Դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ում հայ հոգեւոր առաջնորդները եւ դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգեւոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի եւ Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը եւ Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Լուսանկարը` Մայր Աթոռ
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների, երկու ժողովուրդների միջեւ քրիստոնեական
-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարեւորվել է խաղաղության հաստատման եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի եւ հոգեւոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Լուսանկարը` Մայր Աթոռ
Հայ հոգեւոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք եւ Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության եւ ապագայի, երկու երկրների միջեւ բարեկամության համար։
Հոգեւոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում»:
Leave a Reply