Առիթներ ունեցել եմ գրելու, որ լրագրությունը սիրում եմ նաեւ այն պատճառով, որ հաճախ մի պատմությունից մեկ ուրիշն է ծնվում, որն էլ, իր հերթին, ժամանակի ընթացքում կարող է շատ անսպասելի դրսեւորումներ ստանալ:
2013 թվականին նախաձեռնել էինք «50 գլոբալ հայերը» շարքը եւ պատմում էին տարբեր երկրներում ապրող հայերի մասին, որոնք զգալի հաջողությունների են հասել գիտության եւ կրթության ոլորտներում: Հերոսներից մեկը մաթեմատիկոս Արթուր Պետրոսյանին, որն աշխատում էր ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Հրապարակումից մոտ 1.5 տարի անց նա նամակ էր գրել հոդվածի հեղինակ Արամ Արարատյանին՝ աելով, որ Բրազիլիայում ապրող իր զարմուհի Իզաբելլա Բաբլումյանը հետաքրքիր նախագիծ է անում եւ գուցե դա հետաքրքիր լինի Մեդիամաքսին:
Կապ հաստատեցինք Բելլայի հետ եւ տեղեկացանք, որ ինքն ու ընկերուհին պատրաստել են Armenia sings in our hearts («Հայաստանը երգում է մեր սրտերում») վավերագրական ֆիլմը: Այն պատմում է տարբեր հայկական համայնքներում ապրող երիտասարդների մասին, որոնք զբաղվում են հայկական երգով ու պարով: Նկարահանումները հիմնականում ավարտված էին եւ պետք էր միջոցներ գտնել հետարտադրական ծախսերը ապահովելու համար:
2015 թվականի գարնանը Բելլան եկել էր հայրենիք (նա ծնվել է Երեւանում): Որոշեցի ծանոթացնել նրան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի հետ՝ ապրիլին Երեւանում կայանալու էր առաջին մրցանակաբաշխությունը եւ կարծում էի, որ ֆիլմը կարող է ինչ-որ կերպ ինտեգրվել դրանում: Բավական երկար քննարկում էին հնարավոր համագործակցության եղանակները, բայց վերջում ինչ-որ բան չստացվեց:
Բելլան եւ իր ընկերները ֆիլմը թողարկեցին 2016 թվականին. այն կարող եք դիտել այս հղումով.
https://www.youtube.com/watch?v=-MV6owRtQLE
Գիտեի, որ Բելլան երգում է, բայց լսելու առիթ չէի ունեցել: Այս հոդվածը գրելիս փորփրեցի էլեկտրոնային փոստարկղս եւ գտա 2019 թվականի այս նամակը.
«Բարեւ Ձեզ, ինչպե՞ս եք: Ցանկացա տեղեկացնել, որ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ «Կռունկն» ենք ձայնագրել նոր գործիքավորմամբ»:
Նամակին կցված էր ձայնային ֆայլը, որը, ամենայն հավանականությամբ, լսելու ժամանակ չէի գտել, ինչի համար հիմա ամաչում եմ:
Դրանից հետո Բելլայից որեւէ լուր չունեի: Եվ մի քանի օր առաջ նամակ եմ ստանում New Album – Armenian Music with a Brazilian twist վերնագրով, որը Իզաբելլա Բաբլումյանը հասցեագրել էր իր ընկերներին եւ ծանոթներին:
Դրանում, մասնավորապես, ասված էր.
«Գրում եմ մի բան, որին ինքս դժվարությամբ եմ հավատում։ Իմ նոր ալբոմը՝ In Search of Home-ը, վերջապես թողարկվեց եւ հասանելի է Spotify-ում, Apple Music-ում ու իմ Յութուբյան ալիքում։
Շատ տարիներ են անցել այն օրվանից, երբ ավարտեցի այս երգերի ձայնագրությունը, բայց տարբեր հանգամանքներն անհնարին էին դարձրել ալբոմն ամբողջացնելը։
Երախտապարտ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհին։ Հուսով եմ՝ կվայելեք մեր ժողովրդական ու հոգեւոր հայկական երաժշտությունը (նաեւ երկու բրազիլական երգ), որոնք մատուցված են մի փոքր ժամանակակից, բրազիլական մեկնաբանությամբ: Սա իմ անձնական ճանապարհորդությունն է՝ հայրենիքի կարոտից մինչեւ մեր երաժշտության մեջ այնքան խորը արտացոլված նախնիների ցավը թեթեւացնելու փորձ»։

Իզաբելլա Բաբլումյանը
Բելլայի ալբոմը լսում էի վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալիս: Սեպտեմբերի սկզբին առավոտյան 06:00-ին Երեւանում արդեն բավական զով է ու այն, ինչ լսում էի ականջակալներում, կարծես, միաձուլվում էր սառը օդի հետ՝ յուրահատուկ ջինջ ընկալում ապահովելով: Հայկական ժողովրդական ու հոգեւոր երաժշտության գիտակ չեմ, բայց կարծում եմ, որ Բելլայի ալբոմն իսկապես նոր խոսք է այն մատուցելու առումով: Թող ձեզ չվախեցնի «բրազիլական մեկնաբանության» մասին հիշատակումը. չափազանց նրբանկատ ու ճաշակով է արված:
Անպայման լսեք. «Կռունկ», «Տեր Ողորմյա», «Սուրբ Սուրբ», «Սարեր հովին մեռնեմ»: Ալբոմի վերջին երգը «Էրեբունի-Երեւանն» է: Թվում է, այս ստեղծագործությունն այնքան են կատարել, որ այլեւս անհնար է նորովի մատուցել: Բայց Բելլային հաջողվել է: Իմ լսած ամենամտերմիկ «Էրեբունի-Երեւանն» է:

Ինչպես կարդացիք վերեւում, Բելլա Բաբլումյանի «Տան որոնումը» հեշտ ճակատագիր չի ունեցել: Բայց կարծում եմ, որ հատուկ խորհուրդ կա նրանում, որ այն մեզ հասանելի դարձավ հիմա, երբ փորձում ենք վերգտնել ինքներս մեզ:
Արդյո՞ք արժե տուն դառնալ այն ժամանակ, երբ տան հիմքերը խարխլված են: Հեռավոր Բրազիլիայում ապրող Բելլան այդ հարցին միանշանակ է պատասխանել:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Leave a Reply