Երկու տարի՝ անտուն շների կողքին. Դավիթ Դավթյանի պատմությունը

Written by

in

Դավիթ Դավթյանին հանդիպում ենք աշխատավայրում։ Նրան ընդառաջ բակով վազում են Գոնչոն եւ Ռայան՝ շները, որոնց Դավիթը պահում եւ խնամում է այստեղ՝ ծնվելու օրվանից։

 

Այժմ՝ դերասան, նախկինում՝ Գեւորգյան ճեմարանի սանն արդեն երկու տարի զբաղվում է անտուն կենդանիներով: Արմավիրի մարզի համայնքներից մեկում՝ իր հողատարածքում հիմնած կացարանում այսօր արդեն 120 շուն կա: Այդ թիվն աճում է ամեն անգամ, երբ Դավիթը հանդիպում է հերթական շանը, որը լքված է, անօգնական կամ տուժել է մարդու դաժան վերաբերմունքից: 

Դավիթ Դավթյանը՝ Գոնչի ու Ռայայի հետ Դավիթ Դավթյանը՝ Գոնչի ու Ռայայի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Գոնչոն ու Ռայան վայելում են իրենց կեսօրյա հանգիստը, Դավիթի հետ զրուցում ենք կենդանիների հանդեպ վերաբերմունքի, մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: 

 

«Ինչո՞ւ Ռայա», – առաջինը հարցնում եմ մեզ ուշադիր լսող շան անվան մասին: «Չգիտեմ, երբ դեռ ձագ էր, աշխատավայրի պապիկներն են անվանել: Երեւի, երիտասարդ տարիների սիրո պատմություններից է», – ծիծաղում է Դավիթը: 

 

«Նոր տարվա օրը շատ վտանգավոր ճանապարհի մոտ երկու ձագ նկատեցի»

 

Ես Էջմիածին քաղաքին հարակից Արշալույս համայնքից եմ։ Անտուն շներին փորձում եմ օգնել արդեն երկու տարի: Հետաքրքիր է, որ այն փուլում, երբ սկսվեց այս ողջ ճանապարհը, անընդհատ մտածում էի շուն որդեգրելու մասին (ժպտում է – հեղ.): Ամեն ինչ աստիճանաբար եղավ: 

Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի անգամ Նոր տարվա օրը աշխատավայրիս մոտ՝ շատ ակտիվ ճանապարհի վրա, երկու փոքր ձագ նկատեցի: Շատ ցուրտ էր, տեղանքը՝ վտանգավոր: Վերցրեցի ու բերեցի աշխատավայրի բակ, որտեղ արդեն մեկ տարի ապրում էին Ռայան ու Գոնչը: 

Աշխատանքից հետո ձագերին հետս տուն տարա, բայց որոշ ժամանակ անց նրանք հիվանդացան այդ տարիքում հաճախ հանդիպող հիվանդությամբ՝ էնտերիտով: Ձագերի կյանքի համար օրերով պայքարեցինք, բարեբախտաբար, փրկվեցին երկուսն էլ ու շարունակեցին ապրել իմ տան բակում: 

 

Հետո աղբանոցում եւս հինգ ձագ գտա՝ նույն հիվանդությամբ: Երեքին, ցավոք, փրկել չհաջողվեց: Այսպես շղթայական հանդիպում էի նոր ձագերի, տերերի կողմից լքված կենդանիների, վնասվածքներ ունեցողների: Քայլ առ քայլ իմ խնամքի տակ եղած շների թիվը տասնյակների հասավ: 

 

«Մեկ ամիս փորձել եմ շահել շան վստահությունը. այսօր ստացվեց»

 

Բնականաբար, սա ենթադրում է մեծ պատասխանատվություն, խնամք, պահման պայմաններ: Հիմա ունեմ իմ կացարանը, որը հիմնել եմ հողատարածքիս վրա: Եթե անցյալ ձմեռն այստեղ անցկացրել ենք 15 շան հետ, այսօր նրանց թիվն արդեն 120 է եւ անընդհատ ավելանում է: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր առավոտյան էլ նոր շուն եմ տարել կացարան: Նկատել էի, որ չափազանց նիհար է եւ նույնքան վախեցած: Փորձում էի կերակրել, բայց անհնար էր, փախչում էր: Հետո քիչ-քիչ հեռվում ուտելիք էի թողնում, որ իմ հեռանալուց մոտենա, ուտի: Այսօր՝ մեկ ամիս փորձելուց հետո վստահեց ինձ, վերջապես մոտեցավ ու նրան կացարան տարա: 

 

Այստեղի ամբողջ աշխատանքը կատարում եմ միայնակ: Ամեն առավոտ մոտ երեք ժամ ծախսում եմ կերակրման, խնամքի, շների հետ շփվելու վրա: Սկզբում, երբ նրանց թիվը 15-20 էր, ինքնուրույն էի հոգում նաեւ ամբողջ ծախսերը: Ինչ-որ պահի նույնիսկ մեքենաս եմ վաճառել այս նպատակով:

Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն ժամանակ դեռ չգիտեի, որ կան կենդանասերների խմբեր, որտեղ կարելի է միավորել ջանքերը: Այսօր սոցիալական հարթակներում ցանկացողները կարող են միանալ դրամահավաքներին՝ աջակցելով շներին: 

 

«Շատ դժվար է գտնել մարդկանց, որոնց կվստահեմ իմ շներին»

 

Կացարանից հետո շներին որդեգրման տալը բավականին բարդ ու պատասխանատու քայլ է։ Սկզբում մեկ-երկու ձագի վստահեցի այլ մարդկանց, բայց որոշ ժամանակ անց ինքս գնացի եւ հետ բերեցի։ Ցավոք, նրանց ընդհանրապես չէին խնամում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա կացարանիս շներին որդեգրման չեմ տալիս: Հետաքրքիր է, որ երբեմն ինձ հետ կապվում են մարդիկ 100+կմ հեռավորությունից եւ որդեգրելու համար ձագ խնդրում: Բացատրում եմ, որ հենց իրենց համայնքում, հնարավոր է՝ իրենց աչքի տակ բազմաթիվ անտուն ձագեր կան, որոնց կարող են հենց տեղում վերցնել: Ցավալի է, բայց փաստ: Նույնիսկ փորձում եմ խմբերից նրանց ուղարկել այդ շների լուսանկարները, բայց կտրուկ հրաժարվում են: Սա արդեն անվստահություն է առաջացնում, որովհետեւ որդեգրել ցանկացող, շներին իսկապես սիրող մարդը չէր անտեսի իր կողքին եղած կենդանիներին ու այդքան հեռու չէր փնտրի: Հիմա գործում եմ մի սկզբունքով՝ եթե փողոցից վերցնում եմ շանն ու տանում ինձ մոտ, նրա համար պատասխանատու եմ մինչեւ վերջ: Այդպես գոնե վստահ եմ, որ ապահով են, լավ սնվում են եւ նրանց ոչ ոք չի վնասի: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դժվար է գտնել մարդկանց, ընտանիքների, որոնց հանգիստ խղճով շուն կտամ: Որդեգրման մեկ հաջող դեպք եմ ունեցել ընկերոջս կողմից, որին լիովին վստահում էի: Իհարկե, նկատել եմ, որ պատասխանատվությունից բացի, նաեւ շատ դժվար եմ բաժանվում շնից, որը գոնե երկու օր մնացել է ինձ մոտ (ժպտում է – հեղ.)

 

«Կան պատմություններ, որոնք մինչեւ հիմա ինձ հետ են»

 

Իհարկե, այս ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք էմոցիոնալ շատ են ազդել: Այս պատմությունները մինչեւ հիմա հետս են: Առաջինը, որի մասին հիշեցի, իմ Լեդիին է: Նա գամփռ է: 

 

Չափերով շատ խոշոր, բայց հյուծված այս շանը գտել եմ փողոցից։ Սարսափած այս ու այն կողմ էր վազում, երբ ինձ պատմեցին նրա մասին։ Դրսում ապրելու օրերին ինչ ասես տեսել էր՝ հարվածներ, ծեծ։ Ամեն մեկն իր տան մոտ նկատելիս «պարտք էր համարում» ծեծելով քշել տարածքից։ 

Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեդիին փողոցից վերցրեցի, երբ պահելու բացարձակ ոչ մի տեղ չունեի։ Ժամանակավոր տեղեր էի գտնում, այնտեղ կապում, որ գոնե ապահով լինի, կարողանամ կերակրել, մինչեւ սկսվեց կացարանի ստեղծումը։ Հիմա Լեդին իրեն շատ լավ է զգում:

 

Մի ձագ էլ ունեի, որը շատ էր սիրվել բոլորի կողմից, նրա նկարները հասել էին Իսպանիա, Արգենտինա: Գտել էի սարսափելի պայմաններում՝ առվի մոտ, պարկի մեջ։ Երեք ձագ էր, մեկն՝ արդեն մահացած, մյուս երկուսը՝ էնտերիտով վարակված։ Այս մեկին էլ փրկել չհաջողվեց։ Նրա աչքերը երբեք չեմ մոռանա ու հաճախ եմ ինքս ինձ մեղադրում, որ, գուցե, հնարավոր էր մի բան էլ անել։ Երրորդ ձագը, բարեբախտաբար, փրկվեց: Իմ Լուլին է (ժպտում է – հեղ.):

 

«Ինչ լավ է՝ գոնե այսօր կուշտ կլինի»

 

Ամեն օրս սկսվում է շների հետ: Այդ ընթացքում բոլորն իրենց ձեւով բարեւում, շնորհակալություն են հայտնում:

 

Մի զգացողություն կա, երբ կերակրում եմ անծանոթ, պատահական հանդիպած շներին։ Ոնց որ ինքս ինձ այդ պահին ասեմ՝ «ինչ լավ է, գոնե այսօր կուշտ կլինի»։ 

Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճիշտ է, հետո մտածում եմ՝ բա վա՞ղը, ու նորից միտքս չի հանդարտվում։ Միակ հույս տվողն այն է, որ վաղն էլ, գուցե, մեկ ուրիշը կկերակրի։ Չնայած՝ ես ապրում եմ սկզբունքով, որ հույսս միայն ես եմ: Հատկապես մեր համայնքում այս առումով միայնակ եմ:  

 

«Կենդանուն պետք է օգնել, առնվազն՝ չվնասել»

 

Հայաստանում անտուն կենդանիների հանդեպ վերաբերմունքը մարզերում եւ Երեւանում բավականին տարբեր է։ Մայրաքաղաքում իրավիճակը քիչ-քիչ, բայց փոխվում է, բարելավվում։ Մարզերում շատ ավելի վատ է:

 

Իհարկե, կան կենդանասերներ, բացառություններ, բայց հատկապես տարիքով մարդկանց դեպքում շատ վատ վերաբերմունքի ականատես ենք լինում: Կարող են փողոցով անցնել ու պարզապես հանդարտ քնած շանը հենց այնպես հարվածել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրականն այն է, որ նոր սերնդի մոտեցումը փոխվում է։ Ինքս էլ երեխաների հետ հաճախ եմ զրուցում, բացատրում, որ կենդանուն պետք է օգնել, առնվազն՝ չվնասել։ Մեծ փոփոխությունների համար ժամանակ է պետք:

 

Երբ դաժանությունը անպատիժ է մնում 

 

Ցավոք, կենդանիներին պաշտպանող օրենքները շարունակում են չգործել: Ինձ հետ դեպք է եղել, երբ մարդու կողմից չափազանց դաժան վերաբերմունքի հետեւանքով վնասված շանն ինքս եմ հասցրել կլինիկա, հարուցվել է գործ, որն առ այսօր ոչ մի տեղ չի հասել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա միայն մեր իմացած, աղմուկ բարձրացրած դեպքերն են։ Բայց մարզերում նման վերաբերմունքն ամենօրյա երեւույթ է, եւ այս բոլոր դեպքերի մասին ոչ ոք նույնիսկ չի իմանում։

 

«Աստծուն իսկապես հավատացող մարդը չի կարող վնաս տալ կենդանուն»

 

Միակ բանը, որ այսքան տեսածիցս հետո ուզում եմ ասել մարդկանց՝ մի քիչ բարի եղեք։ Բարության դրսեւորումը մարդկանց մոտ, կարծես, շատ միատիպ է դարձել։

 

Խոսքս հայտնի արտահայտության մասին է, որը հաճախ կրկնում են՝ «էդ շների փոխարեն ավելի լավ է երեխեքին օգնեք»: Մարդկանց, երեխաներին իմ աջակցության մասին երբեք չեմ խոսում եւ չեմ էլ ուզում, բայց հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հենց այդ մարդը չի փորձում օգնել որեւէ մեկին, օրինակ՝ նույն երեխային: Սովորաբար մարդկանց այս տեսակն առհասարակ ոչինչ չի անում ոչ մի էակի համար, իսկ կենդանասեր մարդը գրեթե անհավանական է, որ անտարբեր կլինի մարդու ցավի հանդեպ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենամեծ երազանքս է, որ Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը փոխվի։ Երբ նայում եմ այլ երկրներին, անկեղծ նախանձում եմ։ Ցավոք, մեզ մոտ հասարակության մեծ մասն ապրում է միայն սեփական շահով, երբ կարելի է սպանել շանը միայն նրա համար, որ, օրինակ, իրենց այգում մոտ հազար դրամի վնաս է հասցրել։ Իհարկե, կան նաեւ բազմաթիվ դրական օրինակներ, եւ սա է, որ գոնե քիչ, բայց հույս է տալիս։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշտ ասում եմ՝ Աստծուն իսկապես հավատացող մարդը չի կարող վնաս տալ կենդանուն: Կարող է չսիրել, չօգնել, բայց վնաս տալ՝ երբեք: Ուզում եմ, որ մի քիչ ավելի բարի ու իրապես քրիստոնյա լինենք՝ ոչ միայն խոսքով։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *