Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

Written by

in

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում է, սակայն Հայաստանում կանանց ներգրավվածությունը համակարգում շարունակում է մնալ սահմանափակ։ 

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, որոնցից 144-ը՝ Պարեկային ծառայությունում։ Սակայն ոստիկանության անձնակազմի ընդհանուր թիվը հրապարակային չէ, ուստի հնարավոր չէ հաշվարկել կին ծառայողների տոկոսային մասնաբաժինը։

Վերջին տարիներին ՆԳՆ-ն իրականացրել է իրազեկման ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ՝ փորձելով մեծացնել կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում և վերացնել ծառայության անցնելու որոշ խոչընդոտներ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ արդյունքներ են արձանագրվել և ինչ խնդիրներ են շարունակում խոչընդոտել կանանց մուտքը ոստիկանական համակարգ։

Ինչո՞ւ է կանանց ներգրավվածությունը կարևորվում

Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում դիտարկվում է ոչ միայն գենդերային հավասարության, այլև իրավապահ համակարգի աշխատանքի առանձնահատկությունների համատեքստում։

Միջազգային ուսումնասիրություններում, մասնավորապես, դիտարկվում է կին ծառայողների դերը լարված իրավիճակների ապաէսկալացման, հաղորդակցության, ինչպես նաև ընտանեկան և սեռական բռնությունից տուժածների ու անչափահասների հետ աշխատանքի ընթացքում։

Հայաստանում կանանց ներգրավվածության հարցն առավել ակտիվ օրակարգ մտավ Պարեկային ծառայության ներդրմանը զուգահեռ։ Պարեկային ծառայությունը Երևանում գործարկվեց 2021 թվականի հուլիսի 7-ին, իսկ հետագայում տարածվեց նաև մարզերում։

Սակայն համակարգում կանանց թիվը շարունակում էր մնալ համեմատաբար փոքր, ինչի պատճառով սկսել են ուսումնասիրվել նրանց ներգրավմանը խոչընդոտող գործոնները։

Ի՞նչն է կանանց հետ պահում ոստիկանական ծառայությունից

ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի ուսումնասիրության արդյունքներով, հարցվածների 54%-ը համաձայնել է, որ «ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է», 21%-ը չի համաձայնել, իսկ 22%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել։ Ընդհանուր առմամբ, հետազոտության ուղղություններից մեկը վերաբերել է ոստիկանությունում գենդերային հավասարությանը և կանանց ներգրավվածության վերաբերյալ հասարակական ընկալումներին։ Իսկ թիրախային խմբերում ընդգրկվել են ՀՀ չափահաս քաղաքացիները, ովքեր բնակվել են ՀՀ-ում ավելի քան 6 ամիս՝ հարցման անցկացման դրությամբ։

Կանանց ներգրավմանը խոչընդոտող գործոնների թվում հետազոտության մասնակիցները նշել են աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռությունը պահպանելու մտահոգությունը, հասարակության կարծրատիպերը, ոստիկանական միջավայրում չինտեգրվելու վախը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ մտահոգությունները։

Հետազոտության արդյունքներով մշակվել են նաև ոստիկանության մարդկային ռեսուրսների համալրման, այդ թվում՝ կանանց ներգրավման գործընթացը բարելավելու առաջարկներ։

Իրազեկման արշավներ՝ կարծրատիպերը փոխելու համար

Ոստիկանությունում կանանց աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերը հաղթահարելու համար ՆԳՆ-ն վերջին տարիներին մի շարք իրազեկման միջոցառումներ է իրականացրել։ 

2024 թվականի փետրվարին Երևանում անցկացվել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը։ Դրան հաջորդել են Երևանում և մարզերում տարբեր միջոցառումներ, որոնց մի մասին մասնակցել են նաև կին պատգամավորներ։

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով իրականացվել է նաև «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» համապետական իրազեկման արշավը։ Դրա շրջանակում քաղաքացիներին ներկայացվել են պարեկային ծառայության առանձնահատկությունները, ծառայողական մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու ոստիկանությունում աշխատանքի պայմանները։

Կազմակերպվել են ոչ ֆորմալ հանդիպումներ գործող կին ծառայողների և ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված կանանց հետ։ 2023-ին նման հանդիպումներից մեկին նախորդած՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի նախագրանցման գործընթացին մասնակցել էր 532 կին։

2026 թվականին իրականացվել է նաև «Վստահիր քեզ, միացիր մեզ» իրազեկման արշավը։ Ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված երիտասարդներին ներկայացվել են Պարեկային ծառայության վարչական համալիրը, նյութատեխնիկական բազան, ավտոպարկն ու աշխատանքային պայմանները։

Մարզերում կազմակերպվել են նաև հանդիպումներ երիտասարդական կենտրոնների հետ, իսկ Կապանում ՆԳՆ-ն մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025»-ին։

Հեռուստատեսային տարբեր հաղորդումներում կին ոստիկանները պատմել են իրենց աշխատանքի, ծառայության ընթացքում հանդիպած խնդիրների և մասնագիտության վերաբերյալ կարծրատիպերի մասին։ Այդ ծրագրի շրջանակում պատրաստվել է նաև «Համազգեստից դուրս» տեսաշարը, որտեղ կին ծառայողները ներկայացվել են ոչ միայն մասնագիտական գործունեության, այլև ծառայությունից դուրս իրենց հետաքրքրությունների համատեքստում։

Փոխվել են նաև ոստիկանություն ընդունվելու պայմանները

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կանանց և ընդհանրապես, նոր կադրերի ներգրավման քաղաքականությունը չի սահմանափակվել միայն իրազեկման ծրագրերով։ Փոփոխվել են նաև ոստիկանությունում ծառայության անցնելու որոշ պահանջներ։

Մասնավորապես, վերացվել է ոստիկանությունում ծառայության անցնելու նախկին 35 տարեկանի վերին տարիքային շեմը։ Նոր կարգավորմամբ ծառայության անցնելու հնարավորություն ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են կրթության, մասնագիտական ու անձնական հատկանիշների, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջներին։

Վերանայվել են նաև մուտքային ֆիզիկական չափանիշները, այդ թվում՝ հասակի և քաշի վերաբերյալ նախկին պահանջները։

Ըստ ՆԳՆ-ի՝ փոփոխությունների նպատակն է ծառայության համար պիտանի թեկնածուներին չբացառել միայն այնպիսի ֆորմալ ֆիզիկական չափանիշների պատճառով, որոնք ուղղակիորեն չեն որոշում ծառայողական պարտականությունները կատարելու կարողությունը։

Միաժամանակ պահպանվել են ծառայության համար նախատեսված ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջները։

Հիփոթեքային արտոնություն ոստիկանների համար

Ոստիկանական ծառայության գրավչության բարձրացման մեկ այլ ուղղություն վերաբերում է սոցիալական երաշխիքներին։

Նախատեսվել է ոստիկանության ծառայողներին հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով օգտվելու բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար նախատեսված պետական հիփոթեքային ծրագրերից։

Կառավարությունը 2026 թվականի ապրիլին հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, իսկ մայիսի 7-ին Ազգային ժողովն այն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

90 նախատեսված հաստիք, բայց աշխատանքի ընդունված ընդամենը 21 կին

Իրականացված միջոցառումների արդյունքները գնահատելու համար կարևոր է դիտարկել ոչ միայն հետաքրքրվածների կամ դիմողների, այլև ընտրության փուլերը հաղթահարած և փաստացի աշխատանքի ընդունված կանանց թիվը։

2024 թվականին Պարեկային ծառայությունում հայտարարված ընդունելության ժամանակ եղել է 139 թափուր հաստիք, որոնցից 90-ը նախատեսված էր կանանց համար։ Սակայն ծառայության է ընդունվել ընդամենը 21 կին։ Այսինքն՝ կանանց համար նախատեսված հաստիքների շուրջ 23%-ն է համալրվել։

Հաջորդ ընդունելության ժամանակ ևս կին դիմորդների թիվը զգալիորեն փոքր է եղել տղամարդկանց թվից։ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մեկնարկած՝ Պարեկային ծառայության թափուր հաստիքների համալրման միասնական ընդունելություն-մրցույթին դիմել է 655 մարդ, որոնցից 135-ը՝ կին։ Կին դիմորդները կազմել են բոլոր դիմողների մոտ 20.6%-ը։

135 կին դիմորդից 31-ը հաղթահարել է մրցույթը, սակայն ներկայում կրթություն է ստանում 28-ը․ երեքը դուրս են մնացել կրթական գործընթացից։ 

Այսպիսով, մրցույթը հաղթահարել է կին դիմորդների մոտ 23%-ը, իսկ կրթությունը շարունակում է մոտ 20.7%-ը։

Կանանց համամասնությունը ընդհանուր ոստիկանության թվաքանակում ևս պարզել չհաջոցվեց, քանի որ ոստիկանության անձնակազմի թիվը գաղտնի է։

Ոստիկանությունում 887 կին է ծառայում

ՆԳՆ-ի տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, այդ թվում՝ 144-ը Պարեկային ծառայությունում։ Այսինքն՝ ոստիկանությունում ծառայող կանանց շուրջ 16.2%-ն աշխատում է Պարեկային ծառայությունում։ Սա, սակայն, չի նշանակում, որ պարեկների 16.2%-ը կանայք են։ Այդ ցուցանիշը հաշվարկելու համար անհրաժեշտ է իմանալ Պարեկային ծառայության անձնակազմի ընդհանուր թիվը։

Ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը

Վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար ՆԳՆ-ն իրականացրել է միաժամանակ մի քանի ուղղությամբ փոփոխություններ՝ իրազեկման արշավներից և երիտասարդների հետ հանդիպումներից մինչև ընդունելության պայմանների վերանայում և սոցիալական նոր երաշխիքների նախատեսում։

Սակայն ՆԳՆ-ի տրամադրած թվերը ցույց են տալիս, որ իրազեկվածությունը կամ նախնական հետաքրքրվածությունը միշտ չէ, որ վերածվում են աշխատանքի ընդունման։ 2023 թվականի նախագրանցմանը մասնակցել էր 532 կին, մինչդեռ 2024 թվականին կանանց համար նախատեսված 90 թափուր հաստիքից համալրվել էր միայն 21-ը։ 2025 թվականի հոկտեմբերին մեկնարկած մրցույթում 135 կին դիմորդից 31-ն էր հաղթահարել ընտրությունը, իսկ կրթությունը շարունակում է 28-ը։

Հետևաբար, իրականացված ծրագրերի վերջնական արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն իրազեկման միջոցառումների կամ դիմումների քանակը, ինչպես FIP.am-ին ներկայացված պատասխանում ներկայացրել է ՆԳՆ-ն, այլ առաջին հերթին կանանց փաստացի ներգրավվածության դինամիկան՝ քանի՞ կին է դիմում, քանի՞սն են հաղթահարում ընտրության փուլերը, քանի՞սն են աշխատանքի ընդունվում և որքա՞ն ժամանակ են շարունակում ծառայությունը։

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *