Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիանում տեղի կունենան «Իմ եռագույնը՝ իմ հայրենիքի հավերժ երդումը» խորագիրը կրող տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։
Տոնական ծրագիրը կմեկնարկի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի հարակից տարածքից։ Այստեղից ներկաները, երգ ու երաժշտության ուղեկցությամբ, Ա․ Մանուկյան և Ռ․ Իսրայելյան փողոցներով քայլերթով կշարժվեն դեպի Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակ։
Կենտրոնական հրապարակում կանցկացվի Անկախության օրվան նվիրված գլխավոր տոնական միջոցառումը՝ համայնքի շնորհաշատ երեխաների մասնակցությամբ՝ հայրենասիրական ու տոնական երգերով, պարային գեղեցիկ կատարումներով։
Տոնական միջոցառման ավարտին, Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից կիրականացվի քայլերթ՝ դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր հերոսների անմար հիշատակի առաջ։
Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության 35-րդ տարեդարձը։
Leave a Reply