Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակել է 2014 թվականին մահացած զինծառայողի գործով վճիռը։
«Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, ինչպես նաև 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտումներ։ Դատարանը գտել է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում Ա. Մարգարյանի մահվան հանգամանքների քննությունը բավարար և պատշաճ չի իրականացվել, իսկ Հայաստանի օրենսդրությամբ դիմողը չի ունեցել պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը քրեական քննության արդյունքից անկախ պարզելու և փոխհատուցում ստանալու արդյունավետ հնարավորություն։
Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմողին վճարել 50 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած հնարավոր հարկերը։ Iravaban.net-ը ուսումնասիրել է որոշման մանրամասները։
Գործի հանգամանքները
Գործը վերաբերում է Ա. Մարգարյանի մահվանը, որը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Ա. Մարգարյանը հայկական բանակ է զորակոչվել 2013 թվականի դեկտեմբերին և ծառայության նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում` Շուշիում։
2014 թվականի հուլիսին, նորակոչիկների պատրաստության ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, Ա. Մարգարյանը տեղափոխվել է զորամասի մեկ այլ ստորաբաժանում, որը տեղակայված էր Հադրութի մոտ՝ Շուշիից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։ Ծառայողական բնութագրում նշվել է, որ նա ուներ կայուն բնավորություն, դրական վերաբերմունք զինվորական ծառայության նկատմամբ, ընկերասեր էր և լավ էր ընդունվում անձնակազմի կողմից։
2014 թվականի հուլիսի 4-ի ծանոթության զրույցի վերաբերյալ փաստաթղթում նույնպես նշվել է, որ Ա. Մարգարյանը դրական վերաբերմունք ուներ զինվորական ծառայության նկատմամբ և այն շարունակելու հետ կապված որևէ խնդիր չուներ։
Մահվան հանգամանքները և նախնական քննությունը
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Ա. Մարգարյանին հայտնաբերել են պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։
Նույն օրը՝ ժամը 15։50-ին, Հայաստանի քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժինը հաղորդում է ստացել, ըստ որի՝ ժամը մոտավորապես 15։40-ին Ա. Մարգարյանը, նախնական տեղեկությունների համաձայն, կրակել էր ինքն իր կրծքին և մահացել։ Նույն օրը քննիչը քրեական վարույթ է նախաձեռնել 2003 թվականի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը վերաբերում էր ինքնասպանության հասցնելուն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ Ա. Մարգարյանի մարմինը զննելուց հետո նշանակվել է դիահերձում։
Դեպքի վայրում հայտնաբերվել են AKMS տեսակի 7,62 մմ տրամաչափի արդիականացված «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ 30 փամփուշտ տարողությամբ պահունակով, որում եղել է 28 փամփուշտ, երկրորդ՝ ամբողջությամբ լիցքավորված պահունակ, ինքնաձիգից լիցքաթափման ընթացքում հայտնաբերված մեկ չկրակված փամփուշտ, ինչպես նաև զինվորական հագուստի տարբեր պարագաներ, դանակ, Աստվածաշունչ, հայելի և փայտե խաչ։
Գործի նյութերի համաձայն՝ այն պահակակետը, որտեղ Ա. Մարգարյանը հերթապահություն էր իրականացնում, ուղիղ գծով մոտ 120 մետր հեռավորության վրա էր գտնվում մեկ այլ պահակակետից և մոտ 250 մետր հեռավորության վրա՝ ստորաբաժանման հրամանատարական կետից։ Մեկ այլ պահակակետ գտնվել է մոտ 150 մետր հեռավորության վրա, իսկ երրորդը՝ մոտ 300-400 մետր հեռավորության վրա։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից նշանակվել է ներքին քննություն։ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված նախնական արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվել է, որ Ա. Մարգարյանը հայտնաբերվել էր խրամատում մահացած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան էր եղել՝ իրեն հատկացված AKMS տեսակի ինքնաձիգով մեկ անգամ կրակելով կրծքավանդակի ձախ հատվածում՝ սրտի ուղղությամբ։
Զեկույցում նշվել է նաև, որ ոչ ոք չէր հայտնել կրակոցի ձայն լսելու մասին, իսկ մարմնի արտաքին զննությամբ բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ Ներքին քննության ընթացքում ներկայացված դեպքերի նկարագրության համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը մոտավորապես 15։10-ին, Ա. Մարգարյանը վերցրել էր իրեն հատկացված ինքնաձիգը և սկսել հերթապահությունը թիվ 1 պահակակետում։ Ժամը մոտավորապես 15։30-ին այնտեղ են ժամանել երեք զինծառայողներ, որոնց թվում՝ շարքային Մ. Ա.-ն։ Նրանց կարճ ժամանակ անց միացել է կապիտան Գ. Կ.-ն։
Կապիտանը, չնկատելով, որ Ա. Մարգարյանը բացակայում է իր նշանակված պահակակետից, քայլեր չի ձեռնարկել նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ Կապիտանը և շարքային Մ. Ա.-ն շարժվել են մեկ այլ պահակակետի ուղղությամբ։ Ճանապարհին Մ. Ա.-ն նկատել էր Ա. Մարգարյանին՝ թիվ 1 պահակակետից մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում պառկած վիճակում։ Ենթադրելով, որ նա քնած է, Մ. Ա.-ն չի հայտնել այդ մասին կապիտանին՝ պատճառաբանելով, որ չէր ցանկանում, որպեսզի վերջինս իմանար, որ Ա. Մարգարյանը հերթապահության ընթացքում քնած էր եղել։
Այնուհետև Մ. Ա.-ն մեկ այլ պահակակետում կրտսեր սերժանտ Հ. Ա.-ին հայտնել է, որ խրամատում տեսել է Ա. Մարգարյանին։ Նրանք վերադարձել են խրամատ և նկատել արյան հետքեր։ Ա. Մարգարյանին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա մահը։
Ներքին քննության զեկույցում նշվել էր, որ մի շարք հանգամանքներ չեն պարզվել։ Դրանց թվում էին Ա. Մարգարյանի մահվան կամ ինքնասպանության իրական պատճառները, նրա կրոնական համոզմունքների և մահվան միջև պատճառահետևանքային կապը, կապիտան Գ. Կ.-ի կողմից Ա. Մարգարյանի բացակայությունը չնկատելու և վերադասներին չզեկուցելու պատճառը, ինչպես նաև մահվան պահին Ա. Մարգարյանի՝ սովորական ներքնազգեստ չկրելու հանգամանքը։
Քրեական քննության շրջանակում հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Շարքային Մ. Մ.-ն 2014 թվականի դեկտեմբերի 5-ին տված ցուցմունքում հայտնել էր, որ Ա. Մարգարյանին ճանաչում էր ծառայության առաջին օրերից։ Նա նշել էր, որ Ա. Մարգարյանը շատ չէր շփվում և դժգոհում էր առաջադրանքներ կատարելու անհրաժեշտությունից։ Մ. Մ.-ն նաև հայտնել էր, որ Ա. Մարգարյանը դրական էր վերաբերվում ծառայության նոր վայրին և կցանկանար հենց սկզբից այնտեղ ծառայել։
Դեկտեմբերի 6-ին Մ. Մ.-ն կրկին հարցաքննվել էր։ Այս անգամ նա նշել էր, որ կարող էր հստակ տեսնել Ա. Մարգարյանին իր պահակակետից։ Նրա խոսքով՝ Ա. Մարգարյանը չէր մնում պահակակետի հեռախոսային կապի սարքի մոտ, այլ քայլում էր պահակակետի տարածքում՝ անհանգիստ թվացող ձևով։ Որոշ ժամանակ անց Մ. Մ.-ն կորցրել էր նրան տեսադաշտից։ Մոտավորապես յոթ րոպե անց նա լսել էր կրակոցի նմանվող ձայն, որը սկզբում վերագրել թռչունների երամի ձայնի։
Դատարանը հետագայում անդրադարձել է Մ. Մ.-ի ցուցմունքների տարբերություններին՝ նշելով, որ քննության ընթացքում չի պարզվել, թե ինչու նա իր առաջին ցուցմունքում չէր հայտնել հետագայում ներկայացրած կարևոր հանգամանքների մասին։
Կապիտան Գ. Կ.-ն հայտնել էր, որ Ա. Մարգարյանը պատասխանատու զինծառայող էր, չէր բողոքում, հարմարվել էր զինվորական կյանքին և առողջական խնդիրներ չուներ։ Նա նշել էր, որ Ա. Մարգարյանի վարքագծում տարօրինակություն կամ հոգեկան խանգարման նշաններ չէր նկատել։ Կապիտանը նաև հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը բռնության չէր ենթարկվել։
Դեպքի վերաբերյալ ցուցմունքում կապիտան Գ. Կ.-ն նշել էր, որ Ա. Մարգարյանին հայտնաբերելուց հետո այնպիսի տպավորություն էր ստացել, թե նա ինքն իրեն էր կրակել, սակայն չէր կարող վստահ ասել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել կամ ինչ հանգամանքներում էր առաջացել հրազենային վնասվածքը։ Նա չէր կարող նաև ասել՝ Ա. Մարգարյանը մահացած էր արդյոք արդեն խրամատում հայտնաբերելու պահին, թե մահացել էր ավելի ուշ, քանի որ իր հիմնական ուշադրությունն ուղղված էր շտապօգնություն կանչելուն։
Դատաբժշկական փորձաքննությունը
2015 թվականի փետրվարի 28-ին քննության մարմնին է ներկայացվել դիահերձման եզրակացությունը։ Դրանում նշվել է, որ Ա. Մարգարյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի խոռոչների թափանցող, միջանցիկ հրազենային վնասվածքի հետևանքով։ Գնդակի մուտքի անցքը գտնվել էր կրծքավանդակի ձախ առջևի հատվածում, իսկ ելքի անցքը՝ ձախ հետևի հատվածում։ Գնդակի հետագիծը եղել էր առջևից դեպի հետև, ձախից աջ և ներքև ուղղությամբ։
2015 թվականի մարտի 18-ին ներկայացված հետքաբանական և բալիստիկ համակցված փորձաքննության եզրակացության համաձայն՝ ինքնաձիգի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին քրտինքի և ճարպային նյութերի առանձին, աղավաղված հետքեր, սակայն նույնականացվող մատնահետքեր չէին հայտնաբերվել։ Ինքնաձիգի մոտ հայտնաբերված փամփուշտը կրակված էր նույն զենքից։
Փորձագետները, ուսումնասիրելով Ա. Մարգարյանի հագուստի վրա առկա անցքերը, նշել էին, որ դրանք, ամենայն հավանականությամբ, առաջացել էին մեկ կրակոցի հետևանքով՝ առջևից դեպի հետև, փոքր-ինչ ձախից աջ և ներքև ուղղությամբ։
2015 թվականի ապրիլի 1-ին կազմված բալիստիկ փորձաքննության եզրակացություններում նշվել էր, որ չորս զինծառայողներից մեկի՝ շարքային Ա. Վ.-ից վերցված նմուշներում հայտնաբերվել էին պղնձի մասնիկներ, որոնք համատեղելի էին հրազենային կրակոցի հետքերի հնարավոր առկայության հետ։
2015 թվականի ապրիլի 23-ին կատարված քննչական վերարտադրությունը ցույց էր տվել, որ դեպքի վայրում արձակված կրակոցների ձայնը լսելի էր թիվ 4 պահակակետից և թիվ 1 պահակակետի հարակից տարածքից։
Քննության ընթացքում ուսումնասիրվել է նաև Ա. Մարգարյանի՝ սոցիալական ցանցում ունեցած էջի բովանդակությունը, այդ թվում՝ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածի հրապարակումները։ Դրանց թվում եղել են լուսանկարներ, բանաստեղծությունից հատվածներ և կյանքի, մահվան ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ գրառումներ։
2015 թվականի նոյեմբերին նշանակվել է հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։ Փորձագետներից պահանջվել էր գնահատել Ա. Մարգարյանի հոգեբանական վիճակը, միջավայրին հարմարվելու մակարդակը, իրականության ընկալումը և այն հարցը, թե արդյոք նա գտնվել է հոգեբանական ու հուզական այնպիսի վիճակում, որը կարող էր հանգեցնել ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք պատճառելուն։
2015 թվականի դեկտեմբերի 28-ին ներկայացված փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ Ա. Մարգարյանը հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր փսիխոտիկ խանգարում չի ունեցել։ Միաժամանակ եզրակացության մեջ ներկայացվել է նրա անձի վերաբերյալ հոգեբանական նկարագրություն, որը հիմնված էր վկաների ցուցմունքների, սոցիալական ցանցերի բովանդակության և այլ քննության նյութերի վրա։
Քննության դադարեցումը
2016 թվականի փետրվարի 4-ին քննիչ Դ. Ն.-ն դադարեցրել է քրեական քննությունը։ Որոշման համաձայն՝ քննությունը հանգել էր այն եզրակացության, որ Ա. Մարգարյանի մահը այլ անձի ապօրինի գործողության հետևանք չէր։ Նշվել էր, որ նա մահացու հրազենային վնասվածքն ինքն իրեն էր պատճառել՝ իր բնավորության առանձնահատկությունների, անհատական և հոգեբանական գծերի հետևանքով։
Որոշման մեջ արձանագրվել էր նաև, որ Ա. Մարգարյանի անձի և միջանձնային հարաբերությունների ընթացքում առաջացած անհամապատասխանությունը նրա ներքին ընկալումների և իրականության միջև հանգեցրել էր հոգեբանական անհավասարակշռության, ինչն էլ, ըստ քննության եզրահանգման, հանգեցրել էր ինքնասպանության։ Քննությունը եզրակացրել էր, որ հանցագործություն տեղի չէր ունեցել։
Զինծառայողի հայրը՝ Պերճ Մարգարյանը բողոքարկել էր քննության դադարեցման որոշումը՝ ներկայացնելով մի շարք հարցեր, այդ թվում՝ որդու՝ քրեական գործով վկա լինելու պատճառով հնարավոր հաշվեհարդարի վարկածի քննության բացակայությունը, դեպքի վայրում փամփուշտի բացակայությունը, որդու մատնահետքերի չհայտնաբերվելը և նրա ձեռքերին կրակոցի հետքերի բացակայությունը։
Դիմողը նաև նշել էր, որ մատնահետքեր և կրակոցի հետքերի հայտնաբերման նպատակով նմուշներ չէին վերցվել բոլոր զինծառայողներից։ Նա վիճարկել էր նաև մարմնի հայտնաբերման և հիվանդանոց տեղափոխելու հանգամանքների ոչ բավարար պարզաբանումը, ինչպես նաև զինծառայողների ցուցմունքների նույնականությունը՝ Ա. Մարգարյանի ենթադրյալ տարօրինակ վարքագծի վերաբերյալ։
2016 թվականի ապրիլի 30-ին երկրորդ կայազորային զինվորական դատախազությունը մերժել էր բողոքը։ Դատախազության որոշման մեջ նշվել էր, որ Ա. Մարգարյանի՝ մեկ այլ զինծառայողի դեմ քրեական գործով մասնակցության կապակցությամբ ահաբեկման կամ այլ բացասական վերաբերմունքի վերաբերյալ տեղեկություններ չեն ձեռք բերվել։ Դատախազությունը նաև նշել էր, որ մատնահետքերի բացակայությունը կարող էր բացատրվել ինքնաձիգի՝ այլ մակերեսների, այդ թվում՝ խոնավ հողի հետ շփմամբ։
Պերճ Մարգարյանը դատական կարգով վիճարկել էր դատախազության որոշումը։ 2016 թվականի օգոստոսի 23-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր նրա հայցը՝ գտնելով, որ քննության մարմինը կատարել էր անհրաժեշտ քննչական գործողություններ և ամբողջական ու օբյեկտիվ քննություն էր իրականացրել։
2016 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշելով, որ դատարանները չէին կարող ցուցումներ տալ քննության մարմիններին։ 2017 թվականի հունվարի 31-ին Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր բողոքը վարույթ ընդունելուց։
ՄԻԵԴ-ի իրավական գնահատականը
ՄԻԵԴ-ը գործը քննել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո՝ անդրադառնալով կյանքի իրավունքի ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչներին։
Դատարանը նշել է, որ զինծառայողները, ինչպես և կալանքի տակ գտնվող անձինք, ամբողջությամբ գտնվում են պետության վերահսկողության ներքո, և բանակում տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում են իշխանությունների բացառիկ գիտելիքի շրջանակում։ Այդ պատճառով պետությունը պարտավոր է բավարար և համոզիչ բացատրություն ներկայացնել բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքի կամ մահվան վերաբերյալ։
Դատարանը նաև ընդգծել է, որ կյանքի իրավունքի պաշտպանության և դրա կորստի հանգամանքները պատշաճ կերպով պարզելու պարտավորությունը ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, երբ կան հիմքեր ենթադրելու, որ անձը կյանքին սպառնացող վնասվածքներ է ստացել կասկածելի հանգամանքներում։
Ըստ ՄԻԵԴ-ի՝ քննությունը պետք է լինի պատշաճ և մանրակրկիտ։ Իշխանությունները պետք է լուրջ փորձ կատարեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրահանգումների վրա՝ քննությունը դադարեցնելու կամ որոշումներ կայացնելու համար։
Դատարանը արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները դեպքին արձագանքել էին արագ։ Քրեական վարույթը հարուցվել էր դեպքի օրը, նշանակվել էր դիահերձում, կատարվել էր դեպքի վայրի զննություն, իսկ վկաների հարցաքննությունները սկսվել էին քննության առաջին օրերին։
ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ քննությունն ավարտվել էր դեպքից մեկ տարուց փոքր-ինչ ավելի անց՝ 2016 թվականի փետրվարի սկզբին, իսկ քննության դադարեցման որոշման դատական վերանայումը ավարտվել էր 2017 թվականի հունվարին։ Դատարանը գտել է, որ քննության տևողության առումով անհիմն ձգձգում չի եղել։
Դատարանը չի արձանագրել, որ դիմողը ներկայացրել էր կոնկրետ փաստարկներ քննությունն իրականացրած մարմինների ինստիտուցիոնալ անկախության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ դիմողին հասանելի էր քննության գործը՝ իր օրինական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ չափով։
Միաժամանակ դատարանը քննության հիմնական խնդիրը համարել է դրա բավարարության և մանրակրկիտության հարցը։
Ինքնասպանության վարկածի հիման վրա քննության իրականացումը
ՄԻԵԴ-ը նշել է, որ քննության մարմինը հենց սկզբից ընդունել էր Ա. Մարգարյանի ինքնասպանության վարկածը և ամբողջ քննությունն իրականացրել էր այդ ենթադրության հիման վրա։
Դատարանի գնահատմամբ՝ քննությունը չէր պարզել, թե արդյոք կրակոցի ձայն լսվել էր և եթե այո, ապա որ ժամին։ Ներքին քննության զեկույցում նշվել էր, որ ոչ ոք չէր հայտնել կրակոցի ձայն լսելու մասին, մինչդեռ քննչական վերարտադրությամբ հաստատվել էր, որ դեպքի վայրում արձակված կրակոցները լսելի էին թիվ 4 պահակակետից և թիվ 1 պահակակետի հարակից տարածքից։
ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ Մ. Մ.-ի ցուցմունքներում առկա էին էական տարբերություններ։ Նրա առաջին ցուցմունքում նշված էր, որ նա լսել էր օգնության կանչեր և դեպքի մասին իմացել էր հերթապահության ավարտից հետո։ Հաջորդ հարցաքննության ժամանակ նա հայտնել էր, որ տեսել էր Ա. Մարգարյանին պահակակետի տարածքում քայլելիս և լսել էր կրակոցի նմանվող ձայն։
Դատարանը նշել է, որ քննության ընթացքում որևէ փորձ չէր կատարվել պարզելու, թե ինչու Մ. Մ.-ն իր սկզբնական ցուցմունքում չէր ներկայացրել հետագայում նշած կարևոր հանգամանքները։
Դատարանը անդրադարձել է նաև դեպքերի ժամանակագրության անհամապատասխանություններին։ Մասնավորապես, քննությունը չէր պարզել, թե արդյոք Ա. Մարգարյանը կենդանի էր, երբ նրան հայտնաբերել էին խրամատում։ Քննության դադարեցման որոշման մեջ մարմնի հայտնաբերման վերաբերյալ կոնկրետ ժամանակագրություն չէր ներկայացվել։
ՄԻԵԴ-ը նշել է, որ անհասկանալի էր մնում նաև այն, թե ինչպես էր պաշտոնական վարկածի համաձայն Ա. Մարգարյանի մահվան պատճառ դարձած կրակոցը մնացել չլսված մոտակայքում գտնվող զինծառայողների կողմից։ Դատարանը հաշվի էր առել, որ ինքնաձիգի կրակոցները լսելի էին մոտակա պահակակետերից, սակայն թիվ 3 և թիվ 5 պահակակետերում, ինչպես նաև հրամանատարական կետում գտնվող զինծառայողներից որևէ մեկը չէր հայտնել կրակոցի ձայն լսելու կամ ահազանգ բարձրացնելու մասին։
Դատարանը նաև արձանագրել է, որ քննությունը չէր պարզել, թե արդյոք կրակոցի ձայնը լսելի էր նշված բոլոր կետերից, և եթե այո, ապա ինչու այն չէր արձանագրվել կամ դրա մասին չէր հաղորդվել։
ՄԻԵԴ-ը նշել է, որ քննության ընթացքում բավարար բացատրություն չէր տրվել ինքնաձիգի վրա Ա. Մարգարյանի կամ ընդհանրապես որևէ անձի, այդ թվում՝ մարմինը տեղափոխած զինծառայողների մատնահետքերի բացակայության վերաբերյալ։
Դատախազությունը մատնահետքերի բացակայությունը բացատրել էր նրանով, որ ինքնաձիգը շփվել էր այլ մակերեսների, այդ թվում՝ խոնավ հողի հետ։ Սակայն դատարանը նշել է, որ այդ բացատրությունը հիմնավորված չէր կոնկրետ, մասնավորապես՝ դատաբժշկական կամ դատափորձագիտական ապացույցներով։ Փորձաքննության եզրակացությունը միայն արձանագրել էր ինքնաձիգի տարբեր հատվածներում կեղտի առկայությունը և չէր նշել, որ դա կարող էր բացատրել նույնականացվող մատնահետքերի բացակայությունը։
Դատարանը նաև արձանագրել է, որ բալիստիկ փորձագետներին հանձնարարվել էր պարզել կրակոցի կամ կրակոցների հեռավորությունը՝ հաշվի առնելով Ա. Մարգարյանի հագուստի վրա առկա անցքերի տեղակայումը և չափերը։ Սակայն փորձագետները չէին պարզել կրակոցի հեռավորությունը։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ այդ էական բացթողումը լրջորեն թուլացրել էր քննության՝ մահացու կրակոցը մեկ այլ անձի կողմից արձակված լինելու հնարավորությունը վերջնականապես բացառելու կարողությունը։
Դատարանը ուշադրություն է դարձրել նաև նրան, որ կրակոցի հետքերի առկայությունը ստուգվել էր միայն չորս զինծառայողի մոտ։ Նրանցից մեկի՝ շարքային Ա. Վ.-ի նմուշներում հայտնաբերվել էին պղնձի մասնիկներ, որոնք համատեղելի էին կրակոցի հետքերի հնարավոր առկայության հետ։ Սակայն այդ հանգամանքի կապակցությամբ, ըստ դատարանի, էական հետագա քննություն չէր իրականացվել։
Այլ զինծառայողներից նմուշներ չէին վերցվել, քանի որ քննության մարմինը դա հիմնավորել էր քննության անհարկի երկարաձգման և անհրաժեշտ քննչական գործողությունների խոչընդոտման հնարավորությամբ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ մյուս զինծառայողների տեղաշարժերի և դեպքերի ժամանակագրության վերաբերյալ վերջնական եզրահանգումների բացակայության պայմաններում այդ մոտեցումը չէր համապատասխանում արդյունավետ քննության սկզբունքներին։
Ա. Մարգարյանի անձի և վարքագծի գնահատականները
Դատարանը անդրադարձել է նաև քննության դադարեցման որոշման մեջ Ա. Մարգարյանի «տարօրինակ վարքագծի», բնավորության առանձնահատկությունների և «անձնական անհարմարվողականության բարձր աստիճանի» վերաբերյալ եզրահանգումներին։
ՄԻԵԴ-ը նշել է, որ այդ բնութագրումները հիմնված էին քննության ընթացքում հավաքված առանձին նյութերի վրա, այդ թվում՝ որոշ վկաների ցուցմունքների, սոցիալական ցանցերի ընտրովի հրապարակումների և հետմահու դատահոգեբանական ու հոգեբուժական փորձաքննության եզրակացության վրա։ Փորձաքննությունը, իր հերթին, հիմնված էր նույն սահմանափակ նյութերի վրա։
Դատարանը նշել է, որ Ա. Մարգարյանի անձի և վարքագծի վերաբերյալ նշված բնութագրումները ամբողջությամբ հակասում էին նրա կենդանության օրոք կատարված գնահատականներին։ Նրա զորակոչից առաջ և դրանից հետո կատարված գնահատումներով հոգեկան առողջության կամ զինվորական ծառայությանը հարմարվելու հետ կապված խնդիրներ չէին արձանագրվել։
Զորամասի ավագ պաշտոնատար անձինք նույնպես հայտնել էին, որ Ա. Մարգարյանի նկատմամբ որևէ բացասական կամ տարօրինակ վարքագիծ չէին նկատել կամ արձանագրել։ Այդ տվյալները, ըստ դատարանի, պատշաճ կերպով չէին արտացոլվել հետմահու փորձագիտական եզրակացության մեջ, որի վրա մեծապես հիմնվել էր քրեական քննության դադարեցման որոշումը։
ՄԻԵԴ-ը նշել է, որ Ա. Մարգարյանի ինքնասպանության վարկածը հաստատող բավարար և եզրակացական նյութերի, այդ թվում՝ արարքի շարժառիթների վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում առավել կարևոր էր այլ հնարավոր վարկածների մանրակրկիտ ուսումնասիրությունը։
Դատարանի գնահատմամբ՝ իշխանությունները չեն իրականացրել այդ աշխատանքը անհրաժեշտ ջանասիրությամբ և քննությունը դադարեցրել են հապճեպ եզրահանգումների հիման վրա։
ՄԻԵԴ-ի եզրակացությունը կյանքի իրավունքի վերաբերյալ
Դատարանը նշել է, որ Պերճ Մարգարյանը բողոքներում մի շարք մանրամասն հարցեր էր բարձրացրել որդու մահվան հանգամանքների վերաբերյալ։ Դրանց թվում էին՝ որդու՝ քրեական գործով ցուցմունք տալու պատճառով հնարավոր հաշվեհարդարի վարկածի քննությունը, մարմնի հայտնաբերման և հիվանդանոց տեղափոխելու հանգամանքները։ ՄԻԵԴ-ի արձանագրմամբ՝ ներպետական դատարանները դիմողի փաստարկները մերժել էին համառոտ ձևով։
Դատարանը եզրակացրել է, որ քննության ընթացքում արձանագրված բացթողումները և չպարզաբանված անհամապատասխանությունները բավարար էին այն եզրահանգման համար, որ Ա. Մարգարյանի մահվան հանգամանքների քննությունը եղել է լրջորեն թերի։ Դրա հիման վրա ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտում։
Պետության կողմից մահվան հավաստի բացատրություն չներկայացնելը
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի վերաբերյալ դատարանը նշել է, որ Ա. Մարգարյանը պարտադիր զինվորական ծառայություն էր իրականացնում իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքն իրեն էր կրակել կրծքավանդակին՝ իրեն հատկացված ինքնաձիգով։
ՄԻԵԴ-ը, հղում կատարելով իր նախորդ եզրահանգումներին, նշել է, որ Ա. Մարգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ իրականացված քննությունը բավարար և պատշաճ չէր, և այդ պատճառով դրա եզրակացությունները չէին կարող համարվել վստահելի։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները չէին կատարել իրենց պարտավորությունը՝ ներկայացնելու Ա. Մարգարյանի մահվան հավաստի բացատրություն, հետևաբար չէին ապահովել իշխանությունների խնամքի ներքո տեղի ունեցած մահվան համար պատշաճ հաշվետվողականություն։ Այս հիմքով ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում։
Արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությունը
Պերճ Մարգարյանը ՄԻԵԴ-ում բողոքել էր նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո՝ նշելով, որ ներպետական մարմինները չեն իրականացրել որդու մահվան հանգամանքների արդյունավետ քննություն, իսկ ներպետական օրենսդրությամբ ինքը չի ունեցել պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն՝ որդու մահվան հետևանքով կրած վնասի համար։
Դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ազգային մակարդակում այնպիսի պաշտպանության միջոցի առկայությունը, որը հնարավորություն է տալիս իրականացնել Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների բովանդակությունը և ստանալ համապատասխան հատուցում։
ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ արդյունավետ պաշտպանության միջոցը պետք է արդյունավետ լինի ինչպես իրավական կարգավորման, այնպես էլ գործնական կիրառության առումով։
Դատարանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով նախատեսվել էր պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման դեպքում։
Միաժամանակ դատարանը նշել է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը կախված էր քրեական քննության արդյունքից։ Դատարանը արձանագրել է, որ այդ դիրքորոշումը հաստատում էր դիմողի այն պնդումը, որ վնասի հատուցման հնարավորությունը պայմանավորված էր պետական պաշտոնատար անձի անհատական քրեական պատասխանատվությամբ։
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմողին հասանելի չէր քաղաքացիական կամ վարչական պաշտպանության այնպիսի միջոց, որը հնարավորություն կտար քրեական քննության արդյունքից անկախ պարզելու պետական պաշտոնատար անձանց կամ մարմինների պատասխանատվությունը Ա. Մարգարյանի մահվան համար։
Դատարանը նշել է, որ այնպիսի պաշտպանության միջոցը, որի շրջանակում պետության պատասխանատվությունը կախված է կոնկրետ պետական պաշտոնատար անձի կամ այլ անձի քրեական հետապնդումից կամ դատապարտումից, ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար սահմանում է չափազանց բարձր նախապայման։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ նման համակարգը չի համապատասխանում Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված պարտավորությանը՝ տուժողին կամ նրա ընտանիքին ապահովելու պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը պարզելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն։
Փոխհատուցման չափը
Պերճ Մարգարյանը ՄԻԵԴ-ից պահանջել էր 50 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց։ Հայաստանի կառավարությունը դիմողի պահանջը համարել էր չափազանցված։ Դատարանը, գնահատելով գործի հանգամանքները և արձանագրված խախտումները, որոշել է դիմողին տրամադրել պահանջված ամբողջ գումարը՝ 50 հազար եվրո՝ գումարած հնարավոր հարկերը։
ՄԻԵԴ-ի վճռի եզրափակիչ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է վճարել այդ գումարը վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում՝ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան։ Գումարը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ կիրառելի փոխարժեքով։
Երեքամսյա ժամկետի ավարտից մինչև վճարումը գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանային վարկավորման տոկոսադրույքին գումարած երեք տոկոսային կետի չափով։
Վճիռը կայացվել և գրավոր ծանուցվել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ին։ Այն կարող է ենթարկվել խմբագրական վերանայման և վերջնական է դառնալու Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններով։
Leave a Reply