ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեհը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ավելի արագ է ընթանում, քան շատերն ակնկալում էին, եւ կանխատեսում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից զգալիորեն շուտ։
Արիզոնայից ընտրված հանրապետական Աբրահամ Համադեհը, որը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի եւ Վետերանների հարցերով հանձնաժողովների անդամ է, 2026թ. հունիսին այցելել էր Ադրբեջան, իսկ օգոստոսին՝ Հայաստան։
Աբրահամ Համադեհն ու Նիկոլ Փաշինյանը
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Համադեհն ասում է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը կարող է քաղաքական եւ տնտեսական առումով կապել Հայաստանն ու Ադրբեջանը՝ միաժամանակ Հարավային Կովկասի համար ճանապարհ հարթելով դեպի Արեւմուտքի հետ ավելի լայնածավալ առեւտուր եւ ներդրումներ։
– Հիմնական խոչընդոտը ժամանակն է։ Պատերազմական շրջանից եւ տասնամյակներ տեւած հակամարտությունից հետո հույզերի հանդարտվելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդուհանդերձ, Բաքվում եւ Երեւանում ունեցած իմ շփումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ գործընթացը շատ սահուն է ընթանում, եւ երկու կողմերն էլ լիովին հանձնառու են Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման ապահովմանը։
– Հաջորդ մարտահրավերը իրականացումն է։ Ինչպիսի՞ն պետք է լինի խաղաղությունը գործնականում՝ սահմանների, տրանսպորտի, առեւտրի, գերիների եւ անվտանգության տեսանկյունից։
– Այո, իհարկե, դեռեւս որոշակի մարտահրավերներ կան։ Կան գերիներ, որոնց հայկական կողմը ցանկանում է վերադարձնել Ադրբեջանից։ Այս հարցերի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրն ունի իր տեսակետը։
Կարծում եմ՝ իրավիճակի բարելավմանը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչին, իմ կարծիքով, վերջին շրջանում բավարար ուշադրություն չի դարձվել։ Դեռեւս 2022 թվականին կողմերը պայմանավորվել էին բացել սահմանները՝ սկզբնական փուլում նախատեսելով դիվանագիտական նպատակներով անցումների իրականացում։ Այդ պայմանավորվածությունը դեռեւս կյանքի չի կոչվել։ Մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, որպեսզի Հայաստանը առեւտրի համար եւս մեկ ուղի ունենա՝ ի լրումն Ռուսաստանի, Վրաստանի կամ Իրանի ուղղությամբ իրականացվող փոխադրումների։ Ուստի անհրաժեշտ է ապահովել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը։
– Դուք TRIPP-ը բնութագրում եք որպես տարածաշրջանի ապագայի համար առանցքային նշանակություն ունեցող նախաձեռնություն։ Առաջարկվող միջանցքը դուք հիմնականում որպես տնտեսական նախագի՞ծ եք դիտարկում, թե՞ որպես գործոն, որը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղության երաշխավորմանն ու պահպանմանը։ Եվ եթե TRIPP-ի իրականացումը ձգձգվի կամ քաղաքական պատճառներով արգելափակվի, կարո՞ղ է դա վտանգել խաղաղության գործընթացը։
– Որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու այն պետք է հետաձգվի։ TRIPP-ը շատ ավելին է, քան պարզապես տնտեսական նախագիծը։ Իհարկե, այն օգուտ կբերի երկու երկրների տնտեսություններին, սակայն միաժամանակ կամրապնդի դրանք եւ սերտորեն կկապի միմյանց՝ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նրանք հարեւաններ են, եւ նրանց միջեւ երկարատեւ պատմություն կա։ Դրա իրականացումը ժամանակ կպահանջի, սակայն ես խորապես համոզված եմ, որ երբ TRIPP-ը լիարժեք գործարկվի, Հարավային Կովկասի համար հսկայական հնարավորություններ կբացվեն։
Այս պահին Ադրբեջանը մեծ քանակությամբ գազ է մատակարարում Եվրոպային։ Այդ գազն արտահանվում է 16-17 երկիր։ Այն ապահովում է Իտալիայի բնական գազի պահանջարկի 25 տոկոսը։ Այսպիսով՝ արդեն իսկ զգալի զարգացումներ են տեղի ունենում։ Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի, երբ TRIPP միջանցքը լիարժեք գործարկվի։
– Մոսկվան սկսել է ավելի հաճախ քննադատել «Թրամփի ուղին»։ Վերջերս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը նշել էր, որ դրա իրականացումը կարող է թույլ տալ ԱՄՆ-ին զորքեր կամ հետախուզական կարողություններ տեղակայել Հայաստանում։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ պնդումներին։
– Սա որեւէ կապ չունի ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ։ Մենք արդեն իսկ զգալի ներկայություն ունենք Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայում, սակայն սա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման մասին է։
Դա դասական ռուսական ապատեղեկատվություն է։ Նրանք փորձում են ապակայունացնել Հայաստանը, որը ժողովրդավարական երկիր է եւ տարածաշրջանի ամենակայուն ժողովրդավարություններից մեկը։ Նրանք փորձում են վարկաբեկել Փաշինյանին բնակչության որոշակի հատվածի աչքում։
Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունն ավելի ուժեղ է, քան, ասենք, Կովկասի մյուս երկրներում, սակայն ռուսներին վստահել չի կարելի։ Ե՛վ ադրբեջանցիները, եւ՛ հայերը շատ ավելի կնախընտրեին գործընկերություն հաստատել ԱՄՆ-ի, քան Ռուսաստանի հետ. մենք շատ ավելի վստահելի ենք։ Հենց մենք ենք հնարավոր դարձնում խաղաղությունը։ Ռուսներն իրենց ազդեցությունն են ունեցել այդ երկրներում եւ հիասթափեցրել են երկուսին էլ։
– Համաձայնագրերի ստորագրումից բացի, ի՞նչը կարող է այս խաղաղությունն անշրջելի դարձնել։ Որո՞նք են այն հստակ պայմանները, որոնք ձեզ կհամոզեն, որ հակամարտությունն իսկապես մնացել է անցյալում։
– Այս պահին Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը կապահովի, որ մենք տեղեկացված լինենք երկու երկրներում տեղի ունեցող գործընթացներից։ Ընդ որում, Թրամփը հիանալի հարաբերություններ ունի թե՛ Ալիեւի, թե՛ Փաշինյանի հետ։ Եվ կարծում եմ, երբ TRIPP-ն իրականացվի, մենք այլեւս չենք խոսի պատերազմի մասին։
Մտածեք Հայաստանի եւ Թուրքիայի մասին։ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ արդեն իսկ թռիչքներ են իրականացվում, իսկ երբ սահմանը բացվի եւ հարաբերությունները կարգավորվեն, դա հսկայական նշանակություն կունենա։ Այսպիսով, մենք հաղթահարում ենք սերունդներ շարունակ կուտակված թշնամանքը, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանը, եւ գնում ենք դեպի նոր աշխարհի, որտեղ Հարավային Կովկասի ներուժի իրացումը նոր է սկսվում։
– Դուք տարածաշրջանում փոփոխվող հավասարակշռությունը բնութագրել եք որպես հնարավորություն բոլոր ներգրավված կողմերի համար։ Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ TRIPP-ը կարող են արմատապես փոխել Իրանի դերը կամ ակնկալիքները Հարավային Կովկասում։
– Այո՛, բայց իրանցիներն այժմ այնքան խնդիրներ ունեն, որ դժվար է հստակ ասել։ Մինչդեռ նրանց ազդեցությունը սահմանափակված չէ միայն Կովկասով. բավական է Մերձավոր Արեւելքին նայել ավելի լայն համատեքստում։ Լիբանանում նրանց ազդեցությունը թուլանում է, իսկ Սիրիայում՝ լիովին վերացել է։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ահա թե ինչու է TRIPP-ը չափազանց կարեւոր՝ Արեւմուտքի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի կապերի զարգացումը շարունակելու տեսանկյունից, որպեսզի նրանք այլեւս ստիպված չլինեն ապավինել իրանական ծագման ապրանքներին։
Ներկայում նրանք դեռ առեւտուր են անում Իրանի հետ։ Ես հասկանում եմ դա՝ չէ՞ որ Իրանը նրանց հարեւանն է։ Վստահեցնում եմ, որ ապագայում այդ առեւտուրն ավելի սահմանափակ բնույթ կկրի։ Ճիշտ ինչպես Ռուսաստանի դեպքում, որը վերջերս արգելափակել էր հայկական ապրանքների մեծ մասի մուտքը։ Այժմ տեսնում ենք, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը փորձում են հարմարվել այն նոր իրողությանը, որ Հարավային Կովկասը փոխվում է, սակայն նրանք նաեւ սեփական ներքին խնդիրներն ու հակամարտություններն ունեն։
– Հաշվի առնելով ԱՄՆ-ի ներգրավվածության այդ մակարդակը՝ ակնկալո՞ւմ եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ։
– Անշուշտ։ Կարծում եմ՝ կտեսնեք, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply