Ստեղծվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության թվային շտեմարան

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ներկայացվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման եւ հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը։ 

 

Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։

 

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո խաթարվեց նաեւ մշակութային ժառանգության բնական փոխանցման շարունակականությունը։ Բարբառը, բանահյուսությունը, ծեսերն ու սովորույթները, երգն ու երաժշտությունը, ավանդական գիտելիքն ու առօրյա մշակույթի բազմաթիվ դրսեւորումներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են իրենց բնական միջավայրում, այսօր պահպանման եւ փաստագրման առանձնահատուկ կարիք ունեն»,- ասվում է «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնության հաղորդագրությունում։

 

«Մեզ համար կարեւոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայանա իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանը ամեն բան իրար հետ կապված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները, եւ այստեղ Արցախի մշակույթը ներկայացվում է ոչ թե որպես անցյալի փակված պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ», – նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

 

«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի կառուցվածքը ձեւավորվել է՝ առաջնորդվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ոլորտներով։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքն ու արհեստները։ Հարթակը նաեւ թվային շտեմարան է՝ գրադարանով, տեսադարանով, պատկերադարանով, ձայնադարանով եւ բառարանով։

 

«Հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը վարում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն՝ ջնջելով հայկական հետքը Արցախում, այս հարթակով մենք կարողանում ենք ներկայացնել մեր հայրենիքը, որպեսզի Արցախի մասին խոսքը, Արցախի մասին յուրաքանչյուր էջ բաց լինի բոլորիս համար, եւ այդ էջը երբեք չփակվի», – ասել է հարթակի ստեղծման գիտական թիմի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Նախաձեռնության հեղինակները կոչ են անում արցախցիներին, հետազոտողներին եւ անձնական արխիվներ ունեցող ընտանիքներին կիսվել իրենց մոտ պահպանվող լուսանկարներով, տեսանյութերով, ձայնագրություններով, պատմություններով եւ այլ նյութերով՝ նպաստելով Արցախի մշակութային հիշողության պահպանմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *