Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոս

Written by

in

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Սյունյաց երկրի» խմբագրատանը հյուրընկալվեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով թողնում է գլխավոր հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի արտաքին գործերի նախարարությունում։

Այցելության նպատակն էր՝ հրաժեշտ տալ «Սյունյաց երկրի» խմբագրակազմին, որի հետ սերտ համագործակցություն է ունեցել հյուպատոսարանի հիմնադրման ժամանակվանից՝ 2022 թ հոկտեմբերի 21-ից ի վեր։

Ջերմ և բարեկամական հանդիպման ընթացքում Սամվել Ալեքսանյանը բարձր գնահատեց հյուպատոսարանի և անձամբ Մորթեզա Աբեդին Վարամինի գործունեությունը հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում։

Սյունիքում երբեք չեն մոռանա, որ մեր երկրամասի համար դժվարին օրերին՝ 2020-22 թթ ողբերգական իրադարձություններից հետո,  Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ի դեմս Կապանի հյուպատոսարանի և անձամբ Մորթեզա Աբեդին Վարամինի, մեր կողքին էր, – ասաց Սամվել Ալեքսանյանը։

Մորթեզա Աբեդին Վարամին շնորհակալություն հայտնեց մարզային պարբերականի խմբագրակազմին՝ համագործակցության և հայ–իրանական բարեկամական կապերի ամրապնդմանն աջակցելու համար։

Պարոն Վարամին խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել Սյունիքի մարզի բնակչությանը՝ հատկապես Իրանի համար դժվարին ժամանակներում մշտապես բարոյական աջակցություն ցույց տալու համար։

– Սյունիքից հեռանում եմ՝ ինձ հետ տանելով անմոռանալի տպավորություններ և լավագույն հուշեր, որոնք վկայում են մեր երկու ժողովրդի բարեկամության ու եղբայրության մասին, – ասաց գլխավոր հյուպատոսը։

Երկուստեք՝ Սամվել Ալեքսանյանն ու Մորթեզա Աբեդին Վարամին, արձանագրեցին իրողությունը, որ վերջին չորս տարում, շնորհիվ հյուպատոսարանի, բավականին ամուր հիմքեր են ստեղծվել Սյունիքի և Իրանի համագործակցության ուղղությամբ, ինչը (անշուշտ) շարունակություն կունենա հետայսու ևս։

Մորթեզա Աբեդին Վարամին վերջում պատասխանեց «Սյունյաց երկրի» հարցերին, որը կհրապարակվի հաջորդիվ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *