Եվրոպական միության երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի մոտ 3 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Պատժամիջոցների ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 14-ին այս մասին հաղորդել է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ-ում իրենց անանուն դիվանագիտական աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ տարաձայնությունները ծագել են գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Սլովակիան պահանջել է նրանց հանել «սև ցուցակից», մինչդեռ ԵՄ անդամ երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին՝ պատճառաբանելով Ռուսաստանի կողմից «հիբրիդային պատերազմի աճող սպառնալիքը»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան առաջարկել է փոխզիջումային լուծում գտնել և ցուցակից հանել միայն Ուսմանովին։
Վեճի առարկա է դարձել նաև պատժամիջոցների երկարաձգման ժամկետը։ Սովորաբար դրանք երկարաձգվում են 6 ամսով, սակայն առաջարկ է եղել այսուհետ դրանք երկարաձգել 12 ամսով։ Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սլովակիան դեմ է արտահայտվել այս փոփոխությանը։
Leave a Reply