Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ԵԱՏՄ-ի ու դրա անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում:
Բանակցային գործընթացը տևել է 3,5 տարի 5 փուլով: 2026 թվականի մայիսի 20-ին ԵԱՏՀ խորհուրդն ընդունել է համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիրը:
«Համաձայնագրով Ինդոնեզիան ԵԱՏՄ ապրանքների համար արտոնյալ հասանելիություն է ապահովում շուրջ 90 տոկոսի նկատմամբ, եթե նայենք անվանացանկի տեսանկյունից, և շուրջ 94 տոկոսի շուրջ, եթե նայենք առևտրի ծածկույթի տեսանկյունից:
ԵԱՏՄ երկրներն Ինդոնեզիային հասանելիություն են ապահովում անվանացանկի տեսանկյունից 90 տոկոսով, իսկ առևտրի [տեսանկյունից]՝ շուրջ 95 տոկոսի նկատմամբ»,- ասաց նա:
Հայաստանի կողմից հաստատված են հետևյալ գյուղատնտեսական ապրանքները՝ հանքային ջրեր, որոնց մասով մաքսատուրքը կնվազեցվի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, որոնց մասով 20 տոկոսից կնվազի մինչև 0 տոկոսի, մրգային հյութեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, ինչպես նաև ջեմեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի:
«Ֆիքսվել է նաև արդյունաբերական ապրանքների մասին արտադրանքի ցանկը: Պղնձի արտադրանքի մաքսատուրքը կնվազի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, դեղամիջոցների և ոսկերչական իրերի մաքսատուրքը 5 տոկոսից և 15 տոկոսից կնվազեցվի մինչև 0 տոկոսի՝ փուլային:
Այսպիսով՝ համաձայնագրի շրջանակում հայկական արտադրանքի համար ձևավորվում են ավելի բարենպաստ պայմաններ Ինդոնեզիայի շուկա մուտք գործելու համար, որը 290 մլն բնակչություն ունեցող շուկա է, իսկ ավելի լայն իմաստով՝ Հարավարևելյան Ասիայի շուկաներ»,- ասաց նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալը նկատեց՝ Հայաստանի արտահանումն Ինդոնեզիա փոքր է, բայց մաքսատուրքի նվազում ունեցող ապրանքների մասով արտահանման պոտենցիալը 450 մլն դոլար է:
Leave a Reply