Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները» գիրքը Պետրոս Տեր-Մաթոսյանի եւ Էդիտա Գզոյանի խմբագրությամբ։
«Մենք համարում ենք, որ այս գիրքը վերջին տարիներին Հայոց ցեղասպանության մասին հրատարակված ամենակարեւոր աշխատություններից մեկն է», – նշել է Պետրոս Տեր-Մաթոսյանը։
«Այս 520 էջանոց աշխատությունը Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարների առաջին բազմակողմանի ուսումնասիրությունն է իր տեսակի մեջ։
Գիրքը ներկայացնում է այս ճամբարների ընկալման նոր տեսական եւ էմպիրիկ մոտեցումները՝ դրանք դնելով ավելի լայն գլոբալ համատեքստում։
Լուսանկարը` Bloomsbury
Աշխատանքը տեւել է երեք տարի։ Այդ ընթացքում Էդիտա Գզոյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ազատվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից՝ պատմական ճշմարտությունն ասելու համար։ Չնայած այդ ծանր փորձությանը, նա չհրաժարվեց նախագծից եւ շարունակեց աշխատանքը զարմանալի պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ եւ գիտական խստապահանջությամբ», – ասել է Պետրոս Տեր-Մաթոսյանը։
«Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները» գիրքը Bloomsbury հրատարակչության Armenians in the Modern and Early Modern World շարքի 16-րդ հատորն է։
«Ցեղասպանագիտության ոլորտի հետազոտությունները երկար ժամանակ շրջանցել կամ թերագնահատել են համակենտրոնացման ճամբարների թեման։ Այս գիրքը 1915-1916 թվականների սարսափները նորովի բացահայտելու հնարավորություն է տալիս:
Ցեղասպանության երկրորդ փուլ կոչվող ժամանակաշրջանը՝ 1915 թվականից հետո, երբ հայ զոհերի մեծամասնությունն արդեն տեղահանված էր սիրիական անապատներ եւ բանտարկված էր ճամբարներում, նախկինում երբեք այսքան մանրակրկիտ չի ուսումնասիրվել», – նշել է Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին։
Leave a Reply