Հանդիպումներ երազում եւ արթմնի – Mediamax.am

Written by

in

Պատկերացրեք, որ ապրում եք Նյու Յորքում եւ օրը մեջ փողոցում հանդիպում եք ամերիկյան կինոյի կենդանի որեւէ դասականի, օրինակ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային: Պատկերացնել կարելի է, բայց իրականություն դժվար դառնա:

Բայց ես ապրում եմ Երեւանում եւ վերջին մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսել եմ ռեժիսոր Ռոման Բալայանին՝ խորհրդային կինոյի կենդանի դասականին: 

Երեքից երկու անգամ նրան տեսել եմ Մոսկովյանի եւ Բաղրամյանի խաչմերուկի ֆուդկորտում՝ աղցան «բզբզելիս»: Թվում է, որ խորհրդային լավագույն ֆիլմերից մեկի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի հեղինակը անկեղծ գոհ է նրանից, որ նրան Երեւանում առանձնապես չես ճանաչում:

Ռոման Բալայանի հետ վաղուց ընկերություն է անում լրագրող Տիգրան Հակոբյանը: 

Հունիսի 16-ին նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս նկարը ու գրել.

«Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ  բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՛ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։  ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․  Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՛ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր»։

Իսկ այս նկարն արվել է 1990-ականների կեսերին: Վերեւի շարքում Տիգրան Մանսուրյանն է, Ռոման Բալայանը, Հրանտ Մաթեւոսյանը եւ Վանո Սիրադեղյանը:

2013 թվականին «Ոսկե ծիրան»-ին մասնակցող ռեժիսորներին եւ դերասաններին մեկ հարց էինք ուղղել. «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ կինոն»: Ու ամենաանսպասելի պատասխանը տվել էր Ռոման Բալայանը.

«Ես երջանիկ կլինեի, եթե կինեմատոգրաֆը չստեղծվեր: Կինո չեմ սիրում, բոլորն էլ գիտեն: Իմ կյանքում կինոն պարզապես մի կիրք էր, որով տարվեցի: Մարդկությունն էլ երջանիկ կլիներ, հավատացնում եմ ձեզ` առանց կինոյի մարդիկ ավելի երկար կյանք կունենային: Հիշենք Վերածննդի դարաշրջանը` կինո չկար, ամեն ինչ հիասքանչ էր ու այնքան հանճարներ կային»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts