Հրապարակված տեղեկության համաձայն՝ համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը հայտնվել է ավելի քան 300 միլիոն դրամի տուգանքի և տույժի տակ այն պատճառով, որ կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, ինչից հետո առաջացել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, սակայն այն չի կատարվել։
Ու հիմա Բերդում պետք է հնչի առաջին ու ամենապարզ հարցը՝ եթե համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և նրա ղեկավարած համակարգը չգիտեին, թե ինչ է պահանջում օրենքը, ապա ինչպե՞ս են ղեկավարել մի ամբողջ համայնք։ Իսկ եթե գիտեին, ապա ինչո՞ւ օրենքի պահանջը չի կատարվել։
ՏԻԿԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԴՈՒՔ ՉԳԻՏԵԻ՞Ք՝ ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Եթե ձեր ենթակայությամբ գործող կառույցում չգիտեին հարկային պարտավորությունների մասին, ապա ո՞ւմ եք նշանակել այդ կառույցը ղեկավարելու և ֆինանսները տնօրինելու համար։ Եթե գիտեին և չեն գործել, ապա հարցն արդեն շատ ավելի ծանր է։ Իսկ եթե այս ամենի հետևանքով այսօր համայնքի գլխին կախվել է ավելի քան 300 միլիոն դրամի հաշիվ, ապա ո՞վ է դրա համար պատասխան տալու։
Համայնքի ղեկավար լինելը միայն պաշտոն զբաղեցնել, միջոցառումներին մասնակցել կամ ժապավեն կտրել չէ։ Դա նշանակում է հասկանալ, թե ինչ է կատարվում համայնքի բյուջեի, գույքի, ՀՈԱԿ-ների, կոմունալ տնտեսության և հարկային պարտավորությունների հետ։ 300 միլիոն դրամը հնարավոր չէ ջնջել համայնքապետարանի հերթական գեղեցիկ հաղորդագրությամբ։
Այս պատմությունը նաև կրկին առաջ է բերում Բերդում վաղուց հնչող քաղաքական հարցը՝ իրականում որքանո՞վ է Աստղիկ Հակոբյանն ինքնուրույն քաղաքական և կառավարչական դեմք։ Երբ համայնքի ղեկավարի օրոք նրա ենթակայության տակ գործող համակարգում հնարավոր է նման մասշտաբի ֆինանսական հետևանք, արդեն դժվար է ամեն ինչ ներկայացնել որպես շարքային տեխնիկական վրիպում։
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՂԵԿԱՎԱ՞Ր Է, ԹԵ՞ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՄԱՃԻԿ
Բերդում տարիներ շարունակ քննարկվում է Մանուչարյանների ընտանիքի և նախկին ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի քաղաքական ազդեցությունը։ Այդ ֆոնին հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ իրականում ո՞վ է որոշումներ կայացնում համայնքում և որքանո՞վ է համայնքի ղեկավարը քաղաքականապես ինքնուրույն։

Եթե ղեկավարը նույնիսկ նման մասշտաբի ֆինանսական խնդիրը չի կարողանում կանխել, նրա կառավարչական կարողությունների հարցն այլևս անձնական վերաբերմունքի թեմա չէ։ Դա հանրային և քաղաքական պատասխանատվության խնդիր է։
Բայց Բերդի իրական խնդիրը միայն Աստղիկ Հակոբյանը չէ։ Խնդիրը տարիներով վերարտադրվող համակարգն է։ Պաշտոնների անվանումները փոխվում են, կուսակցությունների ցուցանակները փոխվում են, բայց նույն շրջանակները շարունակում են հայտնվել իշխանության, համայնքային կառավարման և քաղաքական ազդեցության կենտրոններում։
25 ՏԱՐԻ ՆՈՒՅՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԴԵՄՔԵՐԸ, ՄՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ
Մանուչարյանների ընտանիքի քաղաքական ազդեցությունը Բերդում նոր երևույթ չէ։ Գագիկ Մելիքյանն էլ Հայաստանի քաղաքական դաշտի նորեկ չէ։ Այսօր արդեն հաջորդ սերունդն է մտնում քաղաքական և համայնքային կառավարման դաշտ։ Հարություն (Արթին) Մանուչարյանը քաղաքականության մեջ է, իսկ Կալին Մանուչարյանն արդեն աշխատում է Բերդի համայնքային համակարգում՝ սանմաքրման ոլորտում։

Ու եթե վաղը Կալին Մանուչարյանին փորձեն ներկայացնել որպես Բերդի «նոր դեմք», ընտրողն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ի՞նչն է այստեղ նորը՝ տարի՞քը, անունը՞, թե՞ կառավարման համակարգը։
Երիտասարդ լինելը դեռ քաղաքական նորություն չէ։ Նորությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը քաղաքականապես անկախ է հին համակարգից և կարողանում է բացատրել՝ ինչով է իր առաջարկած կառավարումը տարբերվելու նախորդից։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԾԸ ՄԻ՛ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՈՐՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԽՐԱՆՔ
Միաժամանակ պետք է վերջապես տարանջատել Բերդում կատարվող պետական ներդրումները տեղական իշխանության իրական աշխատանքի արդյունքներից։ Ճանապարհ է կառուցվում՝ պետք է հստակ ասել, թե ով է ֆինանսավորել։ Դպրոց է հիմնանորոգվում՝ պետք է նշել, թե որ ծրագրով։ Ենթակառուցվածք է կառուցվում՝ պետք է ասել, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել։
Կառավարության ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհը Աստղիկ Հակոբյանի անձնական նվերը չէ Բերդին։ Պետական ծրագրով իրականացված աշխատանքը Մանուչարյանների նվերը չէ։ Հայաստանի Հանրապետության հարկատուների միջոցներով իրականացվող ծրագիրը Գագիկ Մելիքյանի բարեգործությունը չէ։
Դրանք պետության միջոցներն են։
Տեղական իշխանության աշխատանքը պետք է գնահատել նրանով, թե ինչ է արել հենց ինքը և, առավել ևս, ինչ վիճակում է պահել իրեն վստահված համայնքային տնտեսությունը։ Իսկ այստեղ մենք հասնում ենք ամենացավոտ հարցին՝ ինչպե՞ս է կառավարվել այդ տնտեսությունը, եթե այսօր խոսվում է ավելի քան 300 միլիոն դրամի տուգանքի և տույժի մասին։

ԵՐԵՔ ՆՈՐ ՀՈԱԿ ՍՏԵՂԾԵԼԸ ՀԻՆ 300 ՄԻԼԻՈՆԸ ՉԻ ՋՆՋՈՒՄ
Այժմ, երբ «Բերդի կոմունալ ծառայության» շուրջ առաջացել է այս հսկայական ֆինանսական խնդիրը, որոշվում է ստեղծել երեք առանձին կազմակերպություն՝ «Բերդի ջրամատակարարման ծառայություն», «Բերդի ճանապարհների սպասարկում եւ լուսավորում» և «Բերդի աղբահանություն եւ սանիտարական մաքրում»։
Նախ պետք է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել նախկին կառույցի հետ։ Ինչ վիճակում են նրա գույքը, տեխնիկան և պարտավորությունները։ Ո՞վ է պատասխանատու եղել ֆինանսական կառավարման համար։ Ո՞վ է վերահսկել։ Ո՞վ է ստորագրել համապատասխան փաստաթղթերը։ Ե՞րբ է համայնքի ղեկավարությունը տեղեկացել խնդրի մասին և ինչո՞ւ այն ժամանակին չի կանխվել։
Համայնքային տնտեսությունը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է մի կառույց հասցնել ծանր ֆինանսական վիճակի, հետո երեք նորը ստեղծել և շարունակել այնպես, կարծես նախորդ պատմությունը երբեք չի եղել։
Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ 300 ՄԻԼԻՈՆԸ
Եվ այստեղ հասնում ենք ամբողջ պատմության ամենակարևոր հարցին։ Եթե հրապարակված տեղեկությունը ճիշտ է և խոսքը իսկապես ավելի քան 300 միլիոն դրամի մասին է, ապա ո՞վ է վճարելու այդ գումարը։
Աստղիկ Հակոբյա՞նը։ Պատասխանատու պաշտոնյանե՞րը։ Այն քաղաքական շրջանակնե՞րը, որը տարիներ շարունակ ազդեցություն է ունեցել Բերդի կառավարման վրա։ Թե՞ վերջնական արդյունքում հաշիվը կրկին դրվելու է Բերդի շարքային բնակչի առաջ։
Եթե գումարը վճարվելու է համայնքային բյուջեից, ապա յուրաքանչյուր դրամ, որը գնալու է այդ պարտավորությունը մարելուն, այլևս չի գնալու Բերդի ճանապարհներին, լուսավորությանը, աղբահանությանը, ջրամատակարարմանը, գյուղերին և մյուս համայնքային խնդիրներին։
Այսինքն՝ հնարավոր կառավարչական ձախողման գինը վճարելու է քաղաքացին։
Եվ այստեղ է այս պատմության ամբողջ քաղաքական էությունը՝ իշխանությունը մի խմբի ձեռքում է, իսկ սխալների հաշիվը ներկայացվում է ժողովրդին։
2027-ԻՆ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄՆԱԼՈՒ Է ՄԵԿ ՊԱՐԶ ՀԱՐՑ
Հաջորդ ընտրությունների ժամանակ կարելի է նորից խոսել նոր դեմքերի մասին։ Կարելի է նոր թեկնածու բերել, երիտասարդ մարդու ներկայացնել, փոխել կարգախոսները, պաստառները, կուսակցական ցուցանակներն ու նախընտրական խոստումները։
Բայց Բերդի ընտրողը քվեախցիկ մտնելիս կարող է այդ ամբողջ աղմուկը մի կողմ դնել և ինքն իրեն տալ շատ ավելի պարզ հարց.
այն, ինչ տեղի է ունեցել Բերդում վերջին 25 տարիներին, իրեն բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։
Իսկ մինչ այդ գործող համայնքային իշխանությունը Բերդի բնակչին պարտք է ոչ թե հերթական քաղաքական բացատրությունը, այլ շատ կոնկրետ պատասխաններ։
Ինչպե՞ս է առաջացել ավելի քան 300 միլիոն դրամի պարտավորությունը։ Ո՞վ է թույլ տվել, որ այն հասնի այդ չափին։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Եվ վերջապես՝ ո՞վ է վճարելու այդ 300 միլիոն դրամը։
Leave a Reply