Գրիգը, արձակ գրքերից հետո, ընթերցողի դատին է հանձնում «Մարդը ք*քի մեջ» բանաստեղծությունների ժողովածուն, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
«18+ բանաստեղծություններ իմ եւ քո մասին». այս տողերով է բացվում սկանդալային թվացող ժողովածուն։
Մեդիամաքսը զրուցել է գրողի հետ։
– Անցումը արձակից պոեզիա ժամանակի՞ թելադրանք է, թե՞ տրամադրության, հոգեվիճակի։
– Չավարտվող ինքնակերության՝ ուզում էի սխալված լինել ու չափսոսալ, չամաչել։
– Գրքի սկզբում նշում եք. «Ինչպիսին որ ժամանակներն են, այնպիսին էլ գրքերն են, հատկապես՝ վերնագրերը»: Բայց մի՞թե ժամանակներն իսկապես փոխվել են, թե՞ մշտական է այն զգացողությունը, որ ժամանակներն այն չեն։
– Համաձայն եմ՝յուրաքանչյուր սերունդ համոզված է՝ իր ժամանակն առանձնահատուկ վատն է։ Եթե Ադամն իրոք գոյություն է ունեցել, վստահ եմ՝ դրախտից արտաքսվելուց հետո առաջին բանը, որ արտաբերել է՝ «ք*քի մեջ ենք»-ն է։
Այս առումով ավանդույթը չեմ խախտել։
– «Մարդը ք*քի մեջ» վերնագրով ժողովածուն ենթադրում է ճգնաժամային, անկումային, էկզիստենցիալ վիճակներ: Ժողովածուում ամփոփված ստեղծագործություններն ավելի շատ հիասթափությո՞ւնից, թե՞ ըմբոստությունից են ծնվել, քննադատությո՞ւնից, թե՞ ինքնաքննադատությունից։
– Հիասթափությունն ու ըմբոստությունը նույն մորից են, պարզապես մեկը լուռ է, մյուսը՝ աղմկոտ։ Քննադատությունն էլ, եթե բավական երկար նայես հայելուն, ինքնաքննադատության է վերածվում։ Իսկ հետո հայելին կոտրվում է, որովհետեւ ոչ ոք չի սիրում երկար իր իրական դեմքը տեսնել։
«Մարդը ք*քի մեջ»-ը, իհարկե, ճգնաժամի մասին է։ Բայց ոչ այն ճգնաժամի, որից հետո գալիս է փրկությունը։ Հրդեհի տեսակ կա, որից հետո խոտն ավելի փարթամ է աճում, տեսակ էլ կա, որից հետո ոչինչ չի աճում։ Իսկ եթե ստիպված լինեմ ընտրել՝ հիասթափությո՞ւն, թե՞ ըմբոստություն, կասեմ՝ հիասթափված ըմբոստություն։ Ես արդեն այն հոգեվիճակում եմ, երբ նույնիսկ ըմբոստանալիս մարդ մի պահ մտածում է՝ իսկ հետո ո՞վ է վճարելու կոմունալները։
Գուցե գրելը հենց այդ անհարմար վիճա՞կն է. գիտես, որ աշխարհը չես փոխելու, բայց շարունակում ես անզորությունդ վերածել տեքստի։
– Կարծիք կա, որ գրքի վերնագիրը մարքեթինգային հնարք է:
– Եթե նկատի ունենանք, որ մարդկությունը դարեր շարունակ ամեն ինչ գնել-վաճառել է՝ պատերազմից մինչեւ աստված, միայն թե փաթեթավորումը հետաքրքիր լինի, ուրեմն՝ այո, մարքեթինգ է։ Բայց նախընտրում եմ ասել՝ վերնագիրը գրքի ամենակարճ անոտացիան է։ Այն ասում է՝ էստեղ ամեն ինչ լավ չէ, եւ ես ձեւացնելու ցանկություն չունեմ։ Իսկ եթե ընթերցողին դա հետաքրքրում է (համացանցային աննախադեպ ակտիվությունից կարելի է ենթադրել՝ առնվազն աննկատ չի անցել), ուրեմն մարքեթինգը, ի վերջո, արել է իր գործը։
– Ինչո՞ւ եք պարբերաբար Ձեր էջում ներկայացնում գործերը։ Գիրքն արդեն կա. սոցցանցերում հրապարակելով՝ չե՞ք կանխում վաճառքը։
– Վաճառքի մասին շատ չեմ մտածում. մեկ է՝ էդտեղից, կարելի է ասել, գրեթե փող չունեմ, գրքի վերջին բանաստեղծությունը՝ Հայաստանի ամենաքիչ վարձատրվող մարդու մասին, հենց սրա մասին է։ Հրապարակելուս միակ պատճառը ձանձրույթս ցրելն էր, բայց իմ պարագայում այն, ի վերջո, միշտ վերադառնում է։
– Սեւակ, Սահյան, Տերյան, Շիրազ, Չարենց… Դասականների ներկայությունը (վերնագրից սկսած) գիրքն առաջին իսկ էջից հարազատ է դարձնում ընթերցողին, մանավանդ որ միջտեքստայնությունը նոր կյանք է ստացել ու բացահայտում է մեր այսօրվա իրականությունը։ Լրացնո՞ւմ, թե՞ հերքում եք այն, ինչ կար։
-Չեմ կարծում, թե ես որեւէ մեկին հերքում եմ։ Դասականներին հերքելու համար պետք է ունենալ առնվազն ավելորդ ճակատ՝ պատին փշրելու համար, առողջ թոքեր՝ էդքան ծխելուն դիմանալու համար ու պինդ ջղեր։ Վերջինը հատկապես չունեմ։ Հետո այս հակադրությունը նման է նախնիներիդ հետ վիճելուն, երբ նրանք արդեն չկան․ կարող ես երկար խոսել, բայց վերջին խոսքը, այնուամենայնիվ, նրանցն է։ Լավ, այլ կերպ պատասխանեմ՝ Ակուտագավայի խոսքի մոտավոր մեջբերմամբ՝ դասականները բախտավոր են. նրանք այսպես թե այնպես մեռած են:
Իմ միակ հարվածն ուղղված է ողջերին՝ գրականագետների մաշված ու նորաթուխ մահարձաններին (լավերն էլ կան, բայց ճնշող մեծամասնությունը վտարված է, ու էս բառը շատ տեղին է էստեղ), նայող-չտեսնող ուսուցիչներին (էլի լավերը կան, բայց՝ ջրի կաթիլ օվկիանոսում), եւ բոլոր նրանց, որոնք Ձեր նշած անունները շուրթերին շարունակ վերարտադրում են այն, ինչի դեմ պայքարել են էդ գրողները։ Խոսքս մասնավորապես Սեւակի մասին է, կարեւոր է, որ նրա արվեստը սիրողները փորձեն նաեւ հասկանալ Սեւակ մտածողին։
Պարզապես խորհուրդ կտամ նրա անունից ինձ ու ժամանակակից այլ գրողներին հայհոյելուց առաջ կարդալ վերջինիս՝ ՀՍՍՀ գրողների միության հինգերորդ համագումարի ելույթը, կարդացածներին էլ՝ փորձել հասկանալ. մարդ ես, կարող է պարզվի, որ Սեւակին ոչ թե մեզնից է պետք պաշտպանել, այլ՝ հենց իրենցից։
– Քաղաքը, աշխարհը, մարդը գրքի գլխավոր դերակատարներն են, բայց խորը անձնային ապրումներ եւս կան։ Նաեւ դրա շնորհի՞վ է գիրքը զերծ մնում վավերագրական շնչից։
-Վավերագրությունը վտանգավոր բան է. մարդուն կարող ես նկարագրել էնքան ճշգրիտ, որ վերջում նրանից ոչինչ չմնա։ Ես ավելի շատ հետաքրքրված եմ այն պահով, երբ իրականությունը սկսում է ստել։
Աշխարհը, քաղաքը, մարդը՝ այս դեպքում՝ կինը, իհարկե, գլխավոր դերակատարներն են, էսօրվա մեր խնդիրներն էլ կան՝ խաղամոլություն, նարկոմանիա, գովազդ, շատ գովազդ, վարկեր, շատ վարկեր, դեպրեսիա, անհավասարություն, մենություն եւ այլն, եւ այլն, բայց սրանք բոլորը անցնում են մի մարդու միջով՝ պատմողի։
Անձնական ապրումները երեւի հենց էն կենդանի սիրտն են, որոնք թույլ չեն տալիս գրքին վերածվել փաստաթղթի։ Փաստն ասում է՝ սա տեղի ունեցավ։ Գրականությունը հարցնում է՝ իսկ ի՞նչ էր դա նշանակում նրա համար, ում հետ պատահեց։ Երբեմն նույնիսկ հարց չի տալիս։ Պարզապես նստում է նրա կողքին։
Ես իրականությունը չեմ ուզում արձանագրել։ Լրագրողները դա ավելի լավ են անում։ Ես ուզում եմ մի փոքր փչացնել այն, աղավաղել, չափազանցնել, ծիծաղեցնել, երբ պետք է լաց լինել, եւ լացացնել, երբ բոլորն արդեն ծիծաղում են։
-«Հիմա
պատուհանից այնկողմ
պատուհանից դուրս
զարմանալի արեւ է,
ու
թվում է,
ու
ասես՝
պատերազմ
չի
էլ
եղել․․․»։
Թվում է՝ վերջին տարիներին ինչ էլ գրվում է, պատերազմի մասին է։
-Ինձ համար հիմա ավելի հետաքրքիր է ոչ թե «բուն պատերազմը», այլ այն, թե «ի՞նչ է պատերազմը անում մարդու հետ էն ժամանակ, երբ արդեն ոչ ոք չի կրակում»։
Պատերազմը սովորություն, կասեմ՝ խասյաթ ունի. ավարտվում է պաշտոնապես, բայց մոռանում է հեռանալ։
Գրածներումս պատերազմը ոչ թե թեմա է, այլ՝ ֆոն։ Իսկ ֆոնը երբեմն էնքան մեծ է լինում, որ մարդ ստիպված է իր փոքրիկ կյանքն ապրել դրա ստվերի տակ։ Գուցե գեղարվեստական ամենաազնիվ պատերազմական գիրքն այն է, որտեղ պատերազմի մասին գեթ մի տող չկա, բայց հերոսը առավոտյան արթնանում է եւ այլեւս նախկինը չէ։
-Գրում եք, որ «թավշյա» իշխանությունից ավելի ապաշնորհ ու կացնային միայն այս ընդդիմությունն է։ Ամենուր ու բոլորը գրում-խոսում են քաղաքականության մասին։ Բայց այն, ինչ ամրագրվում է գրականությամբ, մեկ այլ ազդեցություն ունի, բնականաբար, մեծ է նաեւ պատասխանատվությո՞ւնը
-Դե, ես իմ զգացածն եմ գրել ու գրել եմ պատասխանատու լինելով բացառապես ինքս իմ առաջ։ Մնացածը չգիտեմ։
– «Երկիր Նաիրի» աղցանի բաղադրատոմսը սկսվում է 6 ճաշի գդալ դավաճանությունից եւ ավարտվում 1 բուռ խեղճ, դժբախտ ժողովրդով։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Երկիր Նաիրին ցնորք դարձնելու գլխավոր պատճառը։
– Հարցը Չարենցին է պետք ուղղել, էն էլ՝ կոնկրետ շրջանի Չարենցին։ Ես կարծում եմ՝ ֆանտազիան երկակի բան է. կա ֆանտազիա, որ ստիպում է գործել, ոգեւորում է, առաջ մղում, եւ կա ֆանտազիա, որ կտրում է իրականությունից, խոցելի դարձնում, անշարժացնում։ Ինձ համար խնդիրը, այնուամենայնիվ, ֆանտազիա ունենալ-չունենալը չէ։ Ինչպե՞ս մեռցնողը դարձնել ապրեցնող։ Հավատում եմ՝ կարելի է։
– «Հայաստա՛ն, դու կաս թանկ վերք…»։ «Չէ՞ որ խոստացար՝ / աստված ես՝ մեռնող-հարություն առնող…»։
«Հայաստան» շարքի գործերը կարող էին գրված լինել նաեւ 100 տարի առաջ եւ գուցե 100 տարի հետո էլ նույնքան արդիական լինեն։ Այս շարքում հատկապես նկատվում են սերը հայրենիքի նկատմամբ եւ հույսը վաղվա օրվա հանդեպ։ Ինչո՞վ է «Հայաստան» շարքն առանձնահատուկ Ձեզ համար։
– Ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես ուրիշ հայրենիք չունեմ։
– Կա՞ նոր գրքի ուրվագիծ։
– Միակ բանն է, որ կա, ունեմ։
– Տպավորություն ունեմ, որ գիրքը գրվել է Ամանորին ընդառաջ կամ հենց այդ օրերին։ Տարեմուտի շունչը ինչ-որ դե՞ր է խաղացել այս գործերի ստեղծման հարցում։
-Ամանորը էն պահն է, երբ բոլորը ձեւացնում են, թե ինչ-որ նոր բան է սկսվում։ Հետո հունվարի երեքին պարզվում է՝ ոչինչ էլ չի սկսվել։ Էս տրամադրությունը, երեւի, ազդել է գրքի վրա։ Տարեմուտը լավ ժամանակ է մտածելու անցած տարվա, սեփական կյանքի մասին։ Մի տեսակ պարտադիր հաշվետվություն է, որը ոչ ոք չի խնդրել։ Բայց գիրքը Ամանորի մասին չէ։ Ավելի շատ՝ այն պահի, երբ մարդ հասկանում է, որ օրացույցը փոխվեց, իսկ կյանքը՝ չէ։
Արմինե Սարգսյան
Leave a Reply