Գիլանը՝ Բլեքմորի հետ վերամիավորման մասին. «Մոգական մի բան էր»

Written by

in

Joann Butler In Studio With… ալիքին տված հարցազրույցում Իեն Գիլանը պատմել է Ռիչի Բլեքմորի հետ պատմական վերամիավորման մասին, որը 33 տարվա դադարից հետո տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի 12-իմ Ուոնթագում (Նյու Յորք նահանգ) Deep Purple-ի համերգին:

 

81-ամյա կիթառահարը, որը Deep Purple-ի հետ վերջին անգամ ելույթ էր ունեցել 1993 թվականին, բեմ բարձրացավ՝ խմբի հետ միասին կատարելու պաշտամունքային դարձած «Smoke On The Water» հիթը:

 

https://www.youtube.com/watch?v=2bpND7Lw6nI

 

«Հրաշալի էր: Պարզապես ֆանտաստիկ», – ասել է Գիլանը:

 

«Մենք Ռիչիի հետ կապի մեջ ենք արդեն մի քանի տարի: Ուոնթագի համերգից մի քանի օր առաջ նա ինձ մի ջերմ նամակ գրեց. «Ի՞նչ կասես, թե դուրս գամ ձեզ հետ բեմ ու Smoke-ը նվագենք»։ Լայն ժպտացի ու գրեցի. «Իհարկե՛, հիանալի կլինի: Հոյակա՛պ կլինի»:

 

Երբ նա բարձրացավ բեմ, մոգական մի բան էր: Մենք մեր միջեւ վաղուց արդեն ամեն ինչ հարթել էինք: Բայց, իհարկե, ոչ բոլորը գիտեին դրա մասին: Այնպես որ, զարմանալիորեն ջերմ զգացողություն էր: Իսկ հետո մենք ետնաբեմում՝ հանդերձարանում, մի-մի գավաթ խմեցինք: Կարծեմ՝ նա տուն գնաց թեթեւակի գինովցած:

 

Կյանքն անցնում է այնքան տարբեր փուլերով, որ չի կարելի թույլ տալ, որ հին խնդիրները անվերջ ձգվեն:

 

Մենք բոլորս անցել ենք դրա միջով: Մեզանից շատերի մոտ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է՝ The Beatles-ի ու շատ-շատ ուրիշների մոտ: Երբ 18-20 տարեկան չորս-հինգ տղա խումբ են հավաքում ու սկսում շրջագայել աշխարհով մեկ, նրանց միջեւ ձեւավորվում է իսկական եղբայրություն, միասնություն, որը նրանց գրեթե անբաժանելի է դարձնում, հսկայական ուժ է հաղորդում ու ընդհանուր ինքնություն կերտում:

 

 

https://www.youtube.com/watch?v=Ah7QJAl-ziY

Բայց երբ ամեն ինչ սկսում է ընդլայնվել, դուք սկսում եք առնչվել իրական, մեծ աշխարհի հետ, եւ ասպարեզ են գալիս բազմաթիվ կողմնակի գործոններ: Իսկ մարդկային քիմիան բոլոր գիտություններից ամենաբարդն է, այստեղ նախապես ոչինչ չես կանխատեսի: Դուք երիտասարդ եք ու չեք տեսնում, թե ինչ է գալու ձեր գլխին, իսկ հետո հանկարծ ստիպված եք լինում բախվել բաների, որոնց նախկինում երբեք չեք առնչվել: Այնպես որ, այո՛, պատահում է, որ ամեն ինչ թարս է գնում: Բայց դա չի նշանակում, որ հավերժ պետք է այդպես մնա: Տարիներ են անցնում, եւ այդ ամենը մնում է անցյալում»:

Իեն Գիլանը եւ Ռիչի Բլեքմորը Իեն Գիլանը եւ Ռիչի Բլեքմորը

Լուսանկարը` Cimi Mezzano

Համերգից մի քանի օր անց Բլեքմորը պատմել էր Guitar Player ամսագրին.

 

«Դա շատ հուզիչ էր: Ես բեմ բարձրացա գրեթե առանց նախապատրաստվելու, անգամ մատներս կարգին տաքացնել չհասցրեցի: Բայց ես այնտեղ էի ոչ թե անթերի նվագելու համար: Այնտեղ էի, որպեսզի տեսնեմ հին ընկերներիս, որոնց չէի տեսել գրեթե քառասուն տարի: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ, հնարավոր է, դա մեր վերջին հանդիպումն էր:

 

Տեխնիկապես բարդ ոչինչ վաղուց չէի նվագել եւ որոշեցի, որ ավելի լավ է հավատարիմ մնալ ամենապարզ սցենարին: Ինչ-որ պահի միեւնույն է սխալվեցի, բայց դե ոչինչ: Այնտեղ էի՝ հին վերքերը բուժելու համար, բայց պարզվեց, որ ոչ մի վերք էլ չէր մնացել: Բոլորն իրենց այնպես էին պահում, ասես ողջ կյանքում միասին նույն ճակատում ծառայած լինեինք ու հիմա վերջապես նորից հավաքվել էինք: Շատ հուզիչ էր»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *