Հնչեց Չայկովսկու անմահ ստեղծագործությունը

Written by

in

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում սեպտեմբերի 17-ին դասական երաժշտության երեկո էր։ Այն նվիրված էր Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործության 150-ամյակին։ Բեմում վիրտուոզ երաժիշտներ էին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Շահգալդյանը (ջութակ), Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։

Մինչև համերգի սկսվելը քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց այն կազմակերպություններին, որոնց բարի կամեցողությամբ և հովանավորությամբ տեղի է ունենում համերգը։

Ցերեկով Կարեն Շահգալդյանը արվեստի քոլեջում վարպետաց դաս էր անցկացրել ջութակի բաժնի երեք ուսանողի հետ։ Համերգը սկսվեց նրա և քոլեջի 2-րդ կուրսեցի Շահանե Գասպարյանի Շոստակովիչի «Պրելյուդի» կատարմամբ։ Այնուհետև մեկ ժամից ավելի Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը հանդիսականին մատուցեցին Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակները» անմահ  ստեղծագործությունը։ «Տարվա եղանակներ» դաշնամուրային շարքը բաղկացած է 12 պիեսից՝ նվիրված տարվա ամիսներին։ Յուրաքանչյուր ամիս ունի բնութագրական ենթավերնագիր և բանաստեղծական բնաբան։ Հանդիսատեսը անկասկած տպավորված էր երաժիշտների բարձրակարգ կատարումներով։

Համերգը կազմակերպվել էր ՀՀ-ում Ռուսաստանի  Դաշնության դեսպանատան և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։ Համերգին ներկա էր ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան աշխատակիցներ, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչներ։

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *