Կյանքում ամենահետաքրքիր երևույթներից մեկը այն մարդիկ են, որոնք իրենց նշանակությունը սեփական երևակայության մեջ այնքան են մեծացնում, որ վերջում սկսում են հավատալ՝ դու իրենց մասին մտածում ես։
Մի «ոչինչ» էլ, չգիտես ինչու, իրեն դրել է ինչ-որ մեկի տեղը և երևակայել, թե ես կարող եմ իր վրա ուշադրություն դարձնել։
Սիրելիս, մի փոքր հիասթափեցնեմ քեզ․ ոչ բոլոր մարդիկ են մեր կյանքի գլխավոր հերոսները։ Ոմանք նույնիսկ դերասան չեն, ուղղակի անցորդ են կադրում։
Հատկապես ծիծաղելի է, երբ այդ «մեծ դերը» կառուցվում է ուրիշների տարածած կեղծ խոսակցությունների վրա։
Մեկը մի բան է հորինում, մյուսը՝ ավելացնում, երրորդը՝ հավատում իր իսկ հորինածին, իսկ վերջում ինչ-որ մեկը որոշում է, որ այդ ամբողջ սցենարի պատճառով ես իրեն պիտի ուշադրություն դարձնեմ։
Չէ՛։
Իմ կյանքում այնքան իրական խնդիրներ, իրական մարդիկ, իրական պատասխանատվություններ ու իրական պայքարներ կան, որ հորինված սերիալների երկրորդական կերպարներին ժամանակ հատկացնելու շքեղությունը չունեմ։
Իսկ ամենազավեշտալին այն է, երբ մարդը նույնիսկ փորձում է իր երևակայությունը ներկայացնել որպես իրականություն։
Իբր ես իրենով հետաքրքրված եմ։
Իբր ինչ-որ մեկը ինչ-որ մեկից բաժանվում է իմ պատճառով։
Իբր տարիներով ապրած իմ կյանքը կարելի է մի քանի կեղծ պատմությամբ վերածել իրենց էժանագին սցենարի։
Տղաներ, աղջիկներ, սցենարիստներ ու ինքնահռչակ գլխավոր դերակատարներ՝ մի փոքր հանգստացեք։
Իմ կյանքը ձեր երևակայության սերիալը չէ։
Եվ մի շատ կարևոր բան էլ՝ եթե ես երբևէ ձեզ չեմ գրել, չեմ փնտրել, չեմ զանգել, չեմ հետաքրքրվել, չեմ էլ պատրաստվում դա անել, ապա դա ոչ թե «թաքնված հետաքրքրության» նշան է։
Դա պարզապես անտարբերության ամենապարզ ձևն է։
Ու վերջում՝ մի խորհուրդ նրանց, ովքեր իրենց գլխում ինձ հետ ամբողջ պատմություններ են ապրում․
Մի՛ խառնեք ձեր երևակայությունը իմ իրական կյանքի հետ։
Որովհետև այնտեղ, որտեղ դուք ձեզ գլխավոր դեր եք տվել, ես նույնիսկ դիտող չեմ։
Leave a Reply