Հայաստանն ու Վրաստանը. հակադիր ուղղություններ եւ երկակի ստանդարտներ

Written by

in

Ներկայացնում ենք ամերիկյան Christian Science Monitor պարբերականում հրապարակված One nation reaches for Europe. The other, for Russia. Both use the same tactics հոդվածի հայերեն թարգմանությունը: 
Ֆրեդ Վեյր
Հայաստանը եւ Վրաստանը՝ Կովկասի երկու առանցքային պետությունները, գտնվում են քաղաքական ցնցումների մեջ, եւ առաջին հայացքից նրանց իրավիճակները բավականին նման են։
Խորհրդային անցյալ ունեցող երկու երկրներն էլ քայլեր են ձեռնարկում՝ դիվերսիֆիկացնելու իրենց միջազգային հարաբերությունները՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետեւանքների։ Երկուսն էլ բախվում են ներքին դիմադրության, ինչի պայմաններում իշխանությունները «իրավական պատերազմի» (lawfare) արշավներ են նախաձեռնում ազդեցիկ քաղաքական ընդդիմության դեմ եւ փորձում իրենց ազգային եկեղեցիներին ստիպել հետեւել կառավարության որդեգրած քաղաքական գծին։ 
Չնայած մարտավարության նմանությանը, Հայաստանն ու Վրաստանը շարժվում են հակադիր ուղղություններով. Հայաստանը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, մինչդեռ Վրաստանը երես է թեքում Եվրոպայից եւ փորձում է վերականգնել կապերը Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ, երկու երկրներից եւ ոչ մեկին դեռ չի հաջողվել գտնել առաջընթացի կայուն ուղի՝ գնալով ավելի անկայուն դարձող աշխարհակարգում։ 
Պայքար եկեղեցու դեմ
Հայ Առաքելական եկեղեցու յոթ բարձրաստիճան հոգեւորականներ, այդ թվում՝ եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ն, մեղադրվում են հանցագործությունների մեջ: Քննադատների պնդմամբ՝ մեղադրանքների հիմքում ընկած է հոգեւորականների ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղաղության գործընթացին եւ, ավելի լայն իմաստով, նրա՝ Հայաստանը Ռուսաստանի գլխավորությամբ գործող ռազմական ու տնտեսական դաշինքներից դուրս բերելու եւ երկիրը ԵՄ անդամակցության ուղղությամբ տանելու քաղաքականությանը։
Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 50%-ից պակաս ստանալով՝ պարոն Փաշինյանը հաղթանակ է տարել նվազագույն առավելությամբ։ Այդ ժամանակից ի վեր առնվազն 300 ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ, լրագրող եւ գործարար, այդ թվում՝ նախկին նախագահ, ենթարկվել են ձերբակալության, երկրից չհեռանալու սահմանափակման կամ ակտիվների բռնագրավման։ Մոսկվայի աջակցությունը վայելող խոշոր գործարար եւ ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տարեսկզբից գտնվում է տնային կալանքի տակ։
Կառավարությունը ճնշումների այս արշավը ներկայացնում է որպես հակակոռուպցիոն պայքար, սակայն քննադատները նշում են, որ հետապնդման ենթարկվողների գրեթե բոլորը պարոն Փաշինյանի՝ ԵՄ-ին միտված քաղաքականության «ռուսամետ» ընդդիմախոսներն են։
Երեւանցի ռեստորանատեր Սոֆին, որը հրաժարվեց նշել իր ամբողջական անունը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ իր բիզնեսի վրա, ասում է, որ իրեն անհանգստացնում է քաղաքական մթնոլորտի վատթարացումը, թեեւ ինքը 2018 թվականի այն ժողովրդական շարժման եռանդուն աջակիցն էր, որը պարոն Փաշինյանին իշխանության բերեց։ Նրա խոսքով՝ Հայաստանին քաղաքական փոփոխություններ էին անհրաժեշտ, եւ չնայած այն հանգամանքին, որ պարոն Փաշինյանի կառավարման օրոք՝ 2020 թվականին, Հայաստանը պարտություն կրեց Ադրբեջանի դեմ պատերազմում, ինքը, այնուամենայնիվ, քվեարկել է նրա օգտին հաջորդած երկու ընտրություններում։
«Շրջապատիս բոլոր մարդիկ հույս ունեն, որ Փաշինյանը գիտի՝ ինչ է անում։ Ռուսաստանը մեզ չօգնեց եւ մի կողմ քաշվեց, երբ Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց հայերով բնակեցված մի ամբողջ տարածաշրջան [Լեռնային Ղարաբաղը]։ Փաշինյանն իրավացի է՝ խաղաղություն փնտրելով, եւ Ռուսաստանից մեր կախվածությանը այլընտրանքներ գտնելը լավ գաղափար է։ Սակայն մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու մեծ հավանականություն չի երեւում, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր խոշորագույն առեւտրային գործընկերը։ Ինչո՞ւ սադրել նրանց։ Իսկ ընդդիմադիրների ձերբակալություններն իսկապես վատ տպավորություն են թողնում»,- ասաց նա։ 
Ո՞ր միությանը պետք է միանա Հայաստանը
Պարոն Փաշինյանը մերժեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի սկզբին արված կոչը՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Հայաստանը Ռուսաստանի գլխավորությամբ գործող Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Այդ միությանը բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան մեկ երրորդը: Հայաստանը միաժամանակ օգտվում է սուբսիդավորվող էներգակիրներից։
Պարոն Պուտինը պնդեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու կազմակերպություններին անդամակցել, ուստի ընտրությունը պետք է որոշվի համաժողովրդական քվեարկությամբ։ Պարոն Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկող օրենք եւ հավելյալ քայլերի անհրաժեշտություն չկա։
«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ դուրս է գալիս [տնտեսական միությունից], սակայն ցանկանում է անորոշ ժամանակով շարունակել օգտվել դրանից ստացվող բոլոր առավելություններից։ Սա վիրավորական է։ Եթե ուզում եք դուրս գալ, ուրեմն դուրս եկեք։ Բայց մի՛ ակնկալեք, որ մենք կվճարենք ձեր համար», – ասում է Մոսկվայում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության պաշտոնյա Անդրեյ Կլիմովը։ 
Պարոն Փաշինյանի՝ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հոգեւորականությանը զսպելու ջանքերը բախվել են խոչընդոտների։ Մինչ այժմ չորս դատավոր ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Գարեգին Բ-ի դեմ հարուցված գործը, իսկ մեկ դատախազ հրաժարական է տվել։ Այդուհանդերձ, եկեղեցու ղեկավարությունը փոխելու ուղղությամբ իշխանությունների ջանքերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։
«Հայաստանում եկեղեցին վայելում է հսկայական ժողովրդականություն։ Եկեղեցու առաջնորդները սկսեցին բարձրաձայն քննադատել կառավարության որդեգրած ուղղությունը, հատկապես Ղարաբաղի կորստից հետո», – ասում է Երեւանում գործող Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմության դասախոս դոկտոր Պիետրո Շաքարյանը։ 
«Եկեղեցին պատմական դեր ունի հայկական ինքնության մեջ եւ մեծապես արժեւորում է իր անկախությունը, մինչդեռ Փաշինյանը փորձում է այն ենթարկել պետությանը։ Զարմանալի չէ, որ նա չի կարողանում դատավոր գտնել՝ գործը վարելու համար», – ասում է դոկտոր Շաքարյանը։ 
Նմանատիպ սցենար Վրաստանում
Հարեւան Վրաստանում կառավարությունը, որը երկար ժամանակ հետեւում էր ԵՄ-ին ինտեգրվելու ուղուն եւ հրաժարվել էր միանալ Ռուսաստանի գլխավորած տնտեսական միությանը, կասեցրել է Եվրամիությանն անդամակցելու իր հայտը։ Այժմ իշխանությունները մերձենում են Ռուսաստանին՝ ձգտելով առավելագույնի հասցնել տնտեսական օգուտները եւ խուսափել 2008 թվականի պատերազմի կրկնությունից։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են պահպանողական Վրաց ուղղափառ եկեղեցուն պետության հետ քաղաքական դաշինք կնքելու ուղղությամբ ճնշելու, հարյուրավոր եվրոպամետ քաղաքական ակտիվիստների ձերբակալելու եւ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող՝ ռուսական օրենսդրության օրինակով օրենքներ ընդունելու մեջ։ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ՝ դադարեցնելով ֆինանսական օգնությունը, սահմանափակելով բարձր մակարդակի շփումները եւ չեղարկելով առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների համար։
Թբիլիսիի Վրաց-Ամերիկյան համալսարանի դասախոս Բրայան Ջիգանտինոն նշում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը գլոբալ փոփոխություններին արձագանքում են՝ վերահավասարակշռելով եւ դիվերսիֆիկացնելով իրենց արտաքին հարաբերությունները, թեեւ այդ գործընթացը սկսում են տարբեր ելակետերից։ Վրաստանն արդեն իսկ սերտ կապեր ուներ Եվրոպական միության հետ, մինչդեռ Հայաստանը փոփոխություններ է իրականացնում Ռուսաստանից իր կախվածության պայմաններում։
«Ռուսաստանի հետ բարելավված տնտեսական կապերը նպաստում են Վրաստանի տնտեսական աճին, եւ քանի որ երկիրը որեւէ տնտեսական միության անդամ չէ, այն մանեւրելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Մինչդեռ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը կպահանջի դուրս գալ Ռուսաստանի գլխավորած միությունից», – ասում է նա։ 
Դոկտոր Շաքարյանը հեգնական ժպիտով նշում է, որ երկու երկրներում տեղի արձանագրվող բռնատիրական միտումներն ու քաղաքացիական իրավունքների խախտումները արեւմտյան լրատվամիջոցների եւ պաշտոնյաների կողմից, կարծես, բոլորովին տարբեր կերպ են ընկալվում եւ ներկայացվում։
«ԵՄ-ն խիստ քննադատաբար է վերաբերվում Վրաստանին, մինչդեռ Փաշինյանը գրեթե լիակատար ազատություն ունի։ Ակնհայտ երկակի ստանդարտ կա»,- ասում է նա։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *