Հայաստանում խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
ՀՎԿԱԿ-ից նշել են, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։
«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,-ասվում է պարզաբանման մեջ։
Կենտրոնը միաժամանակ ընդգծել է, որ ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։
«Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»,-հայտնել են կենտրոնից։
ՀՎԿԱԿ-ից շեշտել են, որ ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։
Leave a Reply