«Հիշողության պատկերագրություն». Հովհաննես Շարամբեյանի արվեստի շղթան

Written by

in

Մեռնող տերեւների ու ծնվող ձնծաղիկների հակադրությունը, Վասպուրականի արծվի խորհրդավոր ներկայությունը, Դիլիջանի հին բակերն ու տները Հովհաննես Շարամբեյանի արվեստի շղթայի օղակներն են, որոնք բացահայտում են նրա հիշողությունները, արմատներն ու աշխարհընկալումը։

 

Այս պատկերները միավորվել են նրա 100-ամյակին նվիրված «Հիշողության պատկերագրություն» ցուցահանդեսում, որը սեպտեմբերի 10-ին բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ստեղծագործության ու գործունեության տարբեր շերտերի ու ներկայացված աշխատանքների մասին Մեդիամաքսին պատմել են ցուցահանդեսի համադրողներ Ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանը եւ Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

 

Ցուցահանդեսի գաղափարը

 

Նարեկ Վան Աշուղաթոյան

 

Մի քանի տարի է՝ պլանավորում էինք 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ էր, տրամաբանական էր՝ հոբելյանին նաեւ ցուցահանդես կազմակերպվեր։ Հատկապես, որ իր կյանքի ընթացքում մեծ ցուցադրություններ շատ չի ունեցել, եւ բազմաթիվ ստեղծագործություններ երբեւէ հանրությանը չէին ներկայացվել։ Սա լավ առիթ էր դրանք մեկ հարկի ներքո հավաքելու եւ ներկայացնելու համար։

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցելուներն առաջինը «Գառնու ձոր» աշխատանքն են տեսնում՝ հենց մուտքի դիմաց։ 

 

Այս գործն ամենատեսանելի վայրում տեղադրելու միտքը Հայկուհի Սահակյանինն է, որովհետեւ, նրա կարծիքով, ամենից շատ է բնորոշում Շարամբեյանի գեղանկարչական լեզուն։ Աշխատանքում խտացված են նրա ձեռագիրը, գունային մտածողությունն ու մանրակրկիտ աշխատանքը։ 

 

Ինձ համար էլ բովանդակային առումով շատ հուզիչ է «Ձոն խաչքարին» գործը, որը ժամանակին ցուցադրվել է Կոմիտասի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում, այդ թվում՝ Էրմիտաժում։ Պատկերված խաչքարը գտնվում է Մայր Աթոռի բակում։ Իհարկե, այստեղ կա նաեւ նկարչական պայմանականություն, որն այն դարձնում է արվեստ։ Խնդիրը, որն այս նկարում առաջադրել է Շարամբեյանը, եւ դրա լուծումը, կարծում եմ, այս աշխատանքը դարձնում են նրա լավագույն գործերից մեկը։

«Ձոն խաչքարին» աշխատանքի դիմաց «Ձոն խաչքարին» աշխատանքի դիմաց

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս գործը, որին շատ էմոցիոնալ վերաբերմունք ունեմ, 1965 թվականին՝ խորհրդային «ձնհալի» ժամանակ արված նկարն է։ Այդ շրջանում հայ ժողովուրդը խորհրդային տարիներին առաջին անգամ դուրս եկավ փողոց՝ պահանջելով խոսել եւ հիշել Հայոց ցեղասպանության մասին։ Նկարում ծառի մեռնող տերեւներն ու հարություն առնող ձնծաղիկները հակադրվում են միմյանց։ Որպես դեկորատիվ ֆոն ընտրված է Վանի պայքարի խորհրդանիշը՝ Վասպուրականի արծիվը, որը խորհրդանշել է Արծրունյաց տոհմը եւ վասպուրականցիներին։ Շարամբեյանը ծագումով վանեցի էր եւ իր արմատներն այսպես՝ թաքնված ու նուրբ ձեւով, ներկայացրել է։

 

Շարամբեյանի բազմաշերտ գործունեությունը

 

Նարեկ Վան Աշուղաթոյան

 

Շարամբեյանին միայն որպես գեղանկարիչ, թանգարանաստեղծ կամ մշակութային գործիչ ներկայացնելը բավարար չէ, նրա գործունեությունը չափազանց բազմաշերտ է։ Թեեւ սա գեղանկարչության եւ գրաֆիկայի ցուցահանդես է, բայց փորձել ենք հնարավորինս արտացոլել այդ բազմակողմանիությունը։ 

«Գառնու ձոր»-ը՝ կենտրոնում «Գառնու ձոր»-ը՝ կենտրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա գործունեությունը՝ ստեղծագործական եւ հասարակական, ես միշտ համեմատում եմ շղթայի հետ, որի բոլոր օղակներն ամբողջություն են կազմում։ Դժվար է առանձնացնել մեկ օղակ. երբ մեկը հանում ես, շղթայի տրամաբանությունը քանդվում է։ 

 

Կուզենայի, որ մարդիկ այդ ամբողջական շղթայի մասին պատկերացում կազմեին եւ հասկանային՝ ինչ էր Շարամբեյանը ցանկանում տեսնել։ Նրա տեսլականը արդիական էր իր ժամանակում եւ շարունակում է այդպիսին մնալ այսօր։

Նարեկ Վան Աշուղաթոյանը Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ցուցահանդեսն այցելուի համար նախատեսված որոշակի անակնկալներ ունի։ Այն դասական ցուցադրություն չէ։ Օրինակ՝ առաջին սրահում, գեղանկարչության եւ գրաֆիկայի աշխատանքներից հետո, այցելուն հայտնվում է հատվածում, որտեղ ներկայացված են այլ իրեր, եւ բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն դրանք Շարամբեյանի հետ։ Համադրողի տեքստերի եւ աուդիոգիդի միջոցով այդ կապը բացահայտվում է։

 

Դիլիջանի վավերագրող նկարիչը

 

Հայկուհի Սահակյան, Ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի տնօրեն

 

Հայաստանի ազգային պատկերասրահը մշտապես իրականացնում է հայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրության եւ հանրահռչակման ծրագրեր։ Հովհաննես Շարամբեյանը հիմնականում զբաղված էր մշակութային գործունեությամբ, թանգարանների ստեղծմամբ եւ քիչ ժամանակ էր հատկացնում սեփական արվեստը ներկայացնելուն։ 

Հայկուհի Սահակյան Հայկուհի Սահակյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարամբեյանն իր ստեղծագործական ուղին սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ որպես գեղանկարիչ եւ գրաֆիկ։ Առողջական խնդիրներով պայմանավորված Դիլիջան տեղափոխվելուց հետո նա շարունակել է ստեղծագործել։ Դիլիջանում Շարամբեյանը հիմնել է նկարչական դպրոց եւ թանգարաններ։ Հիմնականում ստեղծագործել է դիլիջանյան թեմաներով եւ դարձել քաղաքի վավերագրող նկարիչը։ Շարամբեյանը կարեւորել է հին Դիլիջանի պահպանությունը՝ պատկերելով բակերն ու տները, որպեսզի հետագայում իր կտավները նաեւ վերականգնման հիմք եւ վավերագրեր ծառայեն։ 

 

Դիլիջանը նրա համար միայն շենքերն ու բակերը չէին, այլ առաջին հերթին՝ մարդիկ։ Ցուցահանդեսում ներկայացված են հովիվների, աշխատավորների եւ դերասանների դիմանկարներ, այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի դիմանկարը։ Շարամբեյանը համագործակցել է արվեստաբան Սերիկ Դավթյանի հետ՝ թանգարանային գաղափարներն իրականացնելու եւ ժողովրդական արվեստների վերածնունդը խթանելու նպատակով։

Լուսանկարը` Մեդիամաքս

1960 թվականին նա նշանակվել է Դիլիջանի գլխավոր նկարիչ։ Այդ տարիներին գլխավոր նկարիչները ձեւավորում էին քաղաքի գեղարվեստական դիմագիծը։ Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են Դիլիջանի համար արված էսքիզներ, այդ թվում՝ 1960–1961 թվականների աշխատանքները, որոնց մի մասը հաստատված է գեղարվեստական խորհրդի կնիքով։ Դրանք կարելի է դիտարկել որպես քաղաքի բրենդավորման վաղ օրինակներ։ 

 

Շարամբեյանի գործունեությունը կապված էր նաեւ հուշարձանների պահպանության հետ։ Ցուցահանդեսում ներկայացված են Գոշավանքի, Հաղարծնի եւ Ջուխտակ վանքի էտյուդներ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցափեղկերում ներկայացված են Շարամբեյանի դիլիջանյան կյանքը, բնորդներին եւ ստեղծագործական գործընթացը ներկայացնող լուսանկարներ։ Դիլիջանը խորհրդային տարիներին աշխույժ մշակութային կյանք ուներ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ գործում էին Կոմպոզիտորների եւ Կինեմատոգրաֆիստների հանգստյան տները։ Շարամբեյանը մտերիմ էր Դիլիջան այցելող մշակույթի բազմաթիվ գործիչների հետ, այդ թվում՝ Բենջամեն Բրիտտենի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ելենա Օբրազցովայի եւ Մստիսլավ Ռոստրոպովիչի։ 

 

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ այդ շրջանի լուսանկարներ, ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթին նվիրած աշխատանքը, Հրանտ Մաթեւոսյանի ճեպանկարը եւ Դիլիջանի տեսարանների հիման վրա ստեղծված շքանշանների էսքիզները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում համագործակցել ենք Շարամբեյանի անունը կրող Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Հուշարձանների պահպանության կենտրոնի եւ Նկարիչների միության հետ, որի ֆոնդերից վերցրել ենք նաեւ մոռացության մատնված աշխատանքներ։ 

Համագործակցել ենք նաեւ մասնավոր հավաքածուներ ներկայացնող անձանց հետ, որոնք սիրով մեզ տրամադրեցին իրենց մոտ պահվող աշխատանքները։

 

Ցուցահանդեսի կառուցվածքը եւ ազգային թեմաները

 

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Շարամբեյանի գործունեության տարբեր փուլերն ու ոլորտները։ Ներկայացված են նրա գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները՝ շեշտադրելով ազգային թեմաները, Հայաստանի բնությունը, ծաղիկներն ու հայկական հուշարձանները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Առանձնահատուկ տեղ ունի «Կոմիտասյան վայրերով» շարքը։ 1969 թվականին՝ Կոմիտասի 100-ամյակի առթիվ, Հովհաննես Շարամբեյանն ու Գրիգոր Խանջյանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում ներկայացրել էին Կոմիտաս վարդապետին նվիրված իրենց գործերը։ Շարամբեյանի այս շարքում պատկերված են Էջմիածինն ու Կոմիտասի կյանքի հետ կապված հայկական հուշարձաններն ու տեսարանները, որոնք նույնպես ընդգրկված են այս ցուցադրությունում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսով ցանկանում ենք ընդգծել Շարամբեյանի ինքնատիպ ոճը։ Նրա աշխատանքներում ճանաչելի են ձեռագիրը, ոճական առանձնահատկություններն ու հետաքրքրությունների շրջանակը։ Շատերի համար բացահայտում է, որ նա նաեւ դիմանկարիչ էր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորհրդային տարիներին արվեստագետների հիշողություններում դեռ թարմ էին Հայրենական պատերազմի հետ կապված ապրումները, որոնք իրենց տեղն են գտել նաեւ Շարամբեյանի կտավներում։ Դրանք արտահայտված են պատերազմական հիշողություններով ապրող մարդկանց, չորացած ծաղիկների պատկերներում, որոնք նա հաճախ նվիրել է զոհված զինվորների հիշատակին։ Պատերազմի հետքերը նկատելի են նաեւ տատիկների եւ տարեց մայրերի դիմանկարներում, որոնց կերպարներում զգացվում է պատերազմում կորցրած որդիների կարոտը։ 

 

Թանգարանաստեղծ գործունեությունը

 

Ցուցահանդեսի առանձին հատվածը ներկայացնում է Շարամբեյանին որպես թանգարանաստեղծ գործիչ։ Նրա հավաքորդական գործունեությունը սկզբում կապված է եղել անձնական հետաքրքրությունների հետ, սակայն հետագայում դարձել է պրոֆեսիոնալ զբաղմունք եւ հիմք հանդիսացել թանգարանների ստեղծման համար։ 

 

Ցուցահանդեսում կտեսնեք Հաղարծնում Շարամբեյանի կառուցած հացատան էսքիզները։ Նա նախատեսում էր հացատուն ստեղծել նաեւ Դիլիջանում՝ հացի մշակույթը ներկայացնելու համար։ Շարամբեյանը մտադիր էր Դիլիջանի հին փողոցը վերածել թանգարան-պողոտայի, որի գաղափարը այսօր մասամբ իրականացվել է՝ նրա անունը կրող փողոցի ձեւով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարամբեյանի շնորհիվ հայկական ավանդական արհեստները նոր կյանք ստացան։ Հավաքելով ժողովրդական վարպետներին՝ նա նրանց գործունեությունը փաստացի մասնագիտական հիմքերի վրա դրեց։ Նրա նպատակն էր նաեւ ձեւավորել ճաշակ թե հասարակության շրջանում, թե վարպետների մոտ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում կտեսնեք նաեւ Շարամբեյանի հետաքրքրությունների առարկաները՝ գորգեր, կճուճներ եւ ազգային տարազներ, որոնք նա հավաքում ու պահպանում էր՝ փորձելով փոխանցել հաջորդ սերունդներին։

 

Ցուցահանդեսը կտեւի շուրջ երկու ամիս։ 

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *