Սեպտեմբերի 17-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ծննդյան օրն է․ լրանում է նրա 41-րդ տարեդարձը։
Համոզված ենք՝ նախորդ տարիների օրինակով բազմաթիվ կապանցիներ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ կհղեն նրան՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, դիտարկումներ կանեն համայնքապետի պաշտոնում նրա ութամյա գործունեության վերաբերյալ․․․
Մենք միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին, նաև արձանագրում՝ Գևորգ Փարսյանի պարագայում և մեր ընթացքի ներկա փուլում առիթը ոչ միայն շնորհավորանքի, այլև սյունիքյան ու կապանյան որոշ խնդիրների շուրջ լրջորեն խորհրդածելու հնարավորություն է։
Եվ ուրեմն փորձենք բարձրաձայնել մեր մտորումներն այդ խնդիրներից մի քանիսի շուրջ։
***
Խնդիրներից առաջինը, բնականաբար, նոյեմբերի 29-ին Կապան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններն են։
Կարելի էր, իհարկե, սպասվող այդ իրադարձությանը մեծ նշանակություն չտալ, բայց․․․
Պարզվում է՝ արդեն իսկ ներքաշվում ենք նախօրինակը չունեցող խարդավանքների հորձանուտ։
Տեսնելով, որ 2018-ից ի վեր՝ երկու անգամ, սովորական ընտրապայքարով ու խաղի շատ թե քիչ ընդունելի կանոններով չի հաջողվում հաղթել Գևորգ Փարսյանի գլխավորած քաղաքական թիմին, փորձ է արվում մրցակցող իշխանական թիմից բացի «մարտադաշտ» դուրս բերել ևս մեկ (առնվազն) թիմ՝ խամաճիկի կարգավիճակով, որը որոշակիորեն կպառակտի ոչ իշխանական ընտրազանգվածի շարքերը և նոյեմբերի 29-ից հետո միություն կկազմի ՔՊ-ի հետ ու այդկերպ հնարավորություն չի տա Գևորգ Փարսյանին՝ ձևավորելու համայնքային նոր իշխանություն։
Կգտնվի՞ Կապանում նման անհատ կամ ուժ, թե՞ ոչ․․․ Դժվարանում ենք ասել, քանզի նման թիմ հորինելուն` որպես կանոն, նախորդում են հարկադրանքի թույլատրելի և անթույլատրելի քայլեր․․․
Հստակ է մի բան՝ նախընտրական մարիոնետ թիմ ձևավորելու դեպքում անգամ կապանցի ընտրողների շարքերում դժվար թե էական վերադասավորումներ լինեն։
Մարդիկ տեսնում են՝ ինչ է կատարվում, և համոզված են՝ Գևորգ Փարսյանի նախընտրական թիմի դեմ այդ մեթոդներով պայքարը քայլ է ընդդեմ արժանապատիվ ու զարգացող Կապանի, ընդդեմ ընտրողների ազատ կամարտահայտման։
***
Վաղաժամ մեկնարկած խարդավանքներն են պատճառը, որ այս օրերին կապանյան հանրության ամենատարբեր շերտերում քննարկում են Գևորգ Փարսյանի պաշտոնավարման ութ տարիների արդյունքները։ Եվ շատերը, առանց չափազանցության, ստեղծված իրավիճակում նրա թեկնածությունը համարում են այլընտրանք չունեցող։
Այդ բոլորով հանդերձ՝ ի՞նչ ունենք Գևորգ Փարսյան գործչի հաշվեկշռում, որ թույլ է տալիս նրան համարել այլընտրանք չունեցող թեկնածու Կապան համայնքը հաջորդ ընտրաշրջանում ևս ղեկավարելու համար։
Հարցի պատասխանը, կարծում ենք, կտա նախընտրական այդ թիմը՝ ներկայացնելով հաշվետվություն անցած ութ տարիների գործունեության վերաբերյալ։
Բայց, չսպասելով նման հաշվետվության, հարկ ենք համարում առանձնացնել երեք ոլորտ, որի ուղղությամբ կատարվածը (մեր համոզմամբ) էական նշանակություն ունի մարզկենտրոնի համար, որը (առանց չափազանցության) պատիվ կբերեր ցանկացած քաղաքական թիմի։
√ Գևորգ Փարսյանն այն բացառիկ իշխանավորներից մեկը եղավ Սյունիքում (և ոչ միայն), որ ի սկզբանե մերժեց պատեհապաշտությունը, կերպափոխությունը և հանուն իր անձնական հարմարավետության չվազեց կշեռքի ծանր կողմը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իր դեմքին ու դիմագծին, Սյունիքի ու Կապանի դերի և առաքելության իր ընկալումներին։
Ամենաշատ լծակներն ու հնարավորություններն ինքն ուներ՝ պատսպարվելու իշխող քաղաքական ուժի անձրևանոցի տակ, բայց․․․
Կապանի ու կապանցիների ընդհանրական շահն էր իր համար առաջնայինը, նաև հավատարմությունն իր տեսակին ու որդեգրած ճանապարհին․․․
Բայց դա չխանգարեց, որ նա (միևնույն ժամանակ) համայնքային խնդիրների շուրջ սերտորեն համագործակցի կառավարության, տարածաշրջանի բոլոր տնտեսվարողների հետ։
√ Համայնքում բնակչության համերաշխության ապահովումը Գևորգ Փարսյանի համար ի սկզբանե եղել է գերակա ուղղություն։ Դրա վկայությունն է նաև նրա վերկուսակցական, վերթայֆայական վարքը։
Սկզբունքը եղել ու մնում է մեկը՝ բոլորս մենք ենք, չկան մերոնքականներ և ոչ մերոնքականներ։
√ Գևորգ Փարսյանի պաշտոնավարման տարիները համընկան Արցախյան 3-րդ պատերազմին և դրան հաջորդած ռազմական գործողություններին ու ողբերգական հայտնի իրադարձություններին։
Մեր երկրի ու ժողովրդի համար ճակատագրական այդ ժամանակաշրջանում ցույց տվեց, թե ինչպես կարելի է առաջնորդել համայնքն արտակարգ իրավիճակներում, թե ինչպես կարելի է համայնքը ոտքի հանել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Իսկ ցավալի կապիտուլյացիայից հետո, երբ նույնիսկ Կապան համայնքից էր թշնամին մոտ 2700 հա հողատարածք բռնազավթել, նա բռնեց ծնկաչոք մեր ազգային վիճակից բարձրանալու ու մեր նահատակների երազած հզոր Սյունիքն ու Կապանը շեն պահելու դժվարին ուղին, որի անունն է ստեղծագործ աշխատանք․․․
Եվ արարումի այդ ոգու պոռթկումներին ականատես եղանք համայնքի գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքաշինություն, ենթակառուցվածքներ, հոգևոր-մշակութային կյանք, ինչի արդյունքում Կապանն ավելի ամրապնդեց Հայաստանի հարավային մայրաքաղաքի իր ոչ պաշտոնական, բայց և փաստացի կարգավիճակը։
***
Բավարարվենք ասվածով, թեև կարելի է թվարկումները շարունակել։
Եվ գիտե՞ք՝ այդ ամենին քաջատեղյակ կապանցին ի՞նչ է հարցնում՝ ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը տարիներ շարունակ ու հետևողականորեն հակադրվում Գևորգ Փարսյան կարող անհատականությանը։
Եթե 2018-ին նոր-նոր էր քաղաքական ասպարեզ իջնում, եթե 2021-ին (ասենք թե) չէին հասցրել լիովին ծանոթանալ նրա գործարար ու կազմակերպչական ունակություններին, ապա ինչո՞ւ հիմա՝ 2026-ին, ՔՊ-ն նորից է ձեռնոց նետում համայնքի բնակչության մեծամասնության անվերապահ աջակցությունը վայելող Գևորգ Փարսյանին։
Այո, մանավանդ հիմա, երբ Սյունիքի մյուս համայնքներում իշխող քաղաքական ուժը (առնվազն խոսքի մակարդակով) համերաշխության ուղին է բռնել։
Վերոնշյալ հարցերը դժվար թե ողջամիտ և օբյեկտիվ պատասխան ունենան…
Այդ ամենը, ի դեպ, այլևս ոչ մեկին չի էլ զարմացնում։ Այդ ամենը, ընդհակառակը, մարզկենտրոնի բնակիչներին ավելի է համախմբում համայնքային իշխանության ու համայնքապետի շուրջը։
***
Քարոզչական մի թեզի մասին, որ վերջին օրերին առաջ է մղվում Կապանում։
Իշխանական թիմը Գևորգ Փարսյանի վաստակած հեղինակությունը «ջարդելու» կամ ինքն իրեն մխիթարելու համար տարածում է տեսակետ, թե իբր 2026-ի հունիսի 7-ին կապանցի ընտրողն արդեն իսկ ասել է իր խոսքը՝ մեծամասամբ ձայն տալով ՔՊ-ին և ոչ թե «Միասնության թևերին», որի գլխին իբր Գևորգ Փարսյանն էր։
Նախ՝ ՔՊ-ն Կապանում (հայտնի և անհայտ բոլոր փամփուշտները կրակելուց հետո) չի կարողացել ստանալ քվեարկության մասնակիցների հիսուն տոկոսի աջակցությունը։
Երկրորդ, պարզունակ է համայնքապետին «Միասնության թևեր»-ի հետ նույնացնելը կամ այդ ուժին տրված քվեներով նրա վարկանիշը չափելը։
Երրորդ, քաղաքագիտական առումով տգիտություն է՝ համապետական ընտրությունը ՏԻՄ ընտրությունների հետ նույնացնելը։
Այնպես որ՝ հունիսի 7-ի պրիզմայով նոյեմբերի 29-ի մասին կանխատեսումներ անելը տրամաբանության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։
Ջրի երես է դուրս եկել մեկ այլ իրողություն նաև․․
ՏԻՄ ընտրություններն այն բացառիկ միջոցառումն է, որ կուսակցական պատկանելությունը գերիշխող չի լինում։
Ընտրողների վարքագծում, ինչպես ցույց է տալիս նախորդ ընտրությունների փորձը, դոմինանտ է լինում համայնքապետի պաշտոնին հավակնող անձնավորության ով լինելը։
Պատահական չէ, որ անգամ որոշ ՔՊ-ականներ չեն թաքցնում Գևորգ Փարսյանին աջակից լինելու իրենց տրամադրվածությունը։
***
Այս օրերին Կապանում (նաև Գորիսում ու Մեղրիում, որտեղ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 25-ին) քննարկվում է մեկ այլ հարց նույնպես։
Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կամ արտախորհրդարանական շատ թե քիչ ճանաչված ուժերն անտարբեր հայեցողի խրամատից դուրս կգան և այս կամ այն ձևաչափով կմասնակցեն Սյունիքի համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Շատ զարմանալի կլինի, որ քաղաքական այդ ուժերը որևէ կերպ չմասնակցեն մեկնարկած ընտրական գործընթացներին։
Դա, կարծում ենք, կլինի ցուցիչ, թե որքանով են քաղաքական ուժերը հետաքրքրված Սյունիքի իրավիճակով և սյունիքյան հիմնախնդիրների լուծմամբ։
Տեսնենք․․․
***
Ահա այսպիսի մտորումներ Գևորգ Փարսյանի ծննդյան օրը․ առաջին հայացքից տոնական օրվան ոչ այնքան պատշաճ, մյուս կողմից՝ պահանջված ձևաչափ, քանզի ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակում Գևորգ Փարսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերաբերում են ամբողջ համայնքին։
Ուրեմն և՝ ինչո՞ւ չպետք է հենց այսօր ու այս առիթով չքննարկեինք համայնքային կյանքի վերոնշյալ օրախնդիր հարցերը, այն էլ՝ Կապանի համար նշանակություն ունեցող նոյեմբերի 29-ի շեմին։
Ինչո՞ւ չպետք է փաստենք ակնհայտ իրողությունը՝ առաջիկա ընտրություններին աջակցել Գևորգ Փարսյանի առաջնորդած քաղաքական թիմին, նշանակում է նեցուկ լինել հայոց պետությանն ու պետականությանը, արժանապատիվ ու անընդհատ նորացող Կապանին։
***
Հարգելի պարոն Փարսյան
Ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ստեղծարար Ձեր վարքին՝ հարատևություն։
Մարդկային Ձեր նկարագրին ու քաղաքացիական կերպին՝ հաստատունություն։
Ճանապարհը, որ ընտրել եք ութ տարի առաջ, որ մյուռոնվել է կապանցիների մեծ մասի անվերապահ վստահությամբ ու աջակցությամբ, թող շարունակական լինի։
Աստված պահապան Սյունյաց աշխարհին, որ եղել է ու կլինի հայոց արժանապատվության խորհրդանիշը, մեր պետականության և ինքնիշխանության ողնաշարը։
Սամվել Ալեքսանյան
17 սեպտեմբերի 2026 թ․
Leave a Reply