«Գրադարանի անհետացումը չէ, որ հանգեցրեց Մութ դարերին, եւ ոչ էլ դրա պահպանումը կբարելավեր այդ դարաշրջանը», – գրել է դասական գրականության գիտնական Ռոջեր Բագնալը։ Այն փաստը, որ գրադարանին թույլ տրվեց անհետանալ, պարզապես ցույց էր տալիս, որ Մութ դարերն արդեն եկել էին։
Լուսանկարը` Amy Theodore
Մոտ 2000 տարի անց, բոլորովին այլ հանգամանքներում, խավարը կրկին կուտակվում է։ Ամերիկացիները, որոնք երբեմնի հպարտորեն գրագետ հասարակության անդամներ էին, այժմ զգալիորեն ավելի քիչ են կարդում։ Արվեստի ազգային հիմնադրամի տվյալներով՝ երկրի ընթերցանության սովորույթների ամենաընդգրկուն հետազոտության շրջանակում հարցված մեծահասակների կեսից պակասն է նշել, որ 2022 թվականին կարդացել է որեւէ գիրք։ Ընդամենը 38 տոկոսն է կարդացել վեպ կամ պատմվածքների ժողովածու։ American Time Use Survey-ի հարցման 236 000 պատասխանների վերլուծության հիման վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցանկացած օր հաճույքի համար կարդացող ամերիկացիների մասնաբաժինը 2004 թվականի 28 տոկոսից 2023 թվականին նվազել է մինչեւ 16 տոկոս։ Ուսումնասիրության շրջանակում «կարդալ» հասկացությունը ներառել է գրքի, ամսագրի կամ թերթի ընթերցումը, աուդիոգիրք լսելը եւ էլեկտրոնային գիրք կարդալը։ Խաղադրույքներն անգամ ավելի տարածված ժամանց են դարձել, քան գրքեր կարդալը. անցյալ տարի ամերիկացիների 57 տոկոսը որեւէ ձեւով խաղադրույք է կատարել։
***
Ամերիկացիները նաեւ շատ ավելի քիչ են լուրեր ստանում ընթերցելու միջոցով, քան նախկինում։ 1975 թվականին 20 տարեկանների մոտ կեսը նշել էր, որ ամեն օր թերթ է կարդում։ Այսօր այդպես է անում 10 տոկոսից էլ պակասը։ Ամերիկացիների մեծ մասն այժմ նորություններին հետեւում է հեռախոսով կամ նոութբուքով, իսկ 40 տոկոսն ասում է, որ նախընտրում է առցանց լուրերը դիտել կամ լսել, այլ ոչ թե կարդալ։
Այս տեղաշարժը հաճախ անվանում են գրագիտության ճգնաժամ։ Եվ, իրոք, ամերիկացիների ընթերցանության հիմնարար հմտությունները թուլանում են։ Վերջին տասնամյակում չորրորդ եւ ութերորդ դասարանների աշակերտների ընթերցանության արդյունքները նվազել են։ Ամերիկյան դպրոցական գրադարանավարների ասոցիացիայի խորհրդի անդամ Ամանդա Կորդելսկին ինձ ասաց, որ ինքը եւ իր գործընկերները ստիպված են եղել նոր գրքեր ձեռք բերել՝ աշակերտների ընթերցանության մակարդակի անկմանը համապատասխանելու համար։ Ամենապահանջվածներից են գրաֆիկական վեպերը, դասականների արդիականացված տարբերակները, տարրական դպրոցի աշակերտների համար նախատեսված «Կախարդական ծառի տունը» շարքը, ինչպես նաեւ միջին եւ ավագ դպրոցի աշակերտների շրջանում տարածված մանգան։
2024 թվականին անցկացված ազգային թեստի արդյունքներով՝ ավագ դպրոցի շրջանավարտների ընդամենը 35 տոկոսն էր «հմուտ» այնպիսի կարողություններում, ինչպիսիք են բարդ գեղարվեստական թեմաների վերլուծությունը եւ հեղինակի փաստարկների արդյունավետության գնահատումը։ Մոտավորապես նույնքան աշակերտ էլ «հիմնականից ցածր» մակարդակում էր։ Դա նշանակում է, որ նրանք կարող են դժվարանալ տեքստում ուղղակիորեն չարտահայտված գաղափարներից եզրակացություններ անել կամ համատեքստային հուշումների միջոցով անծանոթ բառի իմաստը հասկանալ։ Մեծահասակների գրագիտության ցուցանիշները նույնպես նվազել են։ Ամերիկացի մեծահասակների գրեթե 30 տոկոսը չի կարողանում բազմաէջանոց տեքստը վերաձեւակերպել կամ դրանից եզրակացություններ անել։ 2017 թվականին այդ ցուցանիշը 20 տոկոսից ցածր էր։
Եվ, այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ հնչի, ամերիկացիները, հավանաբար, ավելի շատ բառեր են կարդում, քան երբեւէ։ Պարզապես փոխվել է այն, թե ինչ նրանք կարդում են, եւ կարդալու եղանակը։ Մարդիկ ռմբակոծվում են էլեկտրոնային նամակներով, SMS-ներով, X-ի գրառումներով։ Տեքստային այս բեկորների պայթունավտանգ տարածումը տեղի է ունեցել ավելի երկար գրավոր տեքստերին երկար ժամանակ կենտրոնանալու կարողության հաշվին՝ այն տեքստերին, որոնք հարուստ եւ բարդ տեղեկատվություն են փոխանցում։ UCLA-ի ճանաչողական նյարդաբան Մարիան Վուլֆը պնդում է, որ մարդիկ կորցնում են գրավոր խոսքի շուրջ խորությամբ մտածելու կարողությունը։ Սա չի նշանակում, որ նրանք մոռանում են առանձին բառերը վերծանելու հմտությունը։ Ավելի շուտ, նրանք կորցնում են ըմբռնման եւ սինթեզի ավելի բարձր մակարդակի կարողությունները։ Այլ կերպ ասած՝ Ամերիկան անգրագետ չի դառնում։ Այն դառնում է հետգրագետ։
***
Կարդալը երբեք բնական կարողություն չի եղել։ Մարդիկ չունեն բնածին ճանաչողական մեխանիզմներ, որոնք նախատեսված են տառերը բառերի վերածելու եւ դրանք իրական աշխարհի առարկաների ու երեւույթների հետ կապելու համար։ Կարդալ սովորելու համար մարդիկ ստիպված են եղել օգտագործել ուղեղի այն հատվածները, որոնք ի սկզբանե ծառայում էին խոսքի ընկալմանը եւ առարկաների ճանաչմանը։ Այս հմտությունն առաջին անգամ ի հայտ է եկել շուրջ 6000 տարի առաջ՝ Միջագետքում։ Հետագա հազարամյակների ընթացքում, սակայն, բնակչության մեծ մասը մնացել է անգրագետ։ Գրագիտությունը զանգվածային երեւույթ դարձավ համեմատաբար վերջերս՝ Յոհաննես Գուտենբերգի կողմից 1440 թվականին տպագրական մեքենայի գյուտից հետո։
Լուսանկարը` Amy Theodore
Գրավոր խոսքը հիմնարար առումով տարբերվում է բանավոր լեզվից։ Գիրը ուղերձն անջատում է այն հաղորդողից՝ հնարավորություն տալով տեղեկատվությունը տարածել ավելի անաչառ ձեւով, քան հնարավոր էր բանավոր հասարակություններում։ Քանի որ միտքը գրի առնելն ավելի երկար է տեւում, քան այն արտասանելը, գրելը ստիպում է հեղինակին դանդաղել եւ մտորել։ Գրավոր լեզուն, որպես կանոն, օգտագործում է ավելի բարդ նախադասություններ եւ ավելի հարուստ բառապաշար, քան բանավոր խոսքը։ Եվ ի տարբերություն խոսքի՝ գրված խոսքը չի անհետանում օդում։ Ընթերցողները կարող են կրկին ու կրկին վերադառնալ տեքստին՝ նոր իմաստներ եւ ընկալումներ որոնելու համար։ Քանի որ գրելը ժամանակատար է, մարդը կարող է որոշ ժամանակ անց մոռանալ իր գրածը՝ միաժամանակ վստահ լինելով, որ այն պահպանվել է։ Սա ազատում է միտքը՝ նոր գաղափարների մասին մտածելու եւ նոր բացահայտումներ անելու համար։
«Գրելը մարդկային գիտակցությունը վերափոխել է ավելի, քան որեւէ այլ գյուտ», – գրել է պատմաբան եւ ճիզվիտ քահանա Ուոլտեր Ջ. Օնգը իր 1982 թվականին հրատարակված «Բանավորություն եւ գրագիտություն» գրքում։ Նա պնդում էր, որ գրագիտությունը պայմաններ է ստեղծում ներքին կենտրոնացման, երկարատեւ ուշադրության եւ տրամաբանական դեդուկցիայի համար։ Այն հնարավորություն է տալիս ռացիոնալ, գծային եւ վերլուծական մտածողության նոր ձեւ զարգացնել։
Օնգը մեջբերում է նյարդահոգեբան Ալեքսանդր Լուրիայի դեպքերի ուսումնասիրությունները։ 1930-ականներին Լուրիան ճանապարհորդում էր Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հեռավոր գյուղերում, որտեղ գյուղացիները սկսում էին տարրական ընթերցանության եւ գրելու ուսուցում ստանալ։ Նա մարդկանց հետ հանդիպում էր թեյարաններում, դաշտային ճամբարներում եւ երեկոյան՝ խարույկների շուրջ։ Այդ հանդիպումների ընթացքում Լուրիան մի շարք հարցեր էր տալիս՝ փորձելով պարզել անգրագետ եւ գրագետ գյուղացիների մտածողության տարբերությունները։ Մի անգամ նա գյուղացիներից մեկին ասել է. «Հեռավոր Հյուսիսում բոլոր արջերը սպիտակ են։ Նովայա Զեմլյան գտնվում է Հեռավոր Հյուսիսում»։ Այնուհետեւ հարցրել է, թե ինչ գույն ունեն Նովայա Զեմլյայի արջերը։
Գրագետ գյուղացիները կարողացել են տրամաբանական եզրակացություն անել եւ լրացնել սիլոգիզմը։ Անգրագետները, սակայն, հրաժարվել են պատասխանել՝ բացատրելով, որ երբեք Հյուսիսում չեն եղել եւ, հետեւաբար, չեն կարող իմանալ արջերի գույնը։
Այս ուսումնասիրությունները, ըստ Օնգի մեկնաբանության, ցույց էին տալիս, որ գրագիտությունը մարդկանց փոխանցում էր ոչ միայն բառերը կարդալու ունակություն, այլեւ տրամաբանորեն եւ վերացականորեն մտածելու նոր կարողություն։
***
19-րդ դարում նամակագրությունը արվեստի ձեւ էր, եւ նույնիսկ սիրելիների միջեւ նամակները գրվում էին նրբագեղ, պաշտոնական ոճով։ «Մեզ համար հիմա տարօրինակ է տեսնել դա. քաղաքացիական պատերազմի զինվորը՝ ցեխի մեջ, վրանում նստած, գրում է իր կնոջը այնպես, կարծես Շեքսպիրը լիներ», – ինձ ասաց Կոլումբիայի համալսարանի լեզվաբան Ջոն ՄաքՎորթերը։ «Ու մտածում ես. չի՞ կարող նա պարզապես անկաշկանդ լինել սեփական կնոջ հետ։ Բայց բանն այն է, որ նա, ըստ էության, նրան վարդեր է ուղարկում»։
***
Երբ մարդիկ կարդում են, կարող են նկատել, որ ավելի քիչ տեղեկատվություն են ընկալում եւ հիշում։ Սա հատկապես ակնհայտ է հեռախոսով կարդալու դեպքում։ Անվերջ «սքրոլը», հղումներն ու ծանուցումները խրախուսում են մակերեսային ընթերցանությունը՝ անընդհատ շեղելով ընթերցողին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ թվային սարքերով կարդալիս ավելի քիչ են հասկանում տեքստը, քան թղթից կարդալու դեպքում, հնարավոր է՝ հենց այս շեղող գործոնների պատճառով։ Տեքստին երկար ժամանակ եւ առանց ընդհատումների ուշադրություն հատկացնելն այժմ կարող է չափազանց մեծ պահանջ թվալ։ Աուդիոգրքերը դարձել են տպագիր գրքերի հանրաճանաչ այլընտրանք՝ գոնե մասամբ այն պատճառով, որ գիրք լսելը հնարավորություն է տալիս միաժամանակ այլ գործեր անել. կարելի է գիրք լսել, օրինակ, աման լվանալիս կամ աշխատանքի գնալիս։
Լուսանկարը` Amy Theodore
Ուշադրության տեւողության կրճատման եւ ընթերցանության ըմբռնման անկման պայմաններում կարելի էր ակնկալել, որ դպրոցները կդիմադրեն կարճ հատվածների եւ մակերեսային ընթերցանության տարածմանը։ Փոխարենը՝ նրանք նպաստեցին դրան։ 2025 թվականի հարցումը ցույց է տվել, որ միջին եւ ավագ դպրոցների անգլերենի ուսուցիչների մեծամասնությունը աշակերտներին տարեկան ընդամենը զրոյից չորս գիրք է հանձնարարում կարդալ։ Կրթական բարեփոխումների հաջորդական ալիքները հանգեցրել են նրան, որ դպրոցական շրջանները ամբողջական գրքերի փոխարեն նախապատվությունը տալիս են կարճ հատվածներին՝ փորձելով ավելի լավ համապատասխանեցնել ուսուցումը բազմակի ընտրությամբ ընթերցանության ըմբռնման թեստերին։ Դպրոցական ամենատարածված ուսումնական ծրագրերից շատերն այժմ կառուցված են հենց առանձին հատվածների շուրջ։ Կալիֆոռնիա նահանգի Կորոնա քաղաքի տարրական դպրոցի տնօրեն Աննամարի Կորտեսը ինձ ասաց, որ բազմաթիվ տնօրեններ ուսուցիչներին հորդորում են ամբողջական գրքեր չտրամադրել։ Փոխարենը, նրանք պետք է կազմակերպեն առանձին ընթերցանության վարժություններ՝ հիմնված կարճ հատվածների վրա։
***
Գրավոր խոսքը գոյատեւել է հազարավոր տարիներ եւ հաղթահարել է նոր տեխնոլոգիաների հաջորդական մարտահրավերները։ Այն, անկասկած, դիմացկուն է։ Կարդալու մակարդակները կարող են տատանվել, սակայն լավատեսները պնդում են, որ պատմության երկարաժամկետ ընթացքը վկայում է համընդհանուր գրագիտության հաստատման մասին։ Հարվարդի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Մարտին Պուխները ուսումնասիրում է, թե ինչպես է գրականությունը ձեւավորել պատմությունը։ Նա տասնամյակներ է անցկացրել՝ հետեւելով հաղորդակցման տեխնոլոգիաների փոփոխություններին եւ դրանց առաջացրած խուճապներին։ Իր կարիերայի մեծ մասի ընթացքում նա թերահավատորեն է վերաբերվել ընթերցանության ավարտի մասին մտավախություններին։ «Եթե գրելու տեխնոլոգիայի փոփոխությունների երկար պատմությունը ինձ ինչ-որ բան է սովորեցրել, ապա կարծում եմ, դա այն է, որ միշտ պետք է դիմադրել նման ապոկալիպտիկ սցենարներին», – ասաց նա։
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ Պուխներն այժմ կարծում է, որ այդ ապոկալիպտիկ սցենարը իրականություն է դառնում։ Տեսանյութից դեպի տեքստ վերադարձն այժմ չափազանց անհավանական է թվում։ Հնարավոր է՝ Մարշալ ՄաքԼուհանն ու Նիլ Փոստմանը սխալ չէին, երբ կանխատեսում էին, որ մեր հասարակությունը հետգրագետ կդառնա։ Նրանք պարզապես իրենց ժամանակից առաջ էին։ Այն աշխարհը, որը այս տեսաբանները կանխատեսում էին կես դար առաջ, այժմ արդեն այստեղ է։ Գրագիտության դարաշրջանը կարող է լինել ընդամենը կարճատեւ միջանկյալ շրջան՝ բանավոր եւ թվային դարաշրջանների միջեւ։
Կարդալը ձեւավորել է ժամանակակից միտքը։ Դրա անհետացումը կվերաձեւավորի այն։ Ճանաչողական գիտությունների մասնագետները սկսում են հասկանալ, թե ինչպիսին կարող են լինել այդ փոփոխությունները։ Ես նրանցից տասներկուսին հարցրի, թե ինչ է տեղի ունենում մեր ուղեղի հետ, երբ մենք դադարում ենք կարդալ։ Նրանցից մի քանիսին իմ հարցը նույնիսկ զվարճացրեց իր պարզությամբ։ «Ձեզ հետ պատահող ամեն ինչ փոխում է ուղեղը։ Բառացիորեն մեկ բառ կարդալը փոխում է ձեր ուղեղը առնվազն մի քանի ժամով, իսկ եթե գիտեք, թե ինչպես դա ճիշտ չափել, ապա՝ շատ ավելի երկար», – ասաց ինձ Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Դեն Ուիլինգհեմը։ Նա փորձում էր հանգստացնել ինձ. եթե ամեն ինչ փոխում է ուղեղը, ապա գրեթե ոչ մի առանձին գործողություն այնքան էլ մեծ նշանակություն չունի։
Բայց ի՞նչ է տեղի ունենում, եթե դուք շարունակաբար մի տեսակի գործունեությունը՝ օրինակ՝ մեկ բառ կարդալը, փոխարինում եք մեկ այլ գործունեությամբ՝ ասենք, Instagram-ում տեսանյութեր դիտելով։ Նյարդաբանության ամենահաստատված եզրակացություններից մեկն այն է, որ մարդու ուղեղը հարմարվում է նրան, ինչն ամենից հաճախ է անում։ Եթե մեր ժամանակը գրքերի փոխարեն լցնենք կարճ տեսանյութերով, ընթերցանության մեր հմտությունները կթուլանան։ Մենք ավելի քիչ նախնական գիտելիք կունենանք, որն օգնում է հասկանալ կարդացածը։ Ինքնաբուխ զանգվածային անգրագիտության վտանգ չկա, բայց ընթերցանության շնորհիվ զարգացած բարդ ճանաչողական հմտությունները սկսում են քայքայվել։ Մտքի գրադարանը քայքայվում է։
Գիրք կարդալը ուշադրությունը կենտրոնացնելու մարզում է։ Որքան շատ եք կարդում, այնքան հեշտ է դառնում կարդալը, եւ այնքան ավելի մեծ պարգեւ եք ստանում նոր գիտելիքներ ձեռք բերելուց։ Ի վերջո, գործընթացը սկսում է ավելի շատ հաճույք պատճառել, քան ջանք պահանջել։ Սակայն, ինչպես ֆիզիկական վարժությունների դեպքում, այստեղ եւս գործում է հակառակ սկզբունքը. որքան քիչ եք կարդում, այնքան ավելի դժվար է դառնում կարդալը, եւ այնքան ավելի դժվար է գիտելիք ձեռք բերելու ճանապարհը։
***
Տեսանյութեր դիտելը ներգրավվածության ավելի պասիվ ձեւ է, քան ընթերցանությունը։ Հաթոնը վերջերս ուսումնասիրել է 3-ից 5 տարեկան երեխաների ուղեղի պատկերները, երբ նրանք տարբեր ձեւաչափերով պատմություններ էին ընկալում։ Երբ երեխաները դիտում էին պատմության անիմացիոն տարբերակը, նրանք երեւակայության հետ կապված ուղեղի հատվածն օգտագործում էին մոտ երկու անգամ ավելի քիչ, քան այն ժամանակ, երբ լսում էին աուդիո ձայնագրություն՝ ստատիկ նկարազարդումների ուղեկցությամբ։ Տեսանյութ դիտելիս երեխաները նաեւ ավելի քիչ էին օգտագործում ուսուցման հետ կապված ուղեղի հատվածները: «Նրանք իրականում այնքան էլ կարիք չունեն օգտագործելու իրենց երեւակայությունը, քանի որ ամեն ինչ կատարվում է էկրանին։ Ուղեղը պարզապես ավելի քիչ աշխատանք է կատարում՝ հասկանալու եւ սովորելու այն, ինչ տեսնում է անիմացիայի դեպքում՝ համեմատած նկարազարդումների հետ», – ասաց ինձ Հաթոնը։
Լուսանկարը` Amy Theodore
Պարադոքսն այն է, որ թեեւ տեսանյութը տեքստից ավելի շատ տեղեկատվություն է պարունակում, այն ավելի խորքային մտածողություն չի խթանում։ Ընդհակառակը՝ տեսանյութը դիտողին միաժամանակ այնքան մեծ ծավալի տեղեկատվություն է փոխանցում, որ դժվար է կենտրոնանալ դրա որեւէ առանձին բաղադրիչի վրա։ Կադրերն անընդհատ փոխվում են՝ անկախ նրանից՝ դիտողը հասցրել է նկատել կամ հասկանալ դրանք, թե ոչ։ Քչերն են կանգնեցնում տեսանյութը կամ հետ վերադառնում՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող էին բաց թողնել։
***
Գրելը դժվար է, եւ հենց այդ դժվարության հաղթահարելու ընթացքում էլ գրողը սովորում է։ Եթե արհեստական բանականությունը (ԱԲ) վերացնում է այդ դժվարությունը, ապա այն կարող է վերացնել նաեւ ուսուցման գործընթացը։
Վաղ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց դա էլ տեղի է ունենում, երբ մարդիկ գրելու համար օգտագործում են արհեստական բանականություն։ Գործընթացը դառնում է ավելի հեշտ, իսկ արդյունքը հաճախ ավելի լավն է լինում, քան այն, ինչ մարդը կարող էր ինքնուրույն գրել։ Բայց այդ հարմարավետության գինը կարող է մտավոր զարգացումը լինել։ Բրազիլիայում անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ բակալավրիատի ուսանողները, որոնք սովորելիս օգտագործել են ԱԲ, անակնկալ թեստի ժամանակ զգալիորեն ավելի վատ արդյունք են գրանցել, քան նրանք, ովքեր սովորել են առանց ԱԲ-ի։ ԱԲ օգտագործած ուսանողները զիջել են իրենց հասակակիցներին անգամ այն հարցերում, որոնք պահանջում էին ոչ թե կոնկրետ գիտելիքների վերարտադրում, այլ սեփական մտքերը ձեւակերպելու, անդրադառնալու եւ մտավոր ջանք գործադրելու կարողություն։ Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ճանաչողական առաջադրանքների համար արհեստական բանականության հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում քննադատական մտածողության կարողությունների վրա։
***
ԱԲ-ն պրոֆեսիոնալ արձակ է ստեղծում։ Այնուամենայնիվ, որքան էլ ԱԲ-ի ստեղծած տեքստը հաճելի ու համոզիչ լինի, այն հաճախ ոչ օրիգինալ է, կարող է պարունակել անճշտություններ կամ միաժամանակ լինել եւ՛ ոչ օրիգինալ, եւ՛ անճիշտ։ Հետեւաբար, մարդիկ ավելի քան երբեւէ քննադատական մտածողության եւ խորաթափանցության կարիք կունենան։ Նրանք պետք է իմանան, թե ինչ են մտածում եւ ինչպես ինքնուրույն դատողություններ անել։ Իսկ սրանք հենց այն հմտություններն են, որոնք ԱԲ-ի օգտագործումը կարող է վտանգել։
Լուսանկարը` Amy Theodore
Վտանգված է ոչ այլ ինչ, քան ինքնուրույն մտածելու կարողությունը։ Եթե մարդիկ սկսեն ապավինել արհեստական բանականությանը՝ իրենց փոխարեն գրելու համար, նրանք կարող են կորցնել հարցադրումներ անելու եւ անգամ սեփական տեսակետները ձեւավորելու ունակությունը։ Սրանք հիմնարար մարդկային կարողություններ են։ «Եթե մենք հրաժարվեինք դրանցից, մենք կդադարեինք լինել այնպիսին, ինչպիսին կանք։ Մենք բոլորովին այլ էակներ կդառնայինք,» – ասաց ինձ Նյու Յորքի համալսարանի փիլիսոփա Կվամե Էնթոնի Ապիան:
***
Առնվազն որոշ չափանիշներով գրքերը շարունակում են բարգավաճել։ Անցյալ տարի տպագիր գրքերի վաճառքն ավելի բարձր էր, քան մեկ տասնամյակ առաջ։ Barnes & Noble-ը բացել է ավելի քան 60 նոր խանութ, իսկ 2025 թվականին գրեթե 400 նոր անկախ գրախանութ է հիմնադրվել։ Substack-ում երկար գրավոր բովանդակության բաժանորդագրությունները կտրուկ աճել են։ Հայտնի մարդիկ, ինչպիսիք են Դուա Լիպան եւ Ռիզ Ուիզերսփունը, իրենց համբավն ու ազդեցությունն օգտագործել են հսկայական հաջողություն ունեցող գրքի ակումբներ ստեղծելու համար։ Աուդիոգրքերը միլիարդավոր դոլարների շուկա են դարձել։
Սակայն լավատեսները հաճախ անտեսում են տվյալների մեկ կարեւոր օրինաչափություն. տեքստը ծաղկում է բնակչության ավելի փոքր հատվածի շրջանում։ Մեծահասակների ընդամենը 20 տոկոսն է կարդացել անցյալ տարի կարդացած բոլոր գրքերի ավելի քան 80 տոկոսը։ «Այն վերածվում է մի տեսակ հոբբիի՝ ինչպես նամականիշեր հավաքելը կամ խոլորձներ աճեցնելը», – ասաց ինձ Ռաթգերսի համալսարանի ընթերցանության պատմաբան Լիա Փրայսը։
Լուսանկարը` Amy Theodore
Նրանք, ովքեր կարդում են, այսօր ավելի շատ ժամանակ են հատկացնում ընթերցանությանը, քան երկու տասնամյակ առաջ։ Թվում է՝ նրանք ավելի կրքոտ են տպագիր խոսքի նկատմամբ, քան իրենց նախորդները։ Բայց այն մարդիկ, ովքեր նվիրված են տեքստին եւ գրավոր խոսքից ստանում են մշակութային ընկալումներ ու մտավոր կապեր, այժմ վերածվում են մի ենթամշակույթի։ Այն փաստը, որ դուք կարդում եք այս հոդվածը, գրեթե անկասկած, նշանակում է, որ դուք արդեն այդ ենթամշակույթի անդամ եք։
Այժմ, երբ ընթերցող լինելը կամավոր ընտրություն է դարձել, այն կարող է նաեւ ինքնության նշիչ ծառայել։ Երբ գնացքում տեսնում եք մեկին, ով տպագիր նյութ է կարդում, դա արդեն որոշակի հայտարարություն է թվում։ Հավանաբար, անխուսափելիորեն, նման հայտարարությունները դարձել են նաեւ առցանց ծաղրի առարկա. եթե գիրքը չափազանց ցուցադրաբար ներկայացնեք հանրային վայրում, կարող եք մեղադրվել «կատարողական ընթերցանության» մեջ։ Այս պիտակը ենթադրում է, որ մարդը պարզապես փորձում է ցույց տալ, թե բարձր կրթություն ունի կամ գրական բարձր ճաշակ. այլապես ինչո՞ւ պետք է գիրքը հետը տանի։
Մենք արդեն եղել ենք այս իրավիճակում։ Երբ հասարակությունն առաջին անգամ բանավոր մշակույթից գրավոր մշակույթի անցում կատարեց, կարդալ կարողանում էր միայն փոքրաթիվ փոքրամասնությունը։ Որպես այս արժեքավոր հմտությանը տիրապետող եզակի մարդիկ՝ նրանք արտոնյալ դիրք ունեին եւ բարձր վարձատրություն էին ստանում իրենց աշխատանքի համար։ Ալեքսանդրիայի գրադարանում բնակվող գիտնականները, օրինակ, ապրում էին քաղաքի թագավորական համալիրում։
Այսօր ընթերցանությունը կրկին կենտրոնացած է բնակչության փոքրաթիվ հատվածի շրջանում, սակայն գրագետ լինելը դրան այլեւս այն կարգավիճակը չի տալիս, ինչ նախկինում։ Ընթերցողների մնացած մասն այս կամ այլ կերպ մարգինալացվում է։
***
Երբ Ալեքսանդրիայի գրադարանը անհետացավ, նրա գլանափաթեթներում ամփոփված գիտելիքները ընդմիշտ կորան։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե էլ ինչ կարող էին գրել Էրատոսթենեսն ու Էվկլիդեսը։ Տեքստը վերածվեց փոշու։ Այսօր նման բան տեղի չի ունենա։ Մեծ գրադարանի ամբողջ բովանդակությունը կարող էր տեղավորվել մեկ համակարգչային չիպի վրա։ Այսօր նույնիսկ ամենաանհայտ ակադեմիական մենագրություններն են սկանավորվում եւ թվայնացվում։ Google Books-ն ու Internet Archive-ը ստեղծել են անհավանական ծավալի թվային գրադարաններ։ Դրանց հասանելիություն կարելի է ստանալ ստեղնաշարի ընդամենը մի քանի հպումով՝ առանց Միջերկրական ծովով վտանգավոր ճանապարհորդության։ Եվ այդ տեքստերին այլեւս չի սպառնում խոնավությունը կամ մկների կրծոտելը։
Լուսանկարը` Amy Theodore
Սակայն անտարբերության վտանգը շարունակում է մնալ։ Մենք կորցնում ենք այդ տեքստերը կարդալու թե՛ կարողությունը, թե՛ ցանկությունը։ Մեզ ժառանգություն է հասել տեղեկատվության եւ իմաստության անսահման հարստություն։ Թե ինչ կանենք այդ ժառանգության հետ, կախված է մեզանից։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply