Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրիին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:

«Ռուբեն Վարդանյան» հիմնադրամից հայտնել են, որ «Պատերազմ եւ խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է  սոցռեալիզմի հայ եւ ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից: 

 

Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված  են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին,  ներառում են  Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի եւ այլ նկարիչների գործեր։  Այդ աշխատանքները ցուցադրվել են  նաեւ արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

 

«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա կողմից նախաձեռնված Բարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման եւ ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։  Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից  ընտրված եւ թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը եւ կցուցադրվեն հանրությանը»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին:

 

«Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է այսպիսի հավաքածուով եւ շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ  նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարանում,  եւ առաջիկայում ցուցահանդեսի միջոցով հավաքածուն կներկայացնենք  քաղաքի արվեստասեր բնակչությանը, հովեկներին ու հյուրերին»,- նշել է  «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *